Հայրենասիրությունը «մեյք ափ» չէ, Շուշան

Հայրենասիրությունը «մեյք ափ» չէ, Շուշան
Շուշան Պետրոսյանի վերջին շրջանի վարքագիծը, անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է: Այնպիսի տպավորություն է, թե հայրենասիրությունը դարձրել է «մեյք ափ», ու փորձում է թաքնվել դրա տակ: Այդպես չի լինում: Եթե արվեստի մարդ Շուշան Պետրոսյանի նման վարքագիծը գուցեեւ հանդուրժելի է, ապա Հանրապետական կուսակցության անդամ նույն կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած, նույն կուսակցության պառլամենտական խմբակցության մաս կազմող, քաղաքական գործչի հայտ ներկայացրած Շուշան Պետրոսյանի նման վարքագիծը կարող է ի վերջո բերել հենց Հանրապետական կուսակցության մեջ դժգոհության առաջացման՝ մի շատ պարզ պատճառով. էքսցենտրիկ պոռթկումները կարող են հանդուրժելի լինել մեկ, երկու, առավելագույնը հինգ կամ տասն անգամ, սակայն չեն կարող հանդուրժվել հավերժ:



Ու այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ հենց Հանրապետականի ներսում դժգոհությունն այնքան կաճի, որ ներկուսակցական հայտնի խողովակներով կհասկացնեն արժանահարգ տիկնոջը, որ առհասարակ մամուլի հետ չշփվի: Հանրապետականը նման փորձ ունի` Մհեր Սեդրակյանից մինչեւ Լեւոն Իգիթյան: Ու այստեղ արդեն Հանրապետության նախագահի հետ առանձնազրույցները, նույնիսկ մեծանուն քեռու` Տիգրան Մանսուրյանի բարեխոսությունները կարող են չազդել, քանի որ ճիշտ է Կրեմլի մեկն է, սակայն այն ունի բազում աշտարակներ եւ Կրեմլի պաշտպանության ղեկին կանգնածը բոլոր աշտարակներում եղածների կարծիքի հետ հաշվի պետք է նստի, որպեսզի Կրեմլը լինի ամուր եւ անառիկ:



Հայրենասիրությունը «մեք ափ» չէ, եւ ոչ էլ դիվանագիտական իմունիտետին համազոր գործիք, այն աջ ու ձախ գործադրելու եւ զոռբայությանը հավասար նպատակին հասնելու միջոց օգտագործելու համար: Հայրենասիրությունն ամեն անգամ բռնաբարվում ու պատվազրկվում է երբ այն շահարկվում է, երբ վերածվում է էժանագին, դեռահասության տարիքին համապատասխան պաթոսախառն դպրոցական շարադրությանը համարժեք տեքստի: Հայրենասիրությունն անշուշտ վեհանում, սչանքանում ու պանծանում է, երբ սրտից բխած ապրումն ու աստվածատուր ձայնը միախառնվում են իրար եւ դառնում հոգու ճիչ` երգի տեսքով տարածվելով օդում, թեւածելով դեպի վեր ու հասնելով մինչեւ տիեզերք: Շուշանը հենց այդպիսին էր, տիեզերք հասցվող հայրենասիրական հոգու ճիչով, սակայն երբ դեռ միայն արվեստին էր ծառայում եւ պատկերավոր ասած` ժողովրդի սեփականությունն էր, քանզի ժողովրդի ծոցից ելած երկու արվեստակիր գերդաստանների գենն էր միավորում իր մեջ: Ու Շուշանը դադարեց լինել ժողովրդինը, երբ դադարեց միայն արվեստին ծառայելուց եւ Հայ զուլալ ու ջինջ երգն ու երաժշտությունը փոխեց ԱԺ ոչ այնքան բարեհամբավ պատգամավորական մանդատով: Երեւի հասկացավ Շուշանը, որ կորցրածն ավելին է, քան ստացածը ու որոշեց, որ հայրենասիրությունը «մեյք ափ» դարձնելով, կարելի է ինքնապաշտպանվել: Այդպես չի լինում: Հայրենասիրության մասին:



Որեւէ ՀՀ քաղաքացի, շատ ավելի արժանավոր հայրենասեր է, քան Շուշանը, եթե ժամանակին վճարում է հարկերը, հարգում ու պահում է պետության օրենքները եւ ապրում է ընդունված հանրային բարոյական դրվածքին համապատասխան` անկախ նրանից, որ բանակաշինությամբ չի զբաղվում, ազգ-տուֆ կոնցեպտ չի զարգացնում եւ այսպես շարունակ եւ որ ամենից կարեւորն է` արածը չի շրխկացնում ամեն պատեհ-անպատեհ առիթի` սրա-նրա ճակատին: Այսքանը կարծես թե բավական է, որ հասկացվի թացն ու չորը: Բանակի մասին: Հայաստանի պետական բյուջեի, իմ, քո եւ եւս հարյուր հազարավոր մարդկանց տված հարկերի կեսից ավելին ուղղվում է բանակին: Դա արդեն բավական է: Դրանից ավելին արդեն «հարամ» է, չասելու համար փարիսեցիություն կամ քաղքենիություն: Իսկ եթե այդքան շատ է բանակին օգտակար լինելու ցանկությունը, ապա դա պետք է արվի լուռ, սուսուփուս, առանց ավելորդ «փի առ»-ի, հայտնի բարի սամարացու նման, ով իր ճանապարհին հանդիպած վիրավորին խնամեց, վերքերը կապեց, ապահով ապաստանում տեղավորեց, սակայն երբեք այդ մասին չբարձրաձայնեց: Այդպես ավելի լավ է եւ վայելուչ:



**Տիգրան Վահանե**