Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ակտիվիստների հետ՝ քննարկելու անելիքները

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ակտիվիստների հետ՝ քննարկելու անելիքները
Օրերս քաղաքացիական ակտիվիստները ֆեյսբուքում արձագանքել էին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է «գործուղվել» Ազատության հրապարակ:



Արամ Մանուկյանը ՖԲ էջում գրել էր՝ առաջարկելով, որպեսզի Փաշինյանը հանդիպում ունենա քաղհասարակության հետ, խոսի առաջիկա անելիքների մասին: «Չգիտեմ ոնց կընդունվի, բայց ես բաց առաջարկ եմ անում Նիկոլ Փաշինյանին: Կազմակերպի հանդիպում քաղակտիվի հետ, ինչու չէ ՝ որոշ փակագծեր բացի, շատ հնարավոր է շատերս մասնակցենք էն ամենին, ինչ պատրաստվում է անել»,- գրել էր Մանուկյանը։



Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը արձագանքել է եւ առաջարկել հանդիպել մարտի 5֊ին. «Հարգելի Արամ Մանուկյան․ շատ լավ առաջարկ եք արել։ Ձեզ եւ բոլոր քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում եմ հանդիպման մարտի 5-ին՝ ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում՝ Սպենդիարյանի արձանի մոտ։ Հույս ունեմ՝ հարմար է։ Նախապես շնորհակալ եմ»։



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է, եւ ինքն այդ առումով անելիք ունի: