Երուսաղեմում ծեծկռտուք հայ և հույն հոգևորականների միջև

Երուսաղեմում ծեծկռտուք հայ և հույն հոգևորականների միջև
Միջազգային լրահոսի առաջին սյունյակներում հայտնված թեման Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռների փակվելն է՝ այն ղեկավարող քրիստոնեական երեք եկեղեցիների`Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևոր պետերի որոշմամբ, մինչև իրենց պահանջների բավարարում: «Քանի որ պահանջները բավարարված չեն, որոշվեց, որ բողոքի գործողությունը պետք է շարունակել և Հարության տաճարի դուռը փակ պահել և պատրաստել ու բաժանել թռուցիկներ տաճար այցելող ուխտավորներին ու զբոսաշրջիկներին` բացատրելու, թե ինչու համար է տաճարը փակ»,-«Հրապարակին»,-հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Իսկ թռուցիկներ բաժանելու որոշումը կայացվել է, քանի որ կիրակի օրվանից ստիպված են եղել հարյուրավոր կլիոմետրեր կտրած տասնյակ հարյուրավոր ուխտավորների, հավատացյալների բացատրել, թե ինչու են տաճարի դռները փակ: Հիշեցնեք, որ բողոքի գործողության առաջին պատճառը Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումն է, որով եկեղեցիներն ու վանքերը հետայսու պետք է հարկ վճարեն` խախտելով քրիստոնեական եկեղեցիներին հարկերից ազատելու դարավոր ավանդույթը: Իսկ մյուս պատճառը Քնեսեթում քննարկվող նախագիծն է, որը հնարավորություն կտա բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը:



Մյուս պահանջն այն է, որ այդ նախագիծը հետ կանչվի: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետի տեղակացմամբ` քաղաքապետը մեկնաբանել է, թե որոշումը վերաբերելու է միայն եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներին, ոչ թե եկեղեցիներին ու վանքերին: Սակայն հույն, հայ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը գտել են, որ սա խաբկանք է, հետևաբար, բողոքը շարունակվելու է, քանի դեռ երկու նախագծերը չեն չեղարկվել: Եթե անգամ տաճարի դռների փակ մնալը համընկնի քրիստոնեական գլխավոր տոներից մեկին` Զատկին: Իհարկե, Սուրբ Հարության տոնի հարցն առանձին չի քննարկվել, այլ պահանջներ չեն ավելացել, չեն` պակասել: Համարվում է, որ Երուսաղեմի հին քաղաքում գտնվող Սուրբ Հարության տաճարը կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել:



Վանական համալիրի Անաստասիս կոչված «հարություն» շրջանաձև տաճար-դամբարանի կենտրոնում եղել է Տիրոջ գերեզմանը: Սուրբ Հարության տաճարը, որը ուխատեղի է քրիստոնյաների համար (այստեղ օրական հարյուրավոր հաշմանդամներ ու թշվառներ են գալիս հրաշքի համար) բաժանված է քրիստոնեականnն 6 եկեղեցիների միջև` ուղղափառ հունական, կաթոլիկ, հայկական, ղպտիական, ասորական և եթովպիական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքը և աղոթքի ժամերը: Այսպես` ֆրանցիսկյանների եկեղեցին և խորանը պատկանում են սուրբ Ֆրանցիսկոսի կաթոլիկ օրդենին, Ելենայի տաճարն ու «Երեք Մարիամներ» հատվածը` Հայ առաքելական եկեղեցուն, սուրբ Հովսեփ Արիմաֆեյցու գերեզմանն ու Տիրոջ գերեզմանի արևմտյան մասի խորանը`ղպտի ուղղափառ եկեղեցուն: Գողգոթայի, Կաֆոլիկոնի վերահսկողությունը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն, իսկ Տիրոջ դամբարանը մի քանիսի հսկողության ներքո է գտնվում. այնտեղ պատարագ են մատուցում ուղղափառները (գիշերվա ժամը 1-ին), հայերը (առավոտյան ժամը 4-ին), կաթոլիկները (առավոտվա 6-ից մինչև 9-ը):



Ինչպես հիշում ենք` տաճարի բաժանումը հաճախ ընդհարումների ու վեճերի առիթ է դառնում վերահսկողություն ունեցող եկեղեցիների հոգևորականների միջև: Հիշենք` վերջին տարիների հայ և հույն հոգևորականների միջև պարբերական դարձած ծեծկռտուքները հայերի այն պնդման պատճառով, թե հույն հոգևորականներն իրավունք չունեն հայկական արարողության ժամանակ գերեզմանի մոտ կանգնեցնել իրենց վանականին: Իսկ հույներն էլ պնդում են, թե հայ հոգևորականները խախտում են սրբավայրի ներսում գտնվելու իրենց իրավունքը: Ինչևէ, այս անգամ հայերը, հույները և կաթոլիկ հոգևորականները միակություն են դրսևորում: Կորյուն վարդապետ Բաղդասարյանը միանշանակ գնահատում է, որ այս օրենքի նախագծի գործողությունն ու քաղաքապետարանի որոշումը միանշանակ ունեն քաղաքական նպատակներ, ինչի համար դիմել են անգամ տաճարի դռները փակելու, ինչպես ինքը գնահատեց` պատմական քայլին:



**Անի Բաղդասարյան**