Ոստիկանության համար միշտ փող կա, իսկ բանակի համար՝ ոչ

Ոստիկանության համար միշտ փող կա, իսկ բանակի համար՝ ոչ

Ես գիտեմ, որ ընկերներից շատերն արդեն ձանձրացել ու զզվել են բարեգործության մասին բանավեճերից, բայց նույնիսկ ձանձրույթի այդ համատեքստում բազմաթիվ հարցեր են հնչում, որոնք անշուշտ պետք է գտնեն իրենց պատասխանները: Չփորձելով հանդես գալ բացարձակ ճշմարտության դիրքերից՝ այնուամենայնիվ, հայցում եմ ձեր ներողամտությունը խնդրո առարկան այսքան ծամծմելու համար:

Սկսենք նրանից, որ «Ազգ-լվացքի մեքենա» նախաձեռնությունը քննարկվող բուն հիմնախնդրի միայն փոքրիկ դրսևորումներից մեկն է, որի շուրջ ձևավորված աղմուկը պատճառ դարձավ հարցի ավելի լայնմաշտաբ քննարկման համար: Նմանատիպ աղմուկ բարձրացել էր նաև շաբաթներ առաջ՝ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ակցիայի հետ կապված: Այսինքն այս երկուսը փոքրիկ դրսևորումներ են, որոնք մաս են կազմում մեկ ընդհանուր հիմնախնդրի, որը շատ ավելի խորքային է ու առավել լայն տարածություն է ընդգրկում:

Խոսքը պետության և սոցիումի ու դրանց կամրջող արժեքային միջավայրի մասին է: Միջավայր, որը մեր համակեցական գոյակցության առաջնային հիմնադրույթներից մեկն է: Արդյո՞ք արժեքային միջավայրը սոցիալական է: Այս հարցը չափազանց կարևոր է և եթե պարզվի, որ իրականում հակասոցիալական է, ապա սոցիումն ու պետության գաղափարը միավորվելու որևէ հեռանկար չունեն: Անկախությունն ու պետությունը ինքնանպատակներ չեն, այլ՝ միջոցներ: Անհատի ճանաչողությունը պետության գաղափարը լիարժեք կերպով ընկալում է այն ժամանակ, երբ վերջինս նրա համար սոցիալական տիրույթ է ապահովում: Սոցիալական տիրույթն այդ անպայման պետք է համապատասխանի պետության սահմանած խաղի կանոններին, հակառակ դեպքում քաղաքացին իրեն այլևս չի ասոցացնի այդ պետության հետ: Ասվածի վառ օրինակը տեսնում ենք այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիները, հատկապես գյուղացիները իրենց ավելի շատ ասոցացնում են ՌԴ-ի հետ, քան՝ ՀՀ-ի: Այսինքն Հայաստանն իր քաղաքացիների համար սոցիալական համակեցության պլացդարմ չի սահմանել: Մարդիկ էլ արտագաղթում են, Պուտինին են սիրում, փառաբանում և այսպես շարունակ:

Օրինակ Հրանտ Տեր-Աբրահամյանն այս պարզ օրինաչափությունը չի փորձում տեսնել: Նա անկախությունը փորձում է պաշտպանել անդեմ ու աննշան սիմվոլների միջոցով, որոնք են՝ արձանները: Ո՛չՙ հարգելի ընկերներ, Հայաստանի անկախությունը արձաններով պաշտպանել հնարավոր չէ: Լա՛վ անցնենք առաջ:

Պետությունը սոցիալական համակեցության միակ ու բացառիկ սաղմնավորողն ու ձևավորողը չէ: Այդ խնդիրը կարելի է լուծել նաև առանց պետության, պարզապես խոսքն արդեն բոլորովին այլ համակեցության մասին կլինի: Օրինակ՝ 19-րդ դարի պետականզուրկ հայ հանրույթը: Փակ կրոնաէթնիկական մի զանգված, որն ուներ սոցիումի իր խաղի կանոնները: Ինչպե՞ս էր գոյատևում և վերարտադրվում այդ սոցիումը: Կրոնի, լեզվի, ավանդույթի, ադաթի և այլ համապատասխան գործիքների արդյունավետ ներգործությամբ և ուժով: Սա փակ հանրույթ էր, դրան բնորոշ էր կլանային աշխարհայացքը, ծանոթ-բարեկամ փոխհարաբերությունները և իրար օգնելու, ձեռք բռնելու ադաթները: Դե Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետության ներքո հայրենակիցները իրար պետք է օգնեին, դրամահավաքներ կազմակերպեին, առավել հարուստները նվիրատվություններ ու բարոգործություններ իրականացնեին: Ընկերներ ամենն այս ավելի քան օրինաչափ է: Միայն այն օրինաչափ չէ, որ բարեգործներն ազատագրական պայքարի համարի փող չէին տալիս, չգիտես ինչու եկեղեցիներ էին կառուցում: Բայց սա լրիվ այլ օպերա է: Միայն նշենք, որ գյուղացիներն իրենց պարտքն էին համարում ամեն ինչով օգնել, աջակցել հայդուկներին: Նրանք մարդկանց համար իսկապես որպես հերոսներ էին դիտարկվում և հայ ռամիկն իր վերջին հաց ու պանիրը նվիրագործում էր ազատագրական պայքարին:

Լավ, շատ կոպիտ նկարագրությամբ մոտավորապես փորձեցինք պատկերացնել, թե սոցիալական ինչպիսի աշխարհում էր ապրում հայը 19-րդ դարում: Հիմա 21-րդ դարն է: Անկախություն, պետություն, պետական ինստիտուտներ, համակարգեր: Կան չէ՞ այս բոլորը: Եթե կան, ապա դրանց ներգործությունը պետք է նպաստի բոլորովին այլ սոցիալական միջավայրի ձևավորվան համար, այլ ոչ թե վերցնել ու 19-րդ դարի պարզ կենցաղայինը 21-րդ դարում ներդնելու և գործարկելու անհույս փորձեր անել:

Ծավալված բանավեճի տիրույթում քննադատության է ենթարկվել ոչ թե օգնելու պարզ երևույթը, այլ՝ բարեգործությանը պետական ինտիտուտի կարգավիճակ տալը, ավելին՝ կոմպետենտ պետական կառույցների լիազորությունները այդ գործիքի հույսին թողնելը: 

Բարեգործության հիմքում պետք է կամավորությունն ու տարերայնությունը լինեն: Հայկական միջավայրում, ընդհակառակը՝ դրան շնորհվել է համակարգային բովանդակություն և բոլորն իրենց կամքից անկախ հայտնվել են այդ համակարգի մեջ: Այսինքն՝ 19-րդ դարի պետականզրկված հանրույթին բնորոշ պրակտիկան ներդրվում է պետություն ունեցող սոցիումի մեջ:

Մեծ հաշվով բարեգործությունը պետական քաղաքականության կարգավիճակ է ստացել: Այնպիսի տպավորություն է, որ այս պետությունը կառուցվել ու կառուցվում է բարեգործների հաշվին: Ճանապարհներ, շենքեր, հիվանդանոցներ, այս ամենին էլ ավելացել է բանակը:

Անհատ բարեգործները քիչ էին, հիմա էլ ամբողջ ազգին են փորձում բերեգործ դարձնել: Իսկ ո՞րն է այս ամենի բուն էությունը:

«Ազգ-բանակ» կոնցեպտը ստեղծված է իշխանությունների ձախողված քաղաքանության համար այլընտրանք դառնալու համար: Այսինքն՝ կոռուպցիան արմատախիլ անելու և հզոր էկոնոմիկա ստեղծելու փոխարեն իշխանությունները շարժվում են դրամաշորթության ճանապարհով, որպեսզի մի կողմից կարողանան հոգալ բանակի կարիքները, իսկ մյուս կողմից նաև աղքատ բնակչությանը դարձնեն էլ ավելի վերահսկելի: Վերահսկելի այն առումով, որ այդ Ազգ-բանակ կոչվող դրամաշորթության հիմքում հայրենասիրական պոպուլիզմն ու դեմագոգիան են, ինչպես նաև՝ կրոնական ֆունդամենտալիզմը: Վերոհիշյալ համակարգերն իրենց էությամբ գոնե գաղափարական տիրույթում ամբողջատիրական են և ով փորձի իրեն դուրս դնել սահմանված խաղի կանոններից, ապա անարյուն ինկվիզիցիան գործի կդրվի և վերստին կսկսի վհուկների տենդագին որսը:

Չփորձելով որևէ կերպ շեշտադրել անձիս կարևորությունը, միայն նշեմ, որ ասվածի վառ ապացույցը իմ օրինակն է: Ո՞վ եմ ես լայն զանգվածների համար: Բանակի դեմ գործ անող, գրանտակեր, ապազագային, անհայրենիք, անաստված և այսպես շարունակ:

Դրամաշորթության համար ստեղծված Ազգ-բանակ կոնցեպտը վերջնականապես ծառայեցվում է Հայաստանի քաղաքական համակարգը ոչնչացնելու համար: Բանակապաշտության ֆոնին կառուցվող պոպուլիզմը թույլ չի տալու որևէ այլ բանական քաղաքական միտք շրջանառել: Սա սպառնում է բոլոր այն ուժերին, որոնք պայքարում են ՀՀԿ-ի դեմ և իշխանություն վերցնելու հավակնություն ունեն:

Բանակը գործնական տեսանկյունից ապահովում է հանրապետության արտաքին սահմանների անվտանգությունը, իսկ գաղափարական տեսանկյունից ուղղված է հանրության դեմ: Այո՛, որքան էլ զարմանալի չթվա, բայց բանակը գործում է նաև հանրության դեմ և այդ կարգավիճակը նրան շնորհել են իշխանությունները: Այլ խոսքով ասած իշխանությունները «Ազգ-բանակ»-ի դրոշի ներքո բանակն օգտագործում են ժողովրդի դեմ՝ դրան տալով գաղափարական բութ գործիքի կարգավիճակ:

Բանակային փիլիսոփայությունը դուրս է եկել զորամասերի պարիսպներից այն կողմ և աստիճանաբար ներծծվում է շրջակա միջավայրում՝ ձևախեղելով համակեցության սոցիալական ինստիտուտները: Այսինքն՝ պետությունը միլիտարիզացվում է, իսկ դրան զուգընթաց՝ նաև կրոնականացվում, ինչն էլ ավելի է խճճում ու բարդացնում իրավիճակը:

Օրինակ շատ-շատերը Հրանտ Տեր-Աբրահամյանի գլխավորությամբ պետության առաջնային, առօրեական խնդիրները մի կողմ դրած պնդում են գերհզոր բանակ ունենալու հրամայականի մասին: Ճիշտն ասած ես այն մարդկանց ցանկում չեմ, որոնք պնդում են, թե բանակ պետք չէ, ինձ համար այն սովորական ինստիտուտ է, ինչպես բոլոր մյուս ինստիտուտները: Բայց բանակապաշտները չեն հասկանում, որ առանց քաղաքական կենսունակ համակարգի այդ բանակը բանի պետք չէ, առանց քաղաքականության այն երկար կյանք չունի, որքան էլ ֆանատիզմի հիմքերի վրա դրված լինի: Առանց տնտեսության և սոցիալական արդարության գիտակցության այդ բանակը դատապարտված է կազմաքանդման: Էս վերջին տողը ընդունեք որպես ի գիտություն, քանի որ հարյուր տարի հետո մեր սերունդները հարցնելու են, թե ինչու՞ հայերը չհասան Մարս, այլ դրա փոխարեն նոր ցեղասպանության ենթարկվեցին: Ոչինչ, դեռ մի քանի տարի էլ հայ զինվորի ամուր ոգի խաղացրեք, արձաններով պայքարեք լուրջ պետությունների դեմ:

Եվ այսպես. Իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարելու, խնայողություններ իրականացնելու և պետությանը բնորոշ սոցիալական համակեցություն ստեղծելու փոխարեն շարժվում են 19-րդ դարի պրակտիկայով: Քաղաքացիներին կրոնաէթնիկական բազմության կարգավիճակ են շնորհում և առաջնորդվում դրան բնորոշ խաղի կանոններով: Դրա գործիքակազմի առաջնային մեխանիզմներից մեկը բերագործության փիլիսոփայությունն է:

Իրենց անվտանգության և շարունակականության երաշխավոր, մահակի կարգավիճակ ունեցող ոստիկանության թվաքանակը հրաժարվում են կրճատել, ոստիկանության համար միշտ փող կա, իսկ բանակի համար քաղաքացիները կվճարեն, որովհետև Ազգ-բանակն է թևածում հայոց երկնակամարում: Ի դեպ այս փոքրիկ երկրում ոստիկանների թիվը մի փոքր է զիջում ՊԲ զորքերի թվին:

Այս երկարաշունչ տեքստը գրեցի Էդգար Էլբակյանի հորդորով, քանի որ կային անպատասխան հարցեր: Վստահ եմ, ինչ-որ զանգվածի համար ասվածը դիտարկվելու է որպես մարգինալ, ծայրահեղ հետադիմական, դավադիր ինչ-որ գրվածք: Դե այդ զանգվածի էությունն է այդպիսին, իրենց հակառակ ցանկացած տեսակետ մարգինալ է ու ժամանակավրեպ: Իրենք իրենց էլ ռեժիմի ստրուկ են անվանում:

Էդգար ջան, սա էր ամբողջ խնդիրը: Արթուր Դանիելյանն ու Քեմբրիջից ժամանած մեր երիտասարդը այս հարցում ընդամենը չորրորդական կարևորություն էին զբաղեցնում: