Եթե մենք ժամանակին գործադուլ անեինք, չէինք ունենա Արամ Սիմոնյան և Լևոն Մկրտչյան

Եթե մենք ժամանակին գործադուլ անեինք, չէինք ունենա Արամ Սիմոնյան և Լևոն Մկրտչյան
Երեկ տեղի ունեցավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկումը։ Հանդիպման ընթացքում խոսեցին պայքարը ընդլայնելու մասին․ «Հայաստանում գիտություն չկա, հիմա մենք պետք է պայքարենք ոչ թե գիտության զարգացման, այլ դրա ստեղծման համար, միայն մի քանի ճյուղեր կան, որտեղ քայլեր են արվում։ Մի քանի տարի առաջ տարկետման ևս մի ձև կար․ գնում էին սահմանամերձ գյուղեր դասավադելու, էտ ծրագիրը հանեցին, պետք է նաև կլոր սեղանի ժամանակ խոսել այս հարցերի մասին, քանի որ սահմանամերձ գյուղերում հիմա ուսուցիչների պակաս կա»,- առաջարկեց մասնակիցներից մեկը։ Այս նկատառմանն ի պատասխան՝ նախաձեռնության համակարգողները հակափաստարկ բերեցին․ «Մենք Ձեզ հետ այնքան էլ համամիտ չենք, Հայաստանում գիտություն կա և այն պետք է զարգանա, ուղղակի մենք մի խնդիր ունենք, երբ ասում ենք գիտություն, հասկանում ենք միայն Գիտությունների ազգային ակադեմիան, բայց մենք շատ լավ գիտնականներ ունենք»,- ասաց նախաձեռնության համակարգողներից մեկը։ Մասնակիցներից մեկը կարծիք հայտնեց, որ կլոր սեղանի ձևաչափը սխալ է, քանի որ այդ ձևաչափով քննարկումները իրականացվում են հավասար կարգավիճակի մարդկանց միջև, իսկ ուսանողները որպես խնդրատու են ներկայանում։ Խոսվել է նաև պայքարի հեռանկարների մասին․ մասնակիցներից մեկի պնդմամբ՝ եթե օրինագիծը արդեն ընդունվել է, ուրեմն նոր մոտեցումներ պետք է ցուցաբերվեն։ «Օրինագիծը արդեն Աժ-ի կողմից ընդունվել է, իսկ մեր երկրում մենք գիտենք, որ ընդուված օրենքները չեն փոխվում, դրա համար առաջարկում եմ այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնք քիչ թե շատ ընդունելի կլինեն կառավարության համար։ Օրինակ՝ առաջարկում եմ, որ գիտական վաշտեր, կամ գումարտակներ բացվեն, որտեղ մարդիկ կկարողանան գիտությամբ զբաղվել»,- ասաց մասնակիցներից մեկը։



Այս դիրքորոշմանը հակադարձեց մեկ այլ մասնակից․ «Բանակի մասին քննադատություններ շատ են եղել, բարձրաստիճան պաշտոնյաները, գումար են վճարում ու իրենց տղաներին ազատում են, այսինքն չեն վստահում բանակին։ Եթե պաշտոնյաները չեն վստահում, մենք ինչո՞ւ պիտի վստահենք»։ Քննարկմանը առաջարկ եղավ կոչ անել դասախոսներին գործադուլ անել։ Այս նկատառմանը պատասխանեց մասնակիցներից մեկը, ով, իր պնդմամբ, ժամանակին դասախոս է աշխատել։«Եթե մենք գործադուլ անող լինեինք, հիմա չէինք ունենա Լևոն Մկրտչյան նախարար և Արամ Սիմոնյան ռեկտոր, դրա համար գործադուլի խոսակցությունները ժամանակավրեպ են»։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ հնչեցված կարծիքները հաշվի են առնվելու կլոր սեղանի ժամանակ, բացի այդ առաջարկ եղավ բարձրախոսներ տեղադրել ԱԺ-ի դիմաց, որպեսզի հասարակությունը ուղիղ միացմամբ կարողանա հետևել քննարկմանը։



Նշենք նաև, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը դասախոսների և գիտնականնների շրջանում անցկացնում է ստորագրահավաք, որին միացել է շուրջ 300 դասախոսներ և գիտնական։



**Կորյուն Սիմոնյան**