Անիրականանալի ու վտանգավոր

Անիրականանալի ու վտանգավոր
Շվեյցարահայ լրագրող Ժան Էքիյանը նախաձեռնել է Մեծ եղեռնի զոհերի ինտերնետային հուշամատյանի կազմումը՝ այդ նպատակով բացելով հատուկ կայք-էջ www.inhomage.com հասցեով: Առաջին հայացքից անմեղ մի ձեռնարկ, որին, հեղինակի վկայությամբ, իր աջակցությունն է հայտնել Շառլ Ազնավուրը: Կայք-էջում տեղադրված են ամերիկյան եւ եւրոպական տասնյակ հայկական կազմակերպությունների լոգիններ, որը հավանաբար արվել է առանձնակի հետաքրքրություն բորբոքելու նպատակով: Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ միայն մոտեցրել են միլիոնավոր մարդկանց, այլեւ հիմնովին փոխել խոսքի ազատության մասին մեր պատկերացումները: Ինտերնետում, ըստ էության, ցանկացած մարդ կարող է գտնել զրուցակիցներ ու զբաղվել ինչով ցանկանա: Հայերս բացառություն չենք ու, չնայած ինտերնետի ոչ լիակատար մատչելիությանը, մենք էլ ենք ժամառժամ ներքաշվում համաշխարհային սարդոստայնի մեջ: Ուրեմն ի՞նչ նշանակալի երեւույթ է մի էլեկտրոնային հուշամատյանի ստեղծումը կամավորների կողմից, որ խռովել է իմ հոգին: Խնդիրն այն է, որ ապրածս տարիներին տարաշխարհիկ գաղափարներ շատ եմ լսել՝ Բաքվի գրավումից, Չինաստանի աղուտների չորացումից մինչեւ այլմոլորակայիններին պատշաճ կերպով Հայաստանում դիմավորելը: Հանդիպել եմ մարդկանց մի տեսակի, որոնց համար կարեւորը գաղափարի առաջադրումն է, իսկ իրականացման եղանակներն ու միջոցները նրանք հակված են եղել բարդել ուրիշների ուսերին: Ինտերնետային հուշամատյանի ստեղծման գաղափարը շատ նման է այդպիսի մի նախագծի, որի իրականացման համար դույզն-ինչ նախադրյալներ չեմ տեսնում: Բանն այն է, որ Մեծ եղեռնից անցել է գրեթե մեկ դար, այսօր աշխարհի տարբեր ծայրերում սփռված են վերապրողների չորրորդ-հինգերորդ սերունդները: Շատ ընտանիքներում հիշատակներ չեն պահպանվել: Տասնյակ հազարավոր ընտանիքներ ոչնչացվել են գլխովին, ու չի մնացել մեկը, որ վկայի զոհերի անունները: Ջարդերից մի քանի տարի անց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը կարողացավ մեծագույն ջանքերի գնով ու խիստ մոտավորությամբ պարզել միայն զոհերի թիվը: Ընդ որում, մարդկային կորուստների հաշվառմամբ զբաղվող հայկական մի քանի կազմակերպություններ միմյանցից տարբերվող թվեր են հրապարակել: Ինչպե՞ս է պատրաստվում Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակիցը վերականգնել մեկուկես միլիոնից ավելի անուններն այսօր: Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ու անհայտ կորած հայերի լիակատար ցուցակն անգամ հնարավոր չեղավ կազմել, եւ դա այն դեպքում, երբ նրանց ճնշող մեծամասնությունը հաշվառվել ու զորակոչվել էր պետական հաստատությունների՝ զինկոմիսարիատների կողմից: Մինչ օրս այդ պատերազմին մասնակցած հայերի մասին տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հրապարակել: Ես տագնապում եմ, որ Էքիյանին կհաջողվի արձանագրել հազար, մի քանի հազար անուն, եւ դրանով ծիծաղելի վիճակում կհայտնվենք ազգովի՝ սնունդ տալով տարբեր շահարկումների: Այս նախաձեռնությունը վտանգավոր է հենց իր անիրականանալիության պատճառով: Որքան հնարավոր է շուտ, պետք է սթափվել ու կանգ առնել: