Ներսես Երիցյան-"հայտնի ուժեր" հակամարտությունը մտել է 2-րդ փո՞ւլ

Ներսես Երիցյան-"հայտնի ուժեր" հակամարտությունը մտել է 2-րդ փո՞ւլ
Երեկ "Հեռուստատեսության եւ ռադիոյի" մասին օրենքի խորհրդարանական լսումներին այնպիսի տպավորություն էր, որ Գագիկ Ծառուկյան-Ներսես Երիցյան հայտնի հակամարտությունը մտնում է  երկրորդ փուլ: Այս անգամ` "Ներսես Երիցյան-Հովիկ Աբրահամյան եւ կամպանիա" ձեւաչափով: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ինքը ներկա չէր, բայց լսումների գլխավոր հերոսն էր:

Նախքան դրանց "մեխին" անդրադառնալը, ավելորդ չէր լինի նկարագրել այն մթնոլորտը, որում ընթանում էր քննարկումը. եթե դահլիճի հիմնական տեղերը զբաղեցված էին լրագրողների ու միջազգային կազմակերպությունների եւ անգամ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի կողմից, ապա ամեն խմբակցությունից առանց չափազանցության ներկա էր մեկական պատգամավոր. Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ-ից, Անահիտ Բախշյանը` "Ժառանգությունից", Հովհաննես Մարգարյանը` ՕԵԿ-ից, եւ Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ-ից: "Թեթեւ բացառություն" էին կազմում   հանրապետականները, որոնք եկել էին ԱԺ նախագահ-փոխնախագահ, կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ Կարեն Ավագյան-Արտակ Զաքարյան կազմով: Երեկ, փաստորեն, Հովիկ Աբրահամյանի բենեֆիսն էր: Եւ լսումների հիմնական լեյտմոտիվն էլ` թե ոչ մի միջոց չի կարող արդարացնել նպատակը, այլ  խոսքով` "թույլ տալ վատ օրենք ունենալու շռայլությունը": Սրա հեղինակը ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահն էր՝ Արտակ Դավթյանը, որը, փաստորեն, նախերգեց ելույթ ունեցած Հովիկ Աբրահամյանին, որն իր բացման խոսքում ոչ միայն որպես ընդդիմադիր պատգամավոր էր խոսում, այլեւ  նույնիսկ իրեն թույլ տվեց խոսել քաղաքացիական հասարակության անունից: ԱԺ նախագահն անգամ շատ անսպասելի մի քանի առաջարկներ ներկայացրեց միջգերատեսչական հանձնաժողովին: Առաջարկներից առաջինն այն էր, որ հստակեցում մտցվի սպասվելիք մրցույթների կազմակերպչական մասում` "կոնկրետ պայմանների հիման վրա": Երկրորդ. ԱԺ նախագահն ասում էր, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ արտոնագրեր են տրվելու, ինչի հիման վրա եւ ինչ ընթացակարգով: ԱԺ նախագահը երեկ նաեւ շատ բարդ բառեր էր գործածում` "մուլտիպլեքս": Սա հեռարձակման տեխնիկական պատասխանատուն է, որի բովանդակային մասն ապահովողի՝ հեռուստառադիոընկերության իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին էլ կարդում էր Հովիկ Աբրահամյանը: Եւ հակառակը, հնչում էին ելույթներ եւ հարցեր, որոնց իմաստն այն էր, որ Ներսես Երիցյանը ոչ շահեկան վիճակում հայտնվի Հովիկ Աբրահամյանի "ժողովրդավարական" իմիջի ֆոնին, ինչն էլ օբյեկտիվ պատճառներով ստացվում էր:

Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում որոշեց Ներսես Երիցյանին, իր խոսքով` "դասականներին", մեջբերել հենց բնագրից: Իսկ  Ներսես Երիցյանը "բնագրում" ասել էր. "Սպասում եք, որ մի հատ թուղթ բերենք, հելնեք քլնգե՞ք": Նաեւ օրինագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նրա հարցուպատասխանից ակնհայտ դարձավ, որ առնվազն ստել է Տիգրան Սարգսյանը՝ այս տարվա մայիսի 13-ին հայտարարելով, թե օրենքի նախագիծն անցել է միջազգային պատշաճ փորձաքննություն: Սա պարզվեց, երբ օրենքը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նորաթուխ անդամ Ավետիս Բերբերյանը հանձն չառավ "չուժոյ պախմել" խառնվել "տիտանների" վեճին եւ ընդգծված ասաց, որ կպատասխանի հնչեցված հարցերից 4-րդին: Իսկ երկրորդ ու երրորդ հարցերը վերաբերում էին հենց վարչապետին ու մեկ էլ նրան, թե մինչեւ առաջին ընթերցումը այդ ե՞րբ է հասցրել հանձնաժողովը հասարակական լսումներ կազմակերպել, ինչպես հայտարարվել էր 2009 թվականի նոյեմբերին: Միգուցե կազմակերպե՞լ է, ու իրենք` պատգամավորները տեղյակ չեն: Նաիրա Զոհրաբյանի մյուս հարցադրումը. "Տելե-Մեդիակոնտրոլ" ընկերության կողմից   բնակչության շրջանում անցկացված հարցումների հիման վրա որոշվել է, որ որոշակի քանակությամբ զվարճալի, մշակութային, երաժշտական ալիքների կարիք կա, այն դեպքում, երբ հիմա էլ պարզ է, որ դրանք դառնալու են էժան ու ցածրակարգ  երաժշտության "ռասկրուտկայի" միջոց: Ի դեպ, "Եւրատեսիլի" դասական երաժշտության՝ Հանրայինով հեռարձակման ժամանակ, ըստ պատգամավորի, եղել է զրո հաճախություն: Հետեւաբար հարց. "Կառավարությունը մտավախություն չունի՞, որ այս պայմաններում նախապատվություն տալով երաժշտական ալիքներին, եթերում կհայտնվեն հերթական ցածրաճաշակ երաժշտական հեռուստաընկերությունները": Ավետիս Բերբերյանը պատասխանեց, որ հեռուստալսարանի նախասիրությունների չափումները չեն կարող սուբյեկտիվ լինել, իսկ որ "մշակութային կոնտենտ արտադրող որոշ հեռուստաալիքներ ունեն շատ ցածր դիտողականություն", ապա դա, ըստ Բերբերյանի, իրենց խնդիրը չէ, մեր հասարակության խնդիրն  է: Ի վերջո, կառավարության ներկայացուցիչները հանձնվելով հայտարարեցին, որ ընդունվում են Նաիրա Զոհրաբյանի ու Արծվիկ Մինասյանի այն առաջարկները, որ արտոնագիր տվող պետական լիազոր մարմինն իր որոշումը գրավոր հիմնավորի, իսկ արտոնագրից զրկելը տեղի ունենա  միայն դատական կարգով, այլ ոչ լիազոր մարմնի կամ ՀՌԱՀ-ի կողմից: Գրիգոր Ամալյանը նկատեց, որ գործող կարգի համաձայն էլ հանձնաժողովի անգործության դեպքում նման կարգի վեճերը լուծվում են դատական կարգով:

ՀԳ - Վեճի պատճառով այնքան էլ հստակ չէր` բազմաթիվ հարցականներով լսումների եկած հասարակական ու լրագրողական կազմակերպությունների ո՞ր առաջարկներն են ընդունվում, որոնք` ոչ:

"Ինտերնյուս" կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը, որը լսումների էր եկել մի շարք հարցականներով, ներկայացրեց դրանցից մի քանիսը: Մասնավորապես, թե "ինչով է պայմանավորված 18 թիվը": Այսինքն` 18 հեռուստաընկերություն եւ դրանից ոչ ավելի, քանի որ, ըստ նրա բացատրության, թվային համակարգի պայմաններում դրանց թիվը պետք է ավելանա, այլ ոչ նվազի: Հարց հնչեց, թե  բացարձակապես անհայտ է մնում մարզային հեռուստաընկերությունների ապագան, եւ վերջապես` թե ի վերջո ինչին է նվիրված այս խմբագրումը. եթե դա միայն թվայնացման հետ է կապված, ապա ինչո՞ւ են մնացած հոդվածներն էլ փոփոխվել: "Պարզ չէ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, սոցիալական փաթեթը, այսինքն` ո՞ր հեռուստաընկերություններն են անվճար հասցվելու հանրությանը, արդյո՞ք բոլոր 18-ն էլ",-ամփոփեց "Ինտերնյուսի" ներկայացուցիչը:   Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչ,  էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը պատասխանեց, որ անվճար հեռուստատեսություն կապահովվի բոլոր սոցիալական խմբերին, բայց պարզ չէր` ասվածը վերաբերում է բոլո՞ր հեռուստաալիքներին, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ինչու 18, ապա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանին տրամադրվել են շատ ավելի քիչ հաճախություններ, քան 18-ը, սակայն թվային հեռարձակումն ավելի մեծ դաշտ է ապահովում, հնարավորություն տալով նույն հաճախականությունն օգտագործելով հեռարձակել ռադիոալիքներ եւ ինտերնետ:

Ամեն դեպքում, Նունե Սարգսյանն առաջարկում է զուգահեռ մուլտիպլեքսներ, որոնցում կհայտնվեն այն հեռարձակողները, որոնք չեն ընդգրկվի կառավարության առաջարկած սոցիալական փաթեթում:

Ավելի արմատական դիրքերում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ստեղծել թվայնացման նոր համակարգ: Դա, ըստ նրա, ավելի հեշտ եւ կարճ ճանապարհ է, քան առաջին ընթերցում անցած օրինագծի վրա աշխատելը: