"Չին-գա-չունգ" իրավապահ համակարգում

"Չին-գա-չունգ" իրավապահ համակարգում
Այնպես ստացվեց, որ մարտի մեկին հրահանգ տվող եւ կատարող պագոնավորները՝ հայտնի իրադարձություններում թաթախված բարձրաստիճան ոստիկանները, վերջերս աստիճանաբար եւ տարբեր պատճառաբանություններով հեռացվում են իրավապահ մարմիններից, որտեղ օր օրի փոխվում է նախկին եւ ներկա թիմերի հավասարակշռությունը: Ոմանք հայտնվում են այլ համակարգերում, մյուսները՝ այլ աշխարհում, ինչպես Ռ. Քոչարյանի թիկնազորի ղեկավար, նրա աջ ձեռք, գեներալ-մայոր Գրիշա Սարկիսովը: Նախորդ նախագահի հետ առավել փոխկապված անձանց "ճամփում են" զգուշորեն եւ աստիճանաբար՝ այլ համակարգերում բարձր պաշտոններ են տալիս, ուղարկելուց առաջ լավ խոսքերի են արժանացնում, երբեմն՝ մեդալների: Վերջերս երկու նման նշանակում եղավ. փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը  դարձավ արտակարգ իրավիճակների նախարար, ՔԿՀ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Երկուսն էլ իրենց "համակարգի" մարդ էին համարում եւ միայն այլընտրանքի բացակայության պայմաններում, ճարը կտրած համաձայնվեցին քաղաքական պաշտոններ ստանձնել: Արմեն Երիցյանը ոստիկանությունում աշխատել է 1982 թվականից, անցել է պաշտոնասանդուղքի գրեթե բոլոր աստիճանները՝ շարքային միլիցիոներից սկսած, ոստիկանապետի առաջին տեղակալից վերջացրած: Դեռեւս խորհրդային ժամանակ է ղեկավար պաշտոններ զբաղեցրել՝ Սովետականի ՆԳ բաժնի պետ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ եւ այլն: Այս ամենից հետո արտակարգ իրավիճակների նախարարի բարձր պաշտոնը նրա համար պետք է որ "պաժառնիկի" նման բան լինի: Հանուն արդարության ընդունենք, որ թեեւ իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Երիցյանը կորցրել է իրավապահ համակարգում առաջվա լծակները եւ հազիվ թե նախկին թափով տիրապետի ինֆորմացիոն հոսքերին, նոր աշխատանքին մեծ ավյունով է լծված: Աշխատակիցները պատմում են, որ նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից նա խիստ կարգուկանոն է սահմանել եւ բոլորին լծել է գործի: Մյուս "դժգոհը" գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանն է, որը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը: Ինչպես Արմեն Երիցյանը, նա եւս ծագումով շահումյանցի է: Չնայած իրավապահ շրջանակներում հայտնի է երկու "զեմլյակների" փոխադարձ հակակրանքը, որը չափից դուրս տարօրինակ է եւ ճշմարտանման չէ: Աշոտ Գիզիրյանի՝ ՔԿՀ վարչության պետ նշանակվելուց հետո "Քրեակատարողական ծառայության մասին" օրենքի 11-րդ հոդվածը փոխվեց: Այդ հոդվածով սահմանվում են քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները: ՔԿՀ պետի համար օրենքը նախատեսում էր արդարադատության գեներալ-մայորի կոչում: Անցյալ տարվա դեկտեմբերին այս դրույթը փոփոխվեց, եւ այժմ ՔԿՀ պետի առավելագույն կոչումը գեներալ-լեյտենանտն է: ՔԿՀ աշխատակիցների եւ հատկապես դատապարտյալների շրջանում կարծիքներ կային, թե փոփոխությունը նախաձեռնել էր ինքը՝ Գիզիրյանը, ավելի բարձր կոչում ստանալու համար: Բայց նա  չհասցրեց գեներալ-լեյտենանտ դառնալ եւ սեւ սրտով գնաց Շիրակ: Մարզպետարանի աշխատակիցները պատմում են, որ այստեղ նա փորձում է խիստ կարգուկանոն սահմանել՝ ժամով գալ, ժամով գնալ: Նա նաեւ արգելել է աշխատակիցներին շփվել լրագրողների հետ, այսինքն աշխատում է նույն ոճով, ինչ բերդերի վարչությունում: Նրա փոխարեն այս պաշտոնը շուտով փոխանցվելու է գեներալ-գնդապետ, նախկին ոստիկանապետ, իսկ ներկայում պետական պահպանության ծառայության ղեկավար Հայկ Հարությունյանին: Իր աշխատանքային ուղին ոստիկանությունում նա սկսել է թաղային լիազորի օգնականի պաշտոնից: Համարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մարդը: Գլխավոր ոստիկանի պաշտոնից ազատվեց մարտի մեկ-երկուսի դեպքերից հետո: Ըստ տեղյակ աղբյուրների, այժմ չի համաձայնում զբաղեցնել Աշոտ Գիզիրյանի տեղը եւ առանձնահատուկ լիազորություններ է պահանջում: Մանավանդ, որ դեռ մեկ ամիս առաջ կուլիսներում նրա համար նախապատրաստվող ավելի ճոխ պաշտոնի մասին էին խոսում՝ ԱԱԾ պետի, որի կողքին բանտապետը խղճուկ բան է, անկախ եկամուտներից եւ փող աշխատելու հնարավորություններից: Բացի այդ, դատապարտյալների շրջանում Հայկ Հարությունյանը, մեղմ ասած, անցանկալի անձ է: Նրանք դեռեւս հիշում են Հարությունյանի հանգուցյալ եղբորը՝ "Կոշ" քրեակատարողական հիմնարկի պետ Հովհաննես Արտեմիչին, որը հայտնի է եղել որպես դաժան բանտապետ, ինչպես "զոնում" են ասում՝ կալանավորի արյուն խմող: Այնտեղ մինչեւ հիմա հիշում են 90-ականների սկզբին "Կոշում" բռնկված դատապարտյալների բունտը: Ասում են, այն հանդարտեցնելու նպատակով Հովհաննես Հարությունյանը տարածքը հսկող ուղեկալին հրամայել է կրակել ապստամբների վրա: Այս համակարգը բռունցքի մեջ պահելու համար Հայկ Հարությունյանին առնվազն անհրաժեշտ է լինելու վերեւներից կոշտ մեթոդներ կիրառելու թույլտվություն ստանալ: Սակայն կա մեկ այլ, ավելի լուրջ խոչընդոտ, որն անհնար է դարձնում նրա նշանակումը գլխավոր բանտապետի պաշտոնում: Դա այդ նույն "Քրեակատարողական ծառայության մասին" օրենքի վերոնշյալ դրույթն է, որը ժամանակին փոխել տվեց Աշոտ Գիզիրյանը, եւ որի համաձայն ՔԿՀ վարչության պետի պաշտոնին համապատասխանող առավելագույն կոչումը գեներալ-լեյտենանտն է: Մինչդեռ Հայկ Հարությունյանը գեներալ-գնդապետ է: Ուրեմն կամ նրա սպայական աստիճանը պետք է իջեցվի, կամ խախտվի օրենքը: