Մի փոքր հատված դպրոցի շենքից, մի փոքր կտոր էլ՝ բակից

Մի փոքր հատված դպրոցի շենքից, մի փոքր կտոր էլ՝ բակից
Օրերս "Հրապարակն" անդրադարձել էր Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի շենքի մոտ 400 քմ տարածքի օտարման խնդրին: Հիշեցնենք, որ 88-ի աղետից հետո տարիներ շարունակ խոնավ ու խարխուլ տնակներում ծվարած եւ ի վերջո բարվոք շենքային պայմաններով ապահովված դպրոցի շենքի մի մասի սեփականաշնորհումը կապվում է Հայաստանի հարկային, մաքսային վարչարարության, ռազմավարության եւ պլանավորման վարչության պետի տեղակալ, Լոռու նախկին մարզպետ եւ Վանաձորի հարկային տեսչության նախկին պետ Հենրիկ Քոչինյանի անվան հետ: Մեր տեղեկություններով, ոչ միայն դպրոցի շենքի մի մասը, այլեւ դպրոցի  բակից որոշակի հատված էլ է սեփականաշնորհվել՝ Հենրիկ Քոչինյանի վարորդի անունով, որն իր քրոջ որդին է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումից:  Կադաստրի աշխատակիցն ասաց, որ մեր հարցերին միայն գրավոր կպատասխանեն, որովհետեւ բոլոր գործերն արխիվում են: Պատկան մարմիններն ասում են, որ կրթօջախի տարածքը Հայաստանի հարկային, մաքսային վարչարարության, ռազմավարության եւ պլանավորման վարչությանն է տրվել կառավարության որոշմամբ, թե ինչ հիմնավորմամբ՝ լռում են, մեկը մյուսի վրա բարդելով պատասխանատվությունը: Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ դպրոցը ոչ թե նախարարության, այլ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում, եւ բացի կրթության բովանդակային հարցերից, նախարարությունն այլ հարցեր չի կարգավորում: ԿԳՆ իրավաբանական բաժնի պետ Մարինե Գրիգորյանն էլ ասաց, որ "Կրթության մասին" ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով: Լոռու մարզպետարանի հաշվեկշռում եւ ենթակայության տակ գտնվող դպրոցի տարածքը տրամաբանորեն՝ առանց լիազոր մարմնի գիտության եւ մասնակցության օտարել հնարավոր չէր լինի: "Ես որոշման նախագիծ չեմ ներկայացրել, ճշտեք որոշման նախագիծ կատարող անձանց: Դա մարզպետի հանձնարարությամբ է կատարվում",-մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքերով է դպրոցի տարածքը հանձնվել: "Հո հենց  այնպես չի՞ օտարվում: Դա կառավարության որոշմամբ է անհատույց օգտագործման հատկացվում այդ վարչությանը: Դա նոր ստեղծվող վարչություն է, եւ ինչքան տեղեկացված եմ՝ այդ վարչությունը զբաղվելու է վերապատրաստման դասընթացներով հարկային, մաքսային ինչ-որ ծառայողների, եւ կարծում եմ, որ դա բավարար հիմք է",- շարունակեց նա: Սայադյանը հաստատեց նաեւ, որ "մի փոքր կտոր էլ բակից է" հատկացվել: Իսկ կառավարության համապատասխան որոշումը Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը, իր խոսքով ասած, դեռ չի տեսել, միայն տեղյակ է, որ տարածքն օտարվել է:  Որքան էլ տարօրինակ թվա, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը  ժխտեց, որ նախագիծը կառավարությանն է ներկայացվել մարզպետարանի կողմից: "Էդ տարածքի վերաբերյալ իր դիրքորոշումն ունեցել է ՀՀ պետեկամուտների կոմիտեն, եւ  կառավարության համար 349 Ն 11.03.10թ. որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 15.04.10թ., օտարվել է: Ես այդքանով եմ ինֆորմացված",- ասաց նա: "Ինչպե՞ս կարող է լինել, որ առանց մարզպետարանի նման գործարք կատարվի, չէ որ դպրոցը Լոռու մարզպետարանի հաշվեկշռում է գտնվում" մեր հարցին աշխատակազմի ղեկավարը լղոզված պատասխան տվեց. "Ոչ, դա պետական սեփականություն է, անժամկետ տրամադրված է օգտագործման, դա պետության,  մեր կառավարության սեփականությունն է, դրա տեր ու տիրեկանը մեր պետությունն է: Կառավարության որոշում է, չէ՞, բոլորիս համար պարտադիր կատարման": Պետեկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատուն էլ նույն բանն ասաց, որ տարածքը հատկացվել է կառավարության որոշմամբ:

ՀԳ - "Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է "Վանաձոր քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց" պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի N 35 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից եւ կցակառույցից 21,2 մլն. դրամ հաշվեկշռային արժեքով եւ 411 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացնել "Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ" պետական կառավարչական հիմնարկին` Վանաձորում հարկ վճարողների սպասարկման տարածքային կենտրոն ստեղծելու նպատակով",-ասված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեին գույք առանձնացնելու մասին կառավարության որոշման մեջ: Հավելենք, որ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունն ունի բավականին մեծ, նորակառույց եռահարկ շենք, եւ անհասկանալի ու տարօրինակ է, որ հարկ վճարողների սպասարկման տարածքային կենտրոնի համար այստեղ մի հարմար անկյուն չի գտնվել, եւ նորաստեղծ վարչությանը տարածքով ապահովելը հնարավոր է եղել միայն կրթօջախի հաշվին: