Մայիսի 27-ին, ժամը 13:00-ին ՍԻՄ-ի "Ազդակ" ակումբի հյուրերն էին լինելու ՀԳՄ վարչության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը եւ արձակագիր Ռուբեն Հովսեփյանը, իսկ թեման լինելու էր Լեւոն Ջավախյանի՝ ադրբեջանական ՀԿ-ից ստացած մրցանակը եւ ՀԳՄ-ում վերջերս կայացած թուրք գրողի գրքի շնորհանդեսը: Մենք որոշեցինք ներկա լինել եւ լուսաբանել ասուլիսը: "Ազդակ" ակումբում ինձ դիմավորեց մի բարեհամբույր աղջիկ: Մամլո ասուլիսի սրահը դատարկ էր, ոչ հյուրերն էին եկել, ոչ էլ լրագրողներ կային: Աղջիկն ինձ "հուսադրեց"՝ ասելով, որ եթե նույնիսկ մեկ-երկու լրագրող լինի, իրենք ասուլիսն անցկացնելու են: Նա հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, եւ ես միամտաբար հրապարակեցի մեր թերթի անունը: Աղջիկն անմիջապես ինչ-որ տեղ գնաց, ապա հետ գալով ասաց, որ ասուլիսն անորոշ ժամանակով հետաձգվել է, եւ ինքը մեզ կտեղեկացնի, թե երբ է լինելու: Ես փոռուփոշման ներքեւ իջա, բայց աստիճաններին հանդիպեցի ԱԼՄ-ի լրագրողին, եւ քանի որ սկզբում բարհամբույր, հետո շփոթված աղջկա պահվածքն առնվազն տարօրինակ էր, որոշեցի մի քիչ սպասել՝ ինձուինձ մտածելով, որ եթե մի քանի րոպեի ընթացքում ԱԼՄ-ի լրագրողը չիջավ, նշանակում է ինձ ուղղակի "տակտիչնի ցրել" են: Քիչ անց եկավ պարոն Հովսեփյանը, ապա՝ նաեւ պարոն Գրիգորյանը: Ես փորձեցի վերեւ բարձրանալ, բայց ճանապարհս կտրեցին այն նույն աղջիկը եւ անվտանգության աշխատակիցը: Աղջիկն ինձ ասաց, որ իրենք փակ քննարկում են անելու, որտեղ միայն իրենց թերթի լրագրողներն են լինելու: Ես նրան հիշեցրի, որ ԱԼՄ-ի լրագրողը ներսում է, բայց աղջիկը հրահանգ էր ստացել եւ անդրդվելի էր: Ահա այսպես "Իրավունք" թերթը ոտնահարեց լրագրողի իմ իրավունքը եւ պարոն Ջավախյանի՝ գաղտնի պայմաններում ստացած մրցանակի շուրջ մամուլի ասուլիսն անցկացրեց գաղտնի պայմաններում, առանց "Հրապարակի": Ես ներքեւում սպասում էի մինչեւ պարոն Գրիգորյանը դուրս գա, որպեսզի նրա հետ հարցազրույց անեմ: Ասուլիսին ԱԼՄ-ի լրագրողից բացի ուրիշ լրագրողների չտեսա: Մենք էլ չէինք փորձի լուսաբանել, եթե մեզ չտեղեկացնեին, որ այդ ասուլիսը մեր թերթին հարցազրույց տված պարոն Ջավախյանին է նվիրված: Այդ դռնփակ ասուլիսի ֆոնին հատկապես երգիծական էր նայվում անհեթեթ գովազդային պաստառը, որ փակցված էր իրենց խմբագրատան միջանցքում: "Իրավունք, ամենամեծ տպաքանակը Հայաստանում",- գրված էր պաստառի վրա, իսկ երբ ներքեւում կանգնած էի, թերթի կապուկներ էր, որ խմբագրությունից իջեցնում, մեքենան էին բարձում, որպեսզի որպես մակուլատուրա հանձնեն: Բարեբախտաբար, մենք չենք մտածում, թե իրենք իրենց գրածին հավատում են: Եթե "Իրավունքի" խմբագրապետն ինքնախաբեությամբ է զբաղված, դա դեռ ոչինչ, բայց թող իրենց սակավաթիվ ընթերցողների վզին չփաթաթեն իրենց կեղծ հայրենասիրությունն ու կեղծ նացիզմը:
Ասուլիսն ավարտվեց, եւ Հովհաննես Գրիգորյանն ու Ռուբեն Հովսեփյանը ներքեւ իջան: Նրանց հետ զրույցում պարզեցի, որ երկուսն էլ Լ. Ջավախյանի պատմվածքի եւ նրա՝ ադրբեջանական ՀԿ-ից մրցանակ ստանալու մեջ ազգադավություն չեն տեսնում: Ասուլիսի ժամանակ բանավեճ, ըստ էության, չէր ստացվել, որովհետեւ եւ թուրք գրողի գրքի շնորհանդեսը կազմակերպած Գրողների միության վարչության քարտուղարը՝ Հովհաննես Գրիգորյանը, եւ ՀՅԴ անդամ Ռուբեն Հովսեփյանը սթափ տրամաբանող, տաղանդավոր գրողներ են, եւ "Իրավունքի" պարզունակ խարդավանքները նրանց չեն կարող մոլորեցնել: Հավանաբար "Իրավունքում" Ռուբեն Հովսեփյանի հակապատերազմական ու մարդասիրական "Հնչեցրու զանգը" կինովիպակը կարդացած մեկը չի ճարվել, եւ նրանք մտածել են, որ եթե նա դաշնակցական է, ուրեմն իրենց պես կեղծ ազգայնական է:
Կարծիքներ