Ո՞ւր մնաց հայրենադարձության ծրագիրը
"Սա եւս մեկ անգամ վերահաստատում է մեր այն պնդումը, որ մեր կառավարությունը չունի միասնական ռազմավարություն թե հայրենադարձության ծրագրերն իրականացնելու եւ թե նաեւ ՀՀ-ում, հատկապես ՀՀ քաղաքացիների իրավունքներն անխոչընդոտ իրականացնելու հարցում",- մեզ հետ զրույցում այս հարցի առնչությամբ ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: "Հետեւանքը լինում է այն, որ այդքան խոսվում է հիասթափության, դրսում ուսում ստացած ՀՀ քաղաքացիների, իրենց ստացած գիտելիքներն իրացնելու սահմանափակվածության մասին",- շարունակեց պատգամավորը: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մեկ ամիս առաջ հարցադրում է ուղարկել կառավարությանը այլ երկրներում բժշկական կրթություն ստացած անձանց կողմից Հայաստանում բժշկական գործունեություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու կառավարության քաղաքականության մասին: Կառավարությունը, իր պատասխանում հիշատակելով մի քանի միջազգային կոնվենցիաներ, ասել է, թե հարցը պետք է ուղղել կրթության եւ գիտության նախարարությանը: "Պատասխանը, որ մենք ստացանք, ցույց է տալիս, որ ոչ միայն անմշակ է եւ ոչ համակարգված աշխատանքը, այլեւ հաճախ բերում է նրան, որ նույնիսկ միջազգային իրավունքով կամ պարտավորությամբ ստանձնած պահանջները Հայաստանը չի կարողանում կատարել պատշաճորեն: Մասնավորապես, պատասխանում հիշատակվում է Եւրոպայի Խորհրդի կոնվենցիան` եւրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության որակավորման ճանաչման մասին: Այս կոնվենցիան, որին միացել է Հայաստանը 2005թ.-ից, գործողության մեջ է դրված մեր երկրում, այսինքն՝ Հայաստանը ստանձնում է պարտավորություն, որ կսահմանի այնպիսի ընթացակարգեր, որոնք կլինեն թափանցիկ, հստակ, պարզ եւ մատչելի բոլոր այն անձանց համար, ովքեր եւրոպական երկրներում ստացել են կրթություն, եւ նրանց որակավորումները պետք է ճանաչվեն ՀՀ-ում",- նշեց պատգամավորը: Նա հիշեցնում է, որ բժշկական մասնագիտությունն այնպիսի ոլորտ է, որտեղ անպայման պետք է ճանաչվի այդ որակավորումը, որը հիմք է նաեւ լիցենզիա ստանալու համար: "ՀՀ-ն այս կոնվենցիան վավերացնելիս հայտարարել է, որ մեզ մոտ օտարերկրյա պետություններում կրթություն կամ որակավորում ստացած անձանց իրավունքների հարցով ազգային լիազորված մարմինը ԿԳ նախարարությունն է: Սակայն ստացվում է այնպես, որ այդ մարմինը բժշկական կրթության ոլորտում դարձել է առողջապահության նախարարությունը",- ասում է Արծվիկ Մինասյանը:
Կարծիքներ