Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նոր մարզպե՞տ

Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նոր մարզպե՞տ
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, պարզվում է, անհիմն չեն, ինչպես որ ինքը՝ Շահգալդյանն է պնդում: Նրան այդ պաշտոնում, ըստ NEWS.am-ին հասած տեղեկությունների, պետք է փոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նա, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է եւ բացի այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան:  Նա Աբովյանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ քվոտայով՝ 2008 թվականին: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է զբաղվում իր փեսայի կարիերայի առաջխաղացմամբ եւ միջնորդել է կառավարության ղեկավարին՝ բարձրացնել Գուլոյանի պաշտոնը:



Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին  հայտնեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: «Ինձ նման բան հայտնի չէ»,-ասաց նա եւ խոստացավ տեղեկությունը լրացուցիչ ճշտել: Ըստ մամուլի տեղեկությունների, Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուներից է նաեւ ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը:



Հիշեցնենք, որ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել էր, որ իր պաշտոնանկության մասին լուրերը արհեստածին են եւ ինքը շարունակելու է պաշտոնավարել: Նշենք, որ Շահգալդյանի պաշտոնանկության պատճառն, ըստ տեղեկությունների, մարզում նրա կողմից իրականացվող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահումներն են: