Մահացել է Վարուժան Նալբանդյանը

Մահացել է Վարուժան Նալբանդյանը
Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ին իր բնակարանում մահացել է հայտնի արձակագիր, 81-ամյա Վարուժան Նալբանդյանը: Նրա դին նախօրեին հայտնաբերել են հարեւանները եւ դիմել ոստիկանություն: Վարուժան Նալբանդյանի դին երեկ գտնվում էր Երեւանի դիահերձարանում, որի տնօրինությունը հայտարարել էր, որ եթե տիրություն անող չլինի, ստիպված են լինելու իրենք կազմակերպել հուղարկավորությունը Սովետաշենի գերեզմանոցի անտեր մեռելների հատվածում:



Երեկ մենք զանգահարեցինք ՀՀ գրողների միության նախագահին՝ հարցնելու, թե ինչ են անում անվանի գրողի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Լեւոն Անանյանը նախ հետաքրքրվեց, թե որտեղից գիտենք Վարուժան Նալբանդյանի մահվան մասին, ու պահանջեց տալ այն մարդու անունը, որը հայտնել է մեզ այդ տեղեկությունը, եթե, իհարկե, այդ մարդը գրող է: Հետո ասաց, որ իրենք էլ նախօրեին են իմացել ու արդեն զբաղվում են այդ հարցով: "Շատ տաղանդավոր գրող էր, ափսոս: Դե գիտեք, հարազատներ չուներ, ու այդ պատճառով ոչ ոք չի իմացել նրա մահվան մասին:



Դիակը վատ վիճակում է, ինքներդ եք հասկանում, մի քանի օր մնացել է այս շոգին",-ասաց Լեւոն Անանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կազմել են թաղման հանձնաժողով, որի նախագահը միության վարչության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն է, դիմել են Նոր Նորքի թաղապետին, որը խոստացել է աջակցել: Մեր հարցին, թե լինելո՞ւ է հոգեհանգիստ եւ որտե՞ղ, Լեւոն Անանյանը պատասխանեց, որ դեռ չեն որոշել ու չգիտեն էլ ինչ անեն, քանի որ դիակը վատ վիճակում է: Բայց խոստացավ հուղարկավորության մասին լրացուցիչ հայտնել այսօր: