Գայանե Սարուխանյան. Մենք փող չենք հավաքում

Գայանե Սարուխանյան. Մենք փող չենք հավաքում
Երեկ մենք լուր էինք տպագրել այն մասին, որ Չեխովի անվան դպրոցում կրկին դրամահավաք է կազմակերպվել, այս անգամ տնօրենն առաջարկել է յուրաքանչյուր դասարանին 100 հազարական դրամ հավաքել դպրոցի վերանորոգման համար: Մենք ստացել ենք Չեխովի անվան դպրոցի պատասխանը, որը տպագրում ենք առանց միջամտության:



«Սիրով ուզում եմ համաձայնել «Հրապարակ» թերթի առաջարկությանը, որպեսզի կրթության եւ գիտության նախարարությունը տեսուչներ ուղարկի Չեխովի անունը կրող դպրոց: Այդ պարագայում տեսուչները տեղում կհամոզվեին, եւ եթե հնարավոր լիներ՝ հասարակությանն ու ոլորտի պատասխանատուներին կիրազեկեին, որ «Հրապարակ» թերթի տարածած տեղեկությունները՝ իբր Չեխովի անվան դպրոցում տեղ գտած անօրինականություններն ու դրամահավաքի ու դրան հաջորդած՝ ծնողների ընդվզման մասին, իրականությանը չեն համապատասխանում: Սա առաջին դեպքը չէ, երբ մեր դպրոցը դառնում է ասեկոսեների թիրախ, եւ վստահ ենք, որ վերջինն էլ չի լինելու: Ուստի նման հրապարակումներին շատ հանգիստ ենք վերաբերվում: Եթե «Հրապարակ» թերթի խմբագիրը կամենա, սիրով իրեն էլ ենք հրավիրում դպրոց՝ աշակերտների, ուսուցիչների, ծնողների հետ հանդիպելու, որպեսզի անձամբ համոզվի՝ իրեն թյուրիմացության մեջ են գցել: Իսկ որ Չեխովի անվան դպրոցի նկատմամբ սովորաբար գոյություն ունի հասարակական մեծ հետաքրքրություն, մենք միայն ուրախ ենք դրա համար



Գայանե ՍԱՐՈւԽԱՆՅԱՆ

Չեխովի անվան դպրոցի տնօրեն»: