Մարզպետի ձեռագիրը կիրառում է տնօրենը

Մարզպետի ձեռագիրը կիրառում է տնօրենը
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը իմ ամուսնուն ապօրինի ազատել է աշխատանքից: ՀՀ վարչական դատարանը վճռել է վերացնել այն կարգադրությունը, որով մարզպետը նրան ազատել է աշխատանքից, եւ պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդի համար: Շատ ամիսներ են անցել, սակայն մարզպետը չի կատարում դատարանի վճիռը: Այս ապօրինությունից ոգեւորվել է նաեւ Հրազդանի Վ. Սարոյանի անվան  թիվ 11 դպրոցի տնօրեն Մելսիկ Զաքարյանը, որն  աշխատանքից ազատման իր սուրը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ճոճում է իմ գլխին:



Ուսումնական տարին սկսվելուն պես ես նկատեցի, որ այդ սուրը շարունակում է շողշողալ, եւ, չդիմանալով փոքրոգությանը, ինչը դրսեւորվում էր զանազան ձեւերով, աշխատանքից ազատման դիմում գրեցի: Տնօրենի նկատմամբ ունեցած նողկանքն ինձ ստիպեց դիմումն ուղարկել փոստով: Դիմումի մեջ որպես պատճառ նշել եմ իրական փաստերը, որոնք ապացուցում են տնօրենի կողմից հալածանքները: Դիմումն ստանալուց հետո իրեն կայսր հռչակած տնօրենը զանգահարում է եւ նորմալ մարդուն ոչ վայել, ճիշտ կլիներ ասել` լակ պատանուն վայել ձեւով հայհոյում:



Առկա է խուժան թուրքին հատուկ նրա բազմահարկ ուշունցների ձայնագրությունը, ինչը շուտով կլսեն պետական տարբեր ատյաններում: Իրեն հատուկ տոնով արտահայտվելուց հետո կայսր-տնօրենը գրավոր գրում է, որ համաձայն չէ դիմումի բովանդակության հետ, եւ առաջարկում նոր դիմում գրել: Գրավոր հարցրել եմ` թե տնօրենն ի՞նչ բովանդակությամբ դիմում է ուզում, որ ես գրեմ: Երկար ժամանակ լռություն էր տիրում: Օրերից մի օր կայսր-տնօրենը զանգահարում է եւ հրավիրում զրույցի: Գործատուի նկատմամբ ունեցած հակակրանքն ինձ թույլ չի տալիս դպրոց մտնել, քանի որ նա ոչ թե ուզում է հասկանալ բուն իրողությունը, այլ ուզում է  դիմումիս բովանդակությունը փոխեմ եւ գրեմ իր ուզած բառերով: Զարմանում ես տեսակի վրա:



Ինչքա՞ն կարելի է փաթաթվել կեղծիքի ու ստի վերմակով, առաքինություն խաղալ, գետնամերձ թռչունների հոգեբանությունը հարազատ դարձնել ու բարձրաձայնել` «ես մանկավարժ եմ»:  Վստահ եմ, որ կայսր-տնօրենն ուզում է ինձ աշխատանքից ազատել, բայց թե ինչու չի ազատում` չեմ հասկանում: Կարծում եմ` պարզապես չի ուզում, որ այլ աշխատանք ունենամ, ինչպես մարզպետը` իմ ամուսնու պարագայում: Նրա աշխատանքային գրքույկում կատարված սխալ գրառումը դատարանի վճռից հետո մարզպետարանը չի ուղղում, դրանով իսկ այլ աշխատանքի անցնելու հնարավորություն չի տալիս: Դպրոցի տնօրենը մարզպետի ձեռագիրն է կիրառում:



Հարկադրում է  դատարանի դռներն ընկնել: Երեք դպրոցահասակ տղաներ,  բարձրագույն մասնագիտական կրթությամբ ամուսիններ` առանց աշխատանքի, ընդսմին` քինախնդրության զոհ: Բառիս բուն իմաստով՝ հալածանք: Ապրելու միջոցից կտրելու նոր հնա՞րք է արդյոք սա, թե՞ Եվրախորհուրդ մտած պետության պաշտոնյաներին պարտադրված պահանջ: Ինձ թվում է՝ ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը, պարզապես այն պաշտոնյաները, ովքեր պետական աշխատանքում իրենց կայսր են զգում, պետք է պետական կառույցներից հրապարակայնորեն դուրս շպրտվեն:



Լուսինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հրազդանի Վ. Սարոյանի անվան  թիվ 11 դպրոցի տնօրենի կողմից հալածված մանկավարժ