Տեսնես էս մի բյուջեի՞ն ինչ անուն կտան...

Տեսնես էս մի բյուջեի՞ն ինչ անուն կտան...
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Երկիր մեդիայի» եթերում բորբոքվել էր. կառավարությունը բացարձակապես առաջնորդվել է կոալիցիոն սկզբունքով եւ բյուջեն կազմելիս բացարձակ հաշվի չի առել Դաշնակցության առաջարկները: Արդյունքում, համաձայն պատգամավորի դիտարկման,  խորհրդարանն ընդունել է շատ վատ մի բյուջե, որով նույնիսկ նախագահի եւ կառավարության գործունեության ծրագիրն է կասկածի տակ առնվում: Ավելին` ստեղծվել է մի իրավիճակ, որում, անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի տնտեսությունը միտք էլ չունի դուրս գալ ճգնաժամից, իսկ սպառողական զամբյուղի մասին ավելի լավ է լռել...



Անշուշտ, Դաշնակցությանը միշտ էլ կարելի է հիշեցնել, որ այս իրավիճակը նոր չի ստեղծվել, որ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն դրսից ուղարկվող տրանսֆերտների, «ատկատով շինարարության», միայն հումքի արտահանման հաշվին երկար տարիներ փչված քոչարյանական երկնիշ տնտեսական աճի փուչիկը փչելու եւ ներկայիս տնտեսական գահավիժման հարցում: Բայց հիմա այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել:



Խնդիրն այն է, որ վերջին շրջանում տեղից ելնողը խոսում է գնաճի, սպառողական զամբյուղի, դրա շեմը բարձրացնելու եւ բյուջեն միայն այդկերպ հաշվարկելու մասին, ձեռի հետ էլ չի մոռանում խոսել վիճակագրության ստերի մասին: Որ մեզանում վիճակագրությունը «պաշտոնական նվագ է` պատվիրված կառավարության կողմից», դրանում կասկած լինել չի կարող: Սակայն, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում այն մասին, որ նույն այդ սպառողական զամբյուղում թվարկվող մոտ 400 տեսակ ապրանքներն ու ծառայությունները վաղուց արդեն «հնացել են» եւ այլեւս չեն համապատասխանում բնակչության նոր պահանջներին: Այսինքն այն հիմքը, որի վրա կառուցվում է սպառողական գների ինդեքսը, ուղղակի գոյություն չունի:



Ինքներդ դատեք` միթե պիտի տարբերություն չլինի 92-ին հաշվարկված միջին աշխատավարձի` 10 հազար դրամի,  2002-ի` 24 հազարի եւ ներկայիս կարծես թե 52 հազար դրամի միջեւ: Այս տարբերությունը որեւէ կերպ չպե՞տք է ազդեր սպառողական զամբյուղում թվարկված ապրանքների եւ ծառայությունների վրա: Կամ` եթե 2000-ին տնտեսական աճը կազմել է իբրեւ թե 12 տոկոս, 2003-ին` 13,9, 2004-ին` 10,1, 2005-ին` կրկին 13,9 եւ այսպես շարունակ, նշանակում է` մեր բոլորի կողմից արտադրված համախառն ներքին արդյունքը, ամեն մեկիս հաշվով, առնվազն պիտի ավելացած լիներ 1-2 անգամ, եւ այդ հանգամանքը եւս պիտի որ արտացոլվեր սպառողական նվազագույն զամբյուղի վրա: Թե՞ ոչ, թե՞ ոնց հաց ու պանիր ճարելը խնդիր եղել է, շարունակում է այդպիսին մնալ: Մանավանդ պանրի գների ներկայիս ֆանտաստիկ աճի եւ շաբոյանական հանձնաժողովի անմեղսունակության ֆոնին...



Սա` մի խնդիր, եւ այսքանից հետո հարկավոր է մոռանալ եւ չխոսել այնպիսի չգոյության մասին, ինչպիսին սպառողական նվազագույն զամբյուղն է:



Երկրորդ: Երբ խորհրդարանում ֆինանսների նախարարը հպարտորեն նշում է, թե 2011-ի 1 տրիլիոնանոց բյուջեի եկամտային մասն աճել է 2,5 մլրդ դրամով, դառնալով 852 մլրդ դրամ, կարո՞ղ է բացատրել, թե տնտեսական ներկայիս տխուր պայմաններում որտեղից է հավաքագրելու այդ գումարը: Թե՞ հույս ունի, որ ԿԲ-ն կշարունակի «լողացող փոխարժեքի» իր քաղաքականությունը, այսինքն` դոլար-դրամ հերթական խաղիկները կտա շուկայում եւ դրամի արհեստական արժեւորման պայմաններում դժվարություն չի առաջանա կցել-կցմցելու-թվեր նկարելու հարցում:



Ճիշտն ասած` ավելի շատ հակված ենք երկրորդ տարբերակին եւ այստեղ համաձայն ենք դաշնակցական պատգամավորի ասածին, թե հենց այդպես էլ կլինի: Ավելին` նրան շարունակելով նկատենք, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակի այն չնչին բարձրացումը, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեով, գնաճի սարսափելի պայմաններում ոչ միայն 0-ի կհավասարվի, այլեւ մարդը հանկարծ կհայտնաբերի, որ իր «ավելացած» աշխատավարձով նույնիսկ գազի գնի թանկացումը չի կարողանում ծածկել...



Հետո: Անցյալ տարվա համեմատ անփոփոխ մնացած բյուջեի դեֆիցիտը` 148,6 մլրդ, որտեղի՞ց եւ ինչպե՞ս են փակելու, ի՞նչ միջոցներով: Էլի պատասխան չկա: Ընդամենը «մտադրություն կա դա կրճատել 44,8 միլիարդով», ինչը, Տիգրան Դավթյանի կարծիքով, «համապատասխանում է միջազգային չափանիշներին»:



Այսքանից հետո արժե՞ արդյոք ոլորտ առ ոլորտ խոսել հատկացվող միջոցների եւ բոլոր այն անհեթեթությունների մասին, որ մեզ են ներկայացվում «բյուջեի նախագիծ» անունով: Կամ արժե՞ առհասարակ խոսել վարվող խելամիտ դրամավարկային քաղաքականության մասին, երբ նախկին ԱՊՀ երկրներում միայն Հայաստանում է, որ տնտեսության դոլարիզացիայի մակարդաը շարունակում է 70 տոկոսի շեմին մնալ: Չէ, սխալվեցինք` Տաջիկստանում ավելի վատ ցուցանիշ է` 75 տոկոս: Կեցցենք մենք:



Բայց արի տես, որ կառավարությունը նույնիսկ այս վիճակում է հոխորտում, թե «2011-ին տնտեսական քաղաքականությունը շարունակելու է նպատակաուղղել տնտեսության դիվերսիֆիկացիայի խորացմանն ու արտահանման ընդլայնմանը»: Չես հասկանում` սրանց համար տնտեսությունը առեւտու՞ր է միայն: Եթե ոչ, եթե նաեւ արտադրություն է, որտե՞ղ է այն, որ չենք տեսնում, ի՞նչն են դիվերսիֆիկացնելու եւ ինչն են արտահանելու:



Իսկ եթե սպասում են, որ մարդիկ նոր արտադրություն են հիմնելու` որտեղի՞ց են վերցնելու գումարները, եթե անգամ ընդունենք, որ վստահում են մեր երկրում գործ դնելու հնարավորությանը: Հայկական բանկերի՞ց: Ա՞յն բանկերից, որոնցում, ինչպես օրերս ԱՄՀ-ի ղեկավարը նշեց, միայն «պետական բարձր վերահսկողության եւ մրցակցության ցածր մակարդակ կա»: Մեկը լինի` իրենց օգնի, որովհետեւ եթե զարգացող երկրներում, օրինակ, բանկային ակտիվները կազմում են այդ երկրի ՀՆԱ-ի 100 տոկոսը, մեզանում դզած-փչած` 40 տոկոս հազիվ է կազմում: Ա՞յն բանկերի, որոնք 14 տոկոսով ավելի թանկ վարկ են տալիս եւ նույնքան էժան ավանդ ընդունում` հարստահարելով եւ խաբելով սեփական ժողովրդին:



Ամփոփելով ասվածը նկատենք, որ ցավոք, թեպետ իրենց մեղքի բաժինն էլ կա սրանում, բայց Արժույթի միջազգային հիմնադրամը ճշգրիտ է, երբ նշում է, թե. «Ինչպես մինչեւ ճգնաժամը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի մարտահրավերները մնացել են նույնը` աղքատության կրճատում, տնտեսական աճ, հարկաբյուջետային եւ արտաքին կայունություն, դրամավարկային քաղաքականության միջոցառումների ուժեղացում»: Տակը բան մնա՞ց...



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ