Աշակերտի վիճակը ծանր է

Աշակերտի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 19-ին Վանաձորում հերթական կրակոցներն են հնչել։ Վարդանանց 43 /1 շենքի երրորդ մուտքից անհայտ անձը հրազենով մի քանի անգամ կրակել է նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, 1994 թ. ծնված, 11-րդ դասարանցի Դավիթ Օհանյանի ուղղությամբ։ Վերջինիս հրազենային վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Մեզ հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանության փորձ) եւ նույն օրենսգրքի 235 հոդվածի  առաջին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը)։



Դեպքի վայր ժամանած ոստիկանները տարածքի զննությամբ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 3 պարկուճ եւ երկու գնդակ։ Նույն օրը, արդեն ժամը 18։00-ի սահմաններում, լրացուցիչ զննողական եւ փնտրողական աշխատանքների շնորհիվ դեպքի վայրից մոտ 80 մ հեռավորության վրա հայտնաբերվել է նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով։ Ըստ Գ. Իսպիրյանի, սպանության փորձի հետ կապված՝ կան բազմաթիվ վարկածներ, որոնք, սակայն, ելնելով նախաքննության շահերից, առայժմ չեն հրապարակում։



Մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կատարվածը լինի վրեժխնդրության հողի վրա, պատասխանեց. «Բոլոր վարկածները հաշվի են առնվել, նաեւ վրեժխնդրության վարկածը»։ Ինչպես տեղեկացանք հիվանդանոցից, տուժող Դավիթ Օհանյանը մինչ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հրազենային վնասվածք ստացած Դավիթ Օհանյանի հայրը՝ Վահան Օհանյանը, եւ եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը, նախկինում դատապարտվել են սպանության եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Ըստ երեւույթին, սա հերթական վենդետան է՝ նախկինում տուժած անձի հարազատների կողմից: Սպանության փորձ կատարողի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։