Անշուշտ՝ երկխոսություն

Անշուշտ՝ երկխոսություն
Ջրբաժա՞ն, թե՞ երկխոսություն՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» իր նշանավոր հոդվածի մոտիվներով արված հարցադրումին Լեւոն Տեր-Պետրոսյանը 13-14 տարի անց կրկին պատասխանեց՝ խաղաղություն: Եթե տարիներ առաջ խոսքը հարեւանների ու նրանց հետ հարաբերությունների մասին էր, ապա այժմ՝ «հակառակորդը» երկրի ներսում է, եւ նրա հետ կնքված զինադադարը միտված էր բանտերում գտնվող զինակիցներին ազատ արձակելուն: Ամենայն հավանականությամբ, նրանք շուտով կհայտնվեն ազատության մեջ՝ կլուծվի նաեւ Տեր-Պետրոսյանի առաջադրած վերջին խնդիրը: Ահա այդ պահից կսկսվեն իրական դժվարությունները. ի՞նչ ուղղությամբ է գնալու Հայ ազգային կոնգրեսը, ինչի՞ համար է պայքարելու, ի՞նչ առաջնահերթություններ է սահմանելու, ինչո՞վ եւ ո՞ւր է առաջնորդելու իր համակիրներին: Այդ հարցերի պատասխաններն այսօր չեն երեւում: Անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ինտելեկտի համար խնդիրների ձեւակերպումն ու դրանց վերբալ շարադրանքը որեւէ դժվարություն չեն ներկայացնի: Անգամ եթե դրանց մեջ լիքը հակասություններ լինեն ու արմատական տրամադրված զանգվածների համար անընդունելի մտքեր, միեւնույն է՝ դրանք ողջունողների ու արդարացնողների պակաս Տեր-Պետրոսյանը չի ունենա: Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն ընդվզել ու հակառակ տեսակետ հայտնել, ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի կողմից անմիջապես կգամվեն «անարգանքի սյունին»՝ ինչպես երեկ: Սակայն արդյո՞ք այս «խաղաղասիրական» քաղաքականությունն այն է, ինչ ընդդիմությունից պահանջում է ժողովուրդը: Եվ արդյո՞ք գործող իշխանության հետ համագործակցության, հերթական ընտրությունների, պառլամենտում մեկ տասնյակի չափ մանդատների ու հետագա օրենսդիր գործունեության եղանակով ՀԱԿ-ը կհասնի այն նպատակներին, որոնք իր առաջ դրել էր դեռ երեք տարի առաջ: