Մամուլը չարյաց փոքրագույնն է

Մամուլը չարյաց փոքրագույնն է
Վերջին ամիսներին հետեւելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի շռնդալից տարածմանը, շարունակ մտածում էի, թե ինչով են բացատրվում այդ հաջողությունները: Կարծում եմ՝ երկու կարեւոր պատճառ կա, որոնք նպաստեցին այդ ցանցի կայծակնային տարածմանը ողջ աշխարհով մեկ: Առաջինն այն ազատությունն է, այն անարգել, ոչնչով չսահմանափակվող ազատությունը, որ տիրում է այստեղ:



Երկրորդը ինտերակտիվ շփման հնարավորությունն է, որը տալիս է «Ֆեյսբուքը»: Երբ մարդը ոչ միայն կարդում է, այլեւ մտքեր փոխանակում, կարծիք հայտնում, հակադրվում:



Ի վերջո «Ֆեյսբուքը», որպես հաղորդակցության միջոց, նաեւ զանգվածային լրատվության միջոցների՝ թերթերի ու հեռուստատեսության գործառույթն է ստանձնել: Հաճախ այստեղ շրջանառվող ինֆորմացիային կարելի է միայն նախանձել:



Այն իր հրատապությամբ, հետաքրքրականությամբ, խորհելու եւ քննարկելու արժանի թեմաների առատությամբ ուղղակի ապշեցնում է: Ըստ էության, «Ֆեյսբուքի» շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, որ ինքն էլ կարող է դառնալ լրագրող:



Հասկացավ, որ կարող է ինֆորմացիա փոխանցել եւ հրճվանք ապրել այդ տեղեկությունների գործած ազդեցությունից: Կարող է մարդկանց զարմացնել ու հիացնել, ուրախացնել ու տխրեցնել: Նաեւ ապրեց առաջինը լուրը տեղ հասցնելու բերկրանքն ու փոքրիկ-ակումբներ ստեղծելու հաճույքը. «Ֆեյսբուքի» քննարկումները հենց այդ ակումբներին են փոխարինում:



Մի խոսքով՝ հրաշք գյուտ է «Ֆեյսբուքի» գյուտը, եթե մի քիչ չափազանցնենք՝ ապա հեռախոսի, հեռուստացույցի, համակարգչի գյուտին համազոր: Բայց այնուամենայնիվ սա չէ «Ֆեյսբուքի» հաջողության գաղտնիքը, այլ, վստահ եմ՝ ազատության այն անզուսպ վայելքը, որ այն պատճառում է իր տարածքում հայտնված անձին:



Տեսեք՝ այստեղ չկա ոչ մի սահմանափակում: Եթե մենք՝ թերթերս ու նրա լրագրողները, այսպես ասած, «կալպակի» տակ ենք՝ էլ դատ ու դատաստաններ, էլ սպառնալիքներ, էլ ծեծ ու վիրավորանք, ապա «Ֆեյսբուքում» հաղորդակցվող ու տեղեկություններ փոխանցող «սիրողական» լրագրողները չունեն նման խնդիրներ:



Վերջին ամիսներին ես շարունակ մտածում էի, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ի վերջո մեզ ճնշող-հալածող-վիրավորող անձինք՝ պատգամավորներ, օլիգարխներ, գողականներ ու քրեականներ, կհասկանան, որ «Ֆեյսբուքն» ավելի մեծ ազդեցության դաշտ ունի, քան մի քանի հազար տպաքանակով թերթը, ու կանցնեն «Ֆեյսբուքի» ազատության սահմանները նեղացնելուն:



Անկեղծ ասած՝ մտածում էի, որ դա կսկսվի հենց Հայաստանում: Սակայն, ի զարմանս ինձ, Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովում ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոսեց այս մասին, նշելով, որ չի կարող «Ֆեյսբուքը» քաղաքակրթությունից դուրս տարածք լինել, որտեղ ոչ մի օրենք ու կանոն չի գործում: Եվ առաջարկեց միջոցներ ձեռնարկել: Բայց քանի որ ազատությունը, անարգել արտահայտվելու հնարավորությունն արբեցող երեւույթ է, մարդիկ հեշտությամբ չեն հրաժարվի այդ իրավունքից, մանավանդ այն արդեն նվաճված է:



Մեծ պատերազմներ են սպասվում «Ֆեյսբուքի» օգտատերերին: Վստահ եմ՝ նրանք կռիվ կտան իրենց ազատության ամեն միլիմետրի համար եւ դա չեն զիջի ոչ մի քաղաքական գործչի ու բիզնեսմենի:



Այժմ դառնանք մեր խղճուկ մամուլի վիճակին: Խղճուկ՝ քանի որ ազատ արտահայտվելու իրավունքից զրկված ենք, եւ հենց այդ ազատության սահմանափակությունն էլ խղճուկ լինելու պատճառն է դարձել: Փակ շրջան:



Ինչո՞ւ մեր լրատվամիջոցների տպաքանակները մի քանի հազարից չեն անցնում. հենց այդ սահմանափակ ազատության, ասելիքը կիսատ-պռատ հաղորդելու պատճառով: Բայց մեր թիրախները այս կիսատ-պռատի հետ էլ համաձայն չեն, դա էլ են ուզում կրճատել, ինչը նշանակում է, որ առաջիկայում «Ֆեյսբուքի» տիրույթն աճելու է, թերթերինը՝ նվազելու:



Մեր ազատությունը սահմանափակողները չեն հասկանում, որ եթե մի խումբ լրագրողների կարող են ճնշել ու դատական տույժերի մեջ խեղդել, ապա «Ֆեյսբուքի» ու «Յութուբի» հախից գալն իրենց ուժից վեր է: Մեր լրագրողական կորպուսն իրոք փոքր է, թույլ ու անպաշտպան: Բայց «ֆեյսբուքահայությունը», ինչպես իրենց կոչում են կամավոր լրագրող դարձած այդ 170 հազար հայ մարդիկ, ոչ փոքր է, ոչ թույլ, ոչ էլ հեշտ հանձնվող: Իսկ նրանց հետ ի՞նչ եք անելու, հարգելի օլիգարխներ ու քաղաքական գործիչներ:



Ինչպե՞ս եք այդ զանգվածի բերանը փակելու, արտահայտվելու իրավունքից զրկելու, դատարան քարշ տալու: Տեխնիկական առաջընթացը ձեր դեմ է, ազատ արտահայտվելու իրավունքին՝ կողմ: Մարդկանց մի մեծ խումբ հասկացել է ազատ խոսքի արժեքն ու վայելում է դրա բերած հաճույքը: Մենք՝ լրագրողներս, հաստատ ավելի զուսպ ենք, էթիկայի նորմերն ավելի շատ ենք հարգում, երկրի ու մարդկանց իրավունքների մասին ավելի շատ ենք հոգ տանում, քան «Ֆեյսբուք» կոչվող տարածքում անպատիժ ու անարգել հայհոյողները, քննադատողները, չճշտված ինֆորմացիա հաղորդողները:



Ի վերջո, եթե խնդիրը ճշտված ինֆորմացիա փոխանցելն է, իբր հասարակության շահերի համար մտահոգվածությունը, ապա սպառողն է որոշում՝ որն է ճիշտ, որը սխալ: Եվ այն ինֆորմացիան, որ պահանջարկ ու սպառում ունի, հաստատ մոտ է ճշմարտությանը, օգտակար է եւ դրական դերակատարում ունի հասարակական կյանքում: «Ֆեյսբուքը»՝ դրա վառ ապացույց: