Բանավեճ, թե փողոցային կռիվ

Բանավեճ, թե  փողոցային կռիվ
Ինչո՞ւ Հայաստանում չի ձեւավորվում բանավեճի կուլտուրա: Անցած օրը բոլորս դիտեցինք Սամվել Ֆարմանյան-Վլադիմիր Կարապետյան բանավեճը եւ հասկացանք, որ անգամ իրենց ինտելեկտուալ համարող պատգամավորացուներն ի վիճակի չեն փաստարկված, բարեկիրթ ու առարկայական վեճ վարել: Կարծում եմ՝ հեռուստադիտողի համար անգամ վիրավորական էր տեսնել, թե ինչպես են իրար հետ զուգահեռ խոսում, ավելի շուտ՝ գոռգոռում այդ երկու երիտասարդները: Եվ շատ բնական է, որ նրանցից ավելի բարեկիրթը պետք է տանուլ տար բանավեճը. երեկ Վովա Կարապետյանը հայտարարություն-առաջարկ է արել իր մրցակցին՝ ստուգել իրենց եկամուտներն ու ունեցվածքը եւ հրապարակել արդյունքները: Բայց կռվից հետո բռունցքներ ճոճելն անիմաստ է: Եվ եթե այս մակարդակում բանավեճ ու քաղաքակիրթ հարաբերություններ չեն ստացվում՝ ինչպե՞ս կարող են ստացվել Նիկոլ Փաշինյանի եւ, ասենք, Ռուբեն Հայրապետյանի կամ Սամվել Ալեքսանյանի պարագայում: Ի վերջո կարող է բանավեճի գաղափարն անգամ վարկաբեկվել: Մանավանդ երեկ արդեն Նիկոլ Փաշինյանին բանավեճի «ձեռնոց» էր նետում «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը, ով հայտնի է իր կուրիոզ հայտարարություններով: Երեկ բանավեճի մի առաջարկ էլ հնչեց եթերից՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանն էր առաջարկում բոլոր ցուցակների առաջին դեմքերին իր հետ մեջլիս մտնել: Ո՞վ դուրս կգա, երբ ՀՀԿ եւ ԲՀԿ առաջին դեմքերից բացի ոչ ոք հանդես չի գալիս, անգամ ասուլիսներ չեն տալիս ու եթեր չեն գնում: Ասում են՝ այդպիսի մարտավարություն է ընտրված: Ասում են՝ քաղտեխնոլոգներն են այդպես խորհուրդ տվել: Իբր միայն առաջին դեմքերը ռեսուրս ունեն, մյուսների՝ հրապարակում երեւալը կհեղինակազրկի, ձայներ կկորցնեն: Արդյո՞ք այդպես է: Չգիտեմ: