Ում համար կուռք, ում համար էլ` «կոկորդում ոսկոր»

Ում համար կուռք, ում համար էլ` «կոկորդում ոսկոր»
Այսօր խորհրդային սիրված բանաստեղծ, երգիչ, երգահան եւ դերասան Վլադիմիր Վիսոցկին կդառնար 75 տարեկան:



 



Ասում ենք «սիրված»՝ նկատի ունենալով այն զգացմունքները, որ տածում էին նրա հանդեպ ճշմարիտ ու անկեղծ խոսքեր լսելու այդքան կարոտ` խորհրդային կայսրության քաղաքացիները, ում համար նրա ձայնասկավառակները հայթայթելը, նրա երգերին հաղորդ դառնալը, հրաշքով նրա համերգներին «ընկնելը» մի անբացատրելի իրադարձություն էր: Փոխարենը նրան բոլորովին «չէր սիրում» կուսակցա-պետական համակարգը, ում համար Վիսոցկին իր անհանդուրժող կեցվածքով եւ տիրող գաղափարախոսության մերժողականությամբ «կոկորդում ոսկոր» էր: Նա երբեք չդարձավ ծախու, կոնյունկտուրային, համակարգին համաքայլ գնացող ու նրա պատվերը կատարող արվեստագետ, մի խոսքով` չարեց շատ ու շատ բաներ, ինչին ականատես ենք լինում նաեւ այսօր մեր իրականությունում: Ինչպե՞ս չհիշես մեկ տարվա վաղեմության միջադեպը, երբ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին Վիսոցկու մտերիմ ընկեր, անվանի կինոբեմադրիչ Ստանիսլավ Գովորուխինը հայտարարեց Պուտինի նախընտրական շտաբը ղեկավարելու իր որոշման մասին. արժեր նրան հարց տալ` «մի՞թե քո վաղամեռիկ ընկերն իրեն նման բան թույլ կտար…»:



 



Վիսոցկին խաղաց տասնյակից ավելի դերեր Յուրի Լյուբիմովի ղեկավարած Տագանկայի թատրոնում, այդ թվում եւ դասական: Իսկ նրա մարմնավորած շեքսպիրյան Համլետը լավագույններից է ճանաչվել աշխարհում, ինչի մասին անգամ չի զլացել անկեղծանալ մեծն Լոուրենս Օլիվիեն:



 



Մեծ էր նրա ավանդը նաեւ կինեմատոգրաֆում, որտեղ նրան հատկապես ճանաչում բերեց Գովորուխինի «Ուղղահայաց» ֆիլմում նկարահանվելը, իսկ այդ ֆիլմի համար Վիսոցկու գրած երգը 60-ականների յուրատեսակ «օրհներգը» դարձավ` երկար տարիներ չիջնելով միլիոնավոր մարդկանց շուրթերից: Մոտ 15 տարի տեւած նրանց համագործակցության գագաթնակետը Վիսոցկու մահից ամիսներ առաջ հեռուստաէկրան բարձրացած «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» բազմասերիանոց ֆիլմն էր, որում կերտած քննիչ Ժիգլովի դերը, անխոս, նրա կինեմատոգրաֆիական այցեքարտը դարձավ:



 



«25» թիվը կարծես խորհրդանշական էր Վիսոցկու համար. ծնվեց հունվարի 25-ին եւ մահացավ 1980-ի հուլիսի 25-ին` մոսկովյան օլիմպիական խաղերի օրերին: Շատ լավ հիշում եմ՝ մեկ օրվա տարբերությամբ մահացավ նաեւ ֆրանսիացի անվանի շանսոնիե Ջո Դասենը, եւ մինչ վերջինիս մահվան մասին լուրերով ողողված էր Կենտրոնական հեռուստատեսությունը, Վիսոցկու մասին նույն այդ եթերից ընդամենը մի կցկտուր տեղեկություն սփրդեց. «Մահացել է խորհրդային երգիչը…» ու վերջ: Դե իհարկե, օտար Դասենը համակարգի համար «…ոսկոր» չէր, եւ հետո` Կրեմլում հարգի էր «ինտերնացիոնալիզմը»:



 



Դրան հակառակ, Վիսոցկու թաղումը, մոսկվաբնակների վկայությամբ, հիշեցնում էր Եսենինի ու Մայակովսկու թաղումները` իր համաժողովրդականությամբ: Մինչ օրս էլ նրա գերեզմանին թարմ ծաղիկներ են դրվում. չէ՞ որ որոշ արժեքներ ժամանակակից ֆունկցիա չեն, անգամ եթե նրանց այդքան չի սիրում կուսակցա-պետական համակարգը:



 



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ