Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չի լինելու

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չի լինելու
«Բարեւի հեղափոխության» մարզային փուլից հետո Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքը մարդաշատությամբ ոչ զիջում էր, ոչ էլ գերազանցում նախորդներին:



 



Բայց, ի տարբերություն նախորդների, երեկ հրապարակում կարծես թե պակասել էին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, փոխարենը հանրահավաքին էին միացել արդեն մի քանի օր ընտրությունների արդյունքների դեմ դասադուլ անող ուսանողական խմբեր, ավելացել էին մարզերի անունների գրառումներով պաստառները: «Նրանք, ովքեր իմ խոսքի մեջ երբեւէ անհստակություն են լսել, թող հիմա ուշադիր լսեն, այլեւս երբեք ոչ մի զադնայա սկորոստ»,- իր ելույթն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փորձելով պատասխանել իրեն անվճռականության մեջ մեղադրողներին: Սակայն, հակառակ բողոքավոր ստվար զանգվածի սպասումներին, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ էլ ոչ միայն իշխանությանը ոչ մի վերջնագիր չներկայացրեց, այլեւ չհստակեցրեց ապագա անելիքները, խոստանալով, որ մարտի 2-ին հրավիրված «հաղթահավաքի» ժամանակ կներկայացնի մարտ ամսին իրենց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիրը: Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հռետորաբանությունից կարծես ակնհայտ դարձավ, որ նա չի պատրաստվում արմատական քայլերի գնալ:



 



Եթե նախկինում հայտարարում էր, որ պայքարը պետք է տեւի մի քանի օր կամ ամիս, երեկ հանրությանը հարցրեց՝ «մի օր տեւի, մի շաբաթ, թե մի տարի, դուք պատրա՞ստ եք ինձ հետ հավասար այս պայքարը տանել աննահանջ դեպի ապագա»: Ժողովրդի բազմությունը պատասխանեց՝ այո, սակայն շարքերում լսվեց շատերի ձայնը, թե մի տարին շատ է, ինչը ցույց տվեց, որ հավաքվածները կողմ են արմատական քայլերի: Սակայն Րաֆֆին հանգստացրեց, թե. «Նախ, իշխանությունը հետ պետք է բերենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, ամենահեռավոր ավանից մինչեւ մայրաքաղաք», ապա հերթական անգամ սպառնաց  մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին, ինչից ժողովուրդը կրկին ոգեւորված այո-ով պատասխանեց: «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, որպես նախկին նախագահ, եւս դուրս պետք է գա համալսարանից, եւ ապրիլի 9-ին այլեւս ինքը գործող նախագահ չէ: Եթե նա հարմար թեկնածու է պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, միասին կքննարկենք»,- նայելով ուսանողների կողմը՝ հայտարարեց Հովհաննիսյանը, հավելելով, որ համալսարանից նաեւ պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր կուսակցականացնում են կրթությունը:



 



Այս ասելուց հետո Րաֆֆին ակամայից Ազատության հրապարակ վերադարձրեց 2008-ի շունչը, քանի որ բոլորը միաբերան սկսեցին գոչել՝ «Սերժիկ, հեռացիր»: Ի տարբերություն նախորդ անգամների, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բացառապես դրական էր խոսում Սերժ Սարգսյանի մասին եւ թույլ չէր տալիս հակառակն անել նաեւ յուրայիններին, երեկ չկանխեց այս բացականչությունները եւ ավելի քան 2-3 րոպե ելույթն ընդհատած՝ թույլ էր տալիս, որ ժողովուրդը դա կրկնի: Ուսանողներին շնորհակալություն հայտնելուց հետո նույնն արեց սոցիալական ցանցերով աշխույժ մասնակցության համար: «Բայց խնդրում եմ, քանի որ միասին ենք տանելու այս գործը հաղթանակ, հրապարակում պետք է անենք, տանը չնստեք համակարգիչների առաջ, գիշերը կանեք դա»,- ասաց նա:



 



ՀԱՆՐԱՔՎԵ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ



 



Երեկվա հանրահավաքը նշանավորվեց մի նոր իրադարձությամբ` առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հարցերի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ` տվյալ հարցը դնելով քվեարկության: Ասաց, որ ամեն ինչում պետք է խորհրդակցի հանրության հետ, լսի նրան, իջնի հարթակից եւ բանավիճի, ազատ խոսքով, հանդարտ քաղաքացիական գիտակցությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց կողմ կամ դեմ լինելու դեպքում բարձրացնել ձեռքերը: Մասնավորապես, առաջինը  քննարկման դրեց նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, ինչին կարծես դեմ արտահայտվողներն ավելի շատ էին, քան կողմ:



 



Ապա քվեարկության դրեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը` Ազատության հրապարակում կազմել Հայաստանի Նոր կառավարության կազմը: Ժողովրդի մեծամասնությունն ակնհայտորեն կողմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին, սակայն դեմ-երն էլ իրենց հերթին բղավեցին, թե չգիտեն ինչ է առաջարկում, մենակ «այո» են ասում: «Պատրա՞ստ եք այսպես կառավարել երկիրը»,- հարցրեց Րաֆֆին՝ լսելով դրական պատասխան: «Ես մի բան ձեզ վստահեցնում եմ, սիրելի հայրենակիցներ, հենց մեր հրապարակում, վաղվանից սկսած, մարտ ամսին, գարնանամուտը Հայաստանի Հանրապետությունը տանելու է դեպի հաղթանակ»: Այսօրվա երթի մասին տեղեկացնելիս հիշեցրեց նաեւ հաղթական մարտի 2-ի մասին, «կլինի կրկին հաղթահավաք, եւ ես շատ հարցերի պատասխան կտամ հստակ: Դուք պատրա՞ստ եք մարտի 2-ին: Սա սիրո հաղթանակն է, եւ հաղթանակը պետք է տանենք մինչեւ գյուղ, քաղաք, Բաղրամյան 26: Կեցցե Հայաստանը»,- հայտարարեց  նա:



 



ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻ ՇԱՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԲԱՆ



 



Երեկվա հանրահավաքը նշանավորվեց նաեւ երկու հայտնի արվեստագետների ելույթներով:



 



Սակայն եթե Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանի ելույթը շատերին պայքարի նոր ուժ հաղորդեց, ապա երգահան Ռուբեն Հախվերդյանինը դարձավ սոցցանցերի քննադատության թիրախ: «Շատերի պես ես էլ, անկեղծ եմ ասում, չէի հավատում, որ այսպիսի շարժում կսկսվի: Շատերի պես մտածում էի, որ ժողովուրդը վախեցած է, անտարբեր,- այսպես սկսեց Վարդան Պետրոսյանը, ով Ֆրանսիայից հատուկ եկել էր հանրահավաքին մասնակցելու, ապա շարունակեց:- Ես ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ Հայկական ձմեռը, որ կանխատեսում էի, իր պասիվությամբ գոնե ավելի լավ է, քան Արաբական գարունը, որ տեսաք, թե ինչ փորձանքներ բերեց այսօր արաբ ժողովուրդների գլխին՝ հանուն նրանց երջանկության: Բայց տեղի ունեցավ մի շատ անսպասելի բան: Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, միգուցե՝ բնազդաբար, ենթագիտակցորեն, հայացք նետեց դեպի պատմական անցյալը, առողջ գենը, հայ արմատը: Վախի մթնոլորտում, ապատիայի, անտարբերության եւ անպաշտպանության մթնոլորտում լուռ, անաղմուկ գնաց եւ իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Սա էր իսկական հաղթանակի սկիզբը, որը տեղի է ունենում ի սկզբանե մարդու սրտում, գլխում, հոգու մեջ, եւ Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ: Խորքային փոփոխություններ անելու սկիզբը դրեցիք Դուք այս հաղթանակով»:



 



Փոխարենը, Ռուբեն Հախվերդյանն իր խոսքում Ղարաբաղը ներկայացրեց «հեռավոր ադրբեջանական գավառ»: «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, թե՝ պարոն պրեզիդենտ, եթե մայրիկդ 30 հազար դրամ թոշակ ստանար, դուրդ կգա՞ր: Լավ չէ, չէ՞, դա»,- Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ վերջինը եղել է կոմսոմոլի քարտուղար, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին էր պատկանում: Ուշագրավ էր նաեւ ԼՂ պատգամավոր Վահան Բադասյանի ելույթը, նա ԼՂ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին սատարելու համար հեռացվել է ՀՅԴ-ից: Ղարաբաղի պատգամավորը հայտարարեց, թե արդեն 20 տարի է` հաղթանակ է ձեռք բերվել, եւ հայ ժողովուրդն անկախության է հասել: «Սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հայ ժողովուրդն արժանապատիվ չի ապրում, ինչպես վայել է հաղթող ժողովրդին»:



 



Պատգամավորը հիշեցրեց, թե «մի քանի ամիս առաջ ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան Հայաստանին բնորոշ խախտումներով, որի արդյունքում հնարավոր եղավ անցկացնել պաշտոնական Երեւանի թեկնածուին»: Նա կոչ արեց ազատամարտիկներին՝ պինդ մնալ, եւ որ, որպես ազատամարտիկ, պատրաստ է իր կյանքը զոհել հանուն ժողովրդի: Երեկ հարթակում էր, սակայն ելույթ չունեցավ Նիկոլ Փաշինյանը, հրապարակում էին նաեւ ՀՅԴ անդամները, ՀԱԿ նախկին անդամներ եւ Հրանտ Բագրատյանը: