Պատմության ինստիտուտի տնօրենի դոկտորական ատենախոսությունը` կասկածի տակ

Պատմության ինստիտուտի տնօրենի դոկտորական ատենախոսությունը` կասկածի տակ

Hraparak.am-ն այսօր էլեկտրոնային նամակ է ստացել «Իրազեկ» ներկայացող ոմն մեկից, ով մանրամասն վերլուծել է պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դոկտորական ատենախոսությունը և բազմաթիվ վիճելի հարցեր է գտել:



 



Այս նյութը տեղ չէր գտնի մեր կայքում, եթե փաստարկված չլիներ: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ և խոստանում, որ առաջիկայում կներկայացնենք նաև անձամբ Աշոտ Մելքոնյանի կարծիքն այս հրապարակման մասին:



 



ԿԱՐԾԻՔ



 



ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» դոկտորական ատենախոսության պաշտպանության և դրա հաստատման վիճելիության հարցերի շուրջ



 



ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող Աշոտ Մելքոնյանը 2002 թվականի ապրիլի 26-ին պաշտպանել է դոկտորական թեզ՝ Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին՝ թեմայով: Աշխատանքը բաղկացած է չորս գլուխներից, իսկ ատենախոսության բուն տեքստը 386 էջ, հավելվածով` 500 էջ:



 



2002 թ. հուլիսից Ա. Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է: 2004 թ. նա ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: Հիշյալ անձը տաս տարուց ավելի հանդիսանում է նաև Հայոց պատմություն 00.01 մասնագիտական խորհրդի նախագահը և, այսպես ասած, ի պաշտոնե կոչված է ապահովել այդ խորհրդում հրապարակային պաշտպանության ներկայացվող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների գիտականությունն ու դրանց հանդեպ գիտական օբյեկտիվության չափանիշների անկողմնակալ կիրառումը:



 



Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ա. Մելքոնյանի դոկտորական ատենախոսությանն առնչվող ստորև բերված դիտողություններն ու նկատառումները թեմայի հետ լոկ հպանցիկ ծանոթ պատմաբանի եզրակացություններ են, ուստի կարծում եմ, որ այս կարծիքի հրապարակումը հիմք կդառնա ավելի մանրամասն մասնագիտական հետաքննություն ու եզրակացություններ անելու համար:



 



Նախևառաջ անդրադառնանք ատենախոսության մեջ հանդիպող գրագողության երևույթներին: Այդ մասին լավագույնս վկայում է աշխատության վերջում հեղինակի ներկայացրած օգտագործված գրականության ցանկը: Այսպես, ցանկում հիշատակվում է թուրքերեն «Kurumu, ekim, Ankara 1951» անհասկանալի աղբյուրը, որը շարունակվում է ռուսերեն c. 15, այսինքն` էջ 15, իսկ այնուհետև  զարմանալիորեն նշվում է նաև s. 60 (թուրքերենով sayfa` էջ) այսինքն` էջ 60:



 



Փորձառու գիտնականներն անմիջապես կկռահեն, որ Ա. Մելքոնյանն այստեղ ուղղակի օգտագործել է մեկ այլ` ռուսալեզու աղբյուրում հիշատակվող թուրքական աղբյուրը, սակայն չի ցանկացել հիշատակել օգտագործված բուն աղբյուրը և դիմել է գրագողության ժանրին: Նույնը կարող ենք ասել ֆրանսերեն աղբյուրի պարագայում, քանզի երեք դեպքում ֆրանսերեն guerre - պատերազմ բառը որպես querre օգտագործելը լավագույն վկայությունն է հեղինակի` ֆրանսերենին հասու չլինելու մասին (տե՛ս էջ  307 և աղբյուրների ցանկ): Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հավակնորդ տնօրենը տրվել է մատղաշ ասպիրանտական շրջանին շատ բնորոշ պոլիգլոտ երևալու գայթակղությանը, չգիտակցելով թերևս, որ այդ երևույթը, եթե այն չի հաղթահարվում կարճ ժամանակի ընթացքում, ապա կոչվում է շատ պարզ հայերեն մի բառով` գրագողություն:



 



Թռուցիկ ծանոթանալով ատենախոսության բովանդակությանը կարող ենք պնդել, որ սա միակ դեպքը չէ, որ հանդիպում ենք պաշտպանված և հաստատված ատենախոսության մեջ: Ա. Մելքոնյանը դիմել է աղաղակող մի կեղծարարության, իր աշխատանքի մատենագիտության մեջ հիշատակելով, ոչ ավել ոչ պակաս պարսկերեն օգտագործված աղբյուր, որի մասին վկայում է արաբատառ վարժ ձեռագիր մի քանի տողը, որի լուսանկարը հավաստի լինելու համար ներկայացնում ենք ստորև:



 



Պետք է պնդել, որպեսզի հեղինակը բացի թուրքերեն, ֆրանսերեն աղբյուրներից, պարտադիր կերպով ապացուցի նաև պարսկերենին տիրապետելու և պարսկերեն ձեռագիր կարդալու և գրելու իր կարողությունները: Հակառակ պարագայում գործ ենք ունենալու ապացուցման կարիք չունեցող բացահայտ գրագողության երևույթի հետ, որը լիուլի բավարար է պաշտպանված ատենախոսության հաստատումը չեղյալ համարելու համար:



 



Հեղինակի ներկայացրած ատենախոսության եզրակացությունն աշխատանքի մեկ այլ թերի, ու հետևաբար` խոցելի մասերից մեկն է: Տասը էջ ծավալով եզրակացության միայն հինգ էջն է առնչվում ատենախոսության ժամանակագրական ընդգրկմանը, այսինքն մինչև 20-րդ դարի առաջին քառորդին, իսկ մյուս մասը, դուրս գալով աշխատանքի վերնագրում սահմանված ժամանակափուլից, անդրադառնում է 1950-ականներից մինչև 2000 թ. տեղի ունեցած իրադարձություններին այն էլ հրապարակախոսական գրելաոճով` գիտության մեջ ընդունված պահանջների ու չափանիշերին համաձայն աշխատանքի հիմնական արդյունքներն ու եզրահանգումները ներկայացնելու փոխարեն: Իրերն իրենց անուններով կոչելու դեպքում ատենախոսության նման եզրակացությունը կարելի է խոտան անվանել:



 



Աշխատանքն աչքի է ընկնում գիտական-բացատրական և տերմինաբանական ապարատի լիակատար բացակայությամբ: Ընթերցողն անընդհատ բախվում է օտարաբանությունների և հայերենում բացակայող զավեշտալի ձևակերպումների:



 



Աշխատանքի վերջին գլուխը հեղինակը շարադրում է խիստ սահմանափակ աղբյուրագիտական հենքի վրա` տասնյակ էջեր ներկայացնելով Ն. Դուբրովինի և Կայսերական հնագիտական հանձնաժողովի ակտերի հիման վրա: Թերի ու անհամոզիչ է հայ-վրացական պատերազմի ներկայացումը: Այս հանգամանքը, թերևս վրիպել է պաշտոնական ընդդիմախոսների ուշադրությունից:



 



Աշխատանքը զերծ չէ նաև ուղղագրական և այլ կարգի սխալներից ու վրիպակներից: Մեծ թիվ են կազմում տեխնիկական սխալներն ու օտարաբանությունները: Միայն տեխնիկական վրիպակների քանակն անցնում է հարյուրը: Աշխատանքում հանդիպում ենք՝ «գրամոտա» (էջ 55), «կազեմատ» (էջ 196), «թուրքահպատակ գավառ» (էջ 107) կամ ասենք «հրեական սինագոգ» (էջ 196), «կապուչին» (էջ 96), «ազգային-դավանաբանական պատկանելիություն» (էջ 232) և նմանատիպ բառեր ու արտահայտություններ:



 



Աղբյուրների մեջ առկա է նաև այսպիսի ձևակերպում «Ստրաբոն. Օտար աղբյուրները հայերի մասին» (էջ 36): Հայտնի է, որ անտիկ շրջանի մեծ աշխարհագետն այսպիսի աշխատանք չունի…



 



Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թալանի ենթարկած գեներալ Ցիցիանովի սպանությունը Ա. Մելքոնյանը բնորոշում է որպես «ողբերգական վախճան» (էջ 114):



Ա. Մելքոնյանի համար սովորական և ընդունելի են «ավետարան», «ամենայն հայոց կաթողիկոս» (էջ 233),«վեհափառ» (էջ 234), «մեծ եղեռն» (էջ 23), «մատենադարան» բառերն ու արտահայտությունները փոքրատառով գրելը: Մեկնաբանություններն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ են:



 



Հեղինակը տեղյակ չէ, որ ռուսալեզու աղբյուրներում հիշատակվող և Վրաստանի տարածքում գտնվող Սիգնախը Սղնախն է: (էջ 227)



 



Հեղինակի մոտ Ախալքալաքի բերդի թուրք պաշտպանները ցուցաբերում են «հազվագյուտ ամրության օրինակ» (էջ 179):



 



233-րդ էջում հանդիպում ենք այսպիսի զավեշտալի ձևակերպման. խոսելով առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու հոր մասին` Ա. Մելքոնյանը գրում է.  «… ՀՀ առաջին վարչապետ Հ. Քաջազնունու հայրը, որի անունը նույնությամբ ընդօրինակել էր որդին»:



 



Լեզվական և մտքի ձևակերպման սխալ է նաև թուրքերեն ուսուլ (usul բառացի` իմաստուն, խելոք) բառը Կարնո բարբառով որպես «հանդարտ, սառնասիրտ» բացատրելը:



 



258-րդ էջում կարդում ենք հետևյալը. «Պողոս Աբելյանի գլխավորությամբ Էրզրում տեղափոխված ախալքալաքցիների խումբը, որը մաս կազմեց «Քաղաքների միություն» ազգային-բարեգործական կազմակերպությանը…»: Այստեղ խոսքը գնում է համառուսաստանյան “Земский союз городов России”  կազմակերպության մասին, որը բարեգործական գործունեություն էր իրականացնում Ռուսական կայսրության տարածքով մեկ, այդ թվում նաև Անդրկովկասում, սակայն կոպիտ սխալ է այն որպես «ազգային-բարեգործական կազմակերպություն» ներկայացնելը:



 



Նույն էջում հղում տալով Երվանդ Լալայանի աշխատանքին, Ա. Մելքոնյանը խոսում է խորհրդավոր ինչ-որ վելցիների մասին:



 



Հայերենում գոյություն չունեցող «օգնություն ցուցաբեցել» արտահայտությունն ատենախոսության մեջ զարմանալի հաստատակամությամբ հանդիպում ենք երեք տեղում (տես էջ 236, 238, 258)



 



Ա. Մելքոնյանի ուշադրությունից դուրս են մնացել թեմային առնչվող կարևորագույն սկզբնաղբյուրները, որոնցից թերևս հիշատակության արժանի է խիստ կարևոր մի փաստաթուղթ. 1921 թ. Վրաստանի հայ ազգային խորհրդի կողմից կազմված և վրացական իշխանություններին ներկայացված “MEMORANDUM Учредительному собранию о национальном самоуправлении армян в Грузии” սկզբնաղբյուրը, որի մասին հեղինակի անտեղյակությունը լուրջ բացթողում է ատենախոսությունը պատրաստելու գործընթացում:



 



Եզրակացություն



 



 



ա. Ա. Մելքոնյանի «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» դոկտորական ատենախոսությունը հրապարակային պաշտպանության է ներկայացվել խիստ թերի վիճակում:



 



բ. Ատենախոսության մեջ առկա են վիճելի ձևակերպումներ ու եզրահանգումներ, որոնք անհարիր են դոկտորական ատենախոսության ներկայացման պահանջներին:



 



գ. Ատենախոսության մեջ տեղ են գտել գրագողության մի քանի օրինակներ. մի քանի էջեր ուղղակի թարգմանություններ են մեկ աղբյուրից, սակայն հղում է արվում սկզբնաղբյուրի միայն մեկ էջին (էջ 159-163): Ատենախոսության մեջ ակնհայտ և ապացուցելի են գրագողության օրինակներ, որոնք անհապաղ պետք է ենթարկել փորձաքննության:



 



դ. Ատենախոսի կողմից կազմված տասը էջ ծավալով եզրակացությունը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն դոկտորական ատենախոսության պատրաստման պահանջներին, այլև իր բովանդակությամբ հեռու է գիտական տեքստ շարադրելու պահանջներից:



 



ե. Աշխատանքում առկա են շուրջ հարյուր ուղղագրական, ոճական ու տեխնիկական սխալներ ու վրիպակներ, որոնք հեղինակը զլացել է ուղղել և սրբագրել մինչ աշխատանքը հրապարակային պաշտպանության ներկայացնելը:



 



զ. Հեղինակի օգտագործված աղբյուրագիտական ցանկը թերի է և աղճատ, ինչը խիստ խոցելի է դարձնում աշխատանքի գիտականությունը: Հեղինակը հիշատակում է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն մեկական աղբյուրներ, որոնց վերնագրերի հետ ծանոթացումը վկայում է այն մասին, որ հեղինակը չի տիրապետում այդ լեզուներին, հետևաբար կարիք կա անկախ փորձագետների ներկայությամբ ապացուցել տվյալ օտարալեզու աղբյուրներից հեղինակի օգտվելու կարողությունները:



 



Աշոտ Մելքոնյանի ատենախոսության վերաբերյալ սույն կարծիքն ուղարկում ենք Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` ի գիտություն, որպեսզի վերանայվի ոչ միայն 00.01 մասնագիտական խորհրդի նախագահի մասնագիտական կարողությունների լիարժեքությունը, այլև վերոնշյալ դոկտորական ատենախոսության անհամապատասխանելիությունը գիտությունների դոկտորի աստիճանի հայցման պահանջներին:



 



Իրազեկ