Փողոցը հաղթում է շուկային

Փողոցը հաղթում է շուկային

«Եթե գյուղապետարանից թուղթ բերես, որ քո բերքն ա՝ մնա-վաճառի, իսկ եթե վերավաճառող ես, մեկ ժամ քեզ ժամանակ՝ հավաքես բերքդ ու մտնես շուկա, եթե դժվար ա, մարդ կանչեմ՝ քեզ օգնի»: Այսպես ասելով՝ Հրազդանի ոստիկանության աշխատակիցներն առեւտրականներին  մտցնում են շուկա, որ փողոցն ազատեն, որտեղ մարդիկ փորձում են առեւտուր անել: 



 



Մի կողմից՝ կանգնելու տեղի վարձ չեն տալիս, մյուս կողմից՝ վաճառքը լավ է գնում:



 



Իսկ շուկայի ներսում իսկական իրարանցում է: Ներսի առեւտրականները բողոքում են։ «Ոչ մի վերավաճառող թող դուրսը չկանգնի, մենք էստեղ կանգնում ենք, օրական 1000 դրամ վարձ ենք տալիս, իսկ դրսում կանգնածը վարձ չի մուծում, ապրանքն էլ ծախում ա: Առավոտվանից էս ցրտին կանգնել եմ, 3 հազար դրամի առեւտուր եմ արել, որից 1000-ը պիտի տեղի վարձ տամ, լրիվս էլ մի օրի ենք՝  գյուղացի թե վերավաճառող՝  թող շուկա գա ու իր բերքը ծախի։ Էդ ի՞նչ ա էդ փողոցի վիճակը. մի կողմից մեքենաներն են, փոշին դնում ա էդ ապրանքի վրա, ոտքի տակ, ինչի վա՞տ ա, որ մտնեն շուկա, իրենց ապրանքը ծախեն, թողնեն-գնան: Պայքարում են փողոցային առեւտրի դեմ, բայց էլի նույնն ա, մեր ժողովուրդը ե՞րբ պիտի կուլտուրա ունենա»,- ասում է շուկայի առեւտրականներից Մանուշակ Դավթյանը:



 



Շուկայի պատասխանատու Աշոտ Ստեփանյանը հավելեց, որ գյուղացիներից ոչ մի կոպեկ չեն վերցնում, սակայն որքան էլ փորձում են մարդկանց ներս բերել՝ չեն գալիս, ստիպված՝ իրավապահներն են միջամտում: Քաղաքի բնակիչները, սակայն, վարժվել են, այսպես կոչված՝ «փողոցային առեւտրին» քաղաքի գրեթե բոլոր հատվածներում, այն դեպքում, երբ ջրային, ջերմային կամ որեւէ այլ մշակման չենթարկված ուտելիքը վաճառվում է մայթերին, քաղաքի փոշու, ցեխի ու ավտոմեքենաների թունավոր արտանետումների պայմաններում:



 



Իսկ ո՞վ է մեղավորը։ «Անպարտելի» փողոցային առեւտրակա՞նը, «անզոր» քաղաքային իշխանությո՞ւնը, թե՞ գնորդները։ Գուցե եկել է ժամանակը, որ մի քիչ ավելի հարգանքով վերաբերվենք ինքներս մեզ ու մեր առողջությանը:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ