Նախարարը վարչապետի ծրագիրը լուրջ չի համարում

Նախարարը վարչապետի ծրագիրը լուրջ չի համարում

Դեռեւս անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը շատ լուրջ դեմքով այցելում էր Գյումրի ու վստահեցնում, որ առնվազն երեք նախարարություն տեղափոխվելու է երկրորդ մայրաքաղաք՝ քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Առաջինը՝ մշակույթի նախարարությունը, ապա՝ սպորտի եւ երիտասարդության հարցերինը:



 



Խոսվում էր նաեւ քաղաքաշինության նախարարության մասին: Թեեւ այս ծրագիրը ոտքից գլուխ խնդիր էր ու, ըստ կանխատեսումների, չգործող, բայց Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ դա հնարավոր է:



Նույնիսկ Գյումրիում շենքեր էր տնտղում: Բայց պարզվում է, նրա ենթակա գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ դա «աշխատող տարբերակ չէ», եւ այդ մասին հրապարակավ հայտարարում: «Գյումրի տեղափոխման հարցը մասամբ բարձրացվեց, էդ ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: «Հարցը երեք նախարարություններին է վերաբերում, բայց երեքն էլ լոկ խոսակցություն է եղել»,-շարունակեց թերահավատ տոնով՝  նշելով, որ «դա աշխատող չէ»: Դե, Հասմիկ Պողոսյանը, ինչ այդ թեման սկսել էր շոշափվել, հոգեխանգարմունքի մեջ էր ընկել ու ամեն կերպ փորձում էր ազդել Տիգրան Սարգսյանի իդեա-ֆիքսի վրա:



 



Հասմիկ Պողոսյանի համար այդ գաղափարն ի սկզբանե անհրապույր է եղել, բայց նրա ցանկությունը ոչ մեկը հաշվի չի առնում, հակառակը՝ վարչապետը Հասմիկ Պողոսյանին պարտադրում է ոչ միայն սիրել այդ գաղափարը, այլեւ նույնիսկ ապրել այդ երազանքով: Այս մասին Տիգրան Սարգսյանը հայտարարել էր Գյումրի կատարած մի այցի ժամանակ: Վարչապետը լրագրողներին ասել էր, թե Պողոսյանն այդ երազանքով է եկել Գյումրի եւ ողջ ճանապարհին իրենց համոզում էր իր երազանքն իրականություն դարձնել:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ