Սա Հայաստանն է, այստեղ դու անտեր ես

Սա Հայաստանն է, այստեղ դու անտեր ես

Փետրվարի 3-ից աղետի գոտու վերածված Վանաձորի մասին երկրի պաշտոնատար անձինք սկսեցին խոսել միայն երեկ, երբ արդեն խնդիրը գրեթե լուծված էր: «Վանաձոր քաղաքում վերացվել են գազի վթարի հետեւանքները, եւ գիշերվանից գազը բաշխվել է ամբողջ համայնքում»,- կառավարության երեկվա  նիստից առաջ այսպես զեկուցեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ իր «շեֆին» լուսավորեց մոտ 100 հազար բնակչություն ունեցող հանրապետության երրորդ քաղաքի գլխով եկածի մասին, իսկ վարչապետն էլ իր հերթին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:



 



Քաղաքում դեռ փետրվարի 3-ի առավոտյան  խոշոր վթար էր տեղի ունեցել գազի հիմնական մագիստրալի վրա, ինչի արդյունքում Վանաձորը ոչ միայն գազից էր զրկվել, այլեւ հոսանքից եւ ջրից. հոսանքալարերը, չդիմանալով գերծանրաբեռնվածությանը, շարքից դուրս էին եկել, իսկ ջրերը խողովակներում սառել: Առանձնապես ծանր էր վիճակը հիվանդանոցներում եւ ծննդատներում։ Այս ամենը դեռ բավարար չէր, բնությունն էլ իր հերթին էր անգութ գտնվել վանաձորցիների հանդեպ,15-25 աստիճան ցուրտ էր այստեղ: Իսկ փռերի թերի աշխատանքի հետեւանքով խանութներում կամ հաց չկար, կամ էլ հացը կրկնակի թանկ էր վաճառվում։ Նման պարագաներում, թվում է՝ ողջ կառավարման համակարգը պետք է ոտքի կանգնեցվեր, բոլոր վթարային ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն միայն քաղաքի պատասխանատուներն էին կցկտուր հուսադրում, թե քիչ անց գազամատակարարումը կվերականգնվի: Քար անտարբերություն էր բոլոր կողմերից, այդ թվում՝ ընդդիմության, իսկ տարածքից ընտրված Էդմոն Մարուքյանն այս օրերին գործուղման է:



 



 



ԱԻՆ-ը բավարարվեց դեպքի մասին մեկ հաղորդագրությամբ եւ այս օրերին առանձնակի հանդարտությամբ իր խիստ կարեւոր աշխատանքն էր կատարում եւ իրազեկում, թե համակարգի «փրկարարները» քանի փակ դուռ են բացել: Իսկ ահա Սերժ Սարգսյանը գերազանցեց բոլորին. փետրվարի 5-ին, ի հեճուկս աղետի մատնված վանաձորցիների, նա այցելեց արտակարգ իրավիճակների նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրեց ու մի շարք մեդալներ ու պարգեւներ բաժանեց, հպարտությամբ խոսեց համակարգի կայացածության մասին ու հորդորեց ավելի շատ ուշադրություն դարձնել մարզերին: Փոխարենը ոչ մի խոսք Վանաձորի արտակարգ իրավիճակի մասին: Սերժ Սարգսյանը հավանաբար տեղյակ չէր, որ Վանաձորում արտակարգ իրավիճակ է, որովհետեւ դժվար է հավատալ, որ երկրի նախագահն այդպես բացահայտ արհամարհանք դրսեւորեր ժողովրդի հանդեպ: Երեկ փորձեցինք պարզել, թե արտակարգ իրավիճակների նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել Վանաձորում արտակարգ իրավիճակում բնակչությանն օժանդակելու համար: «Զորօրինակ ի՞նչ,- հարցին հարցով արձագանքեց համակարգի մամուլի պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը, ապա շարունակեց:- Մեր լիազորությունները հետեւյալն են, որ ամենայն աջակցություն են ցուցաբերում վերականգնողական աշխատանքներին եւ օպերատիվ արձագանքում որեւէ դեպքում, երբ մեզ դիմում են: Խոսքը վերաբերում է, երբ անհրաժեշտություն կա որեւէ տեղ տեղափոխել ինչ-որ մեկին եւ այլն, եւ այլն»: ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանն էլ փոխանցեց, որ «ամեն ինչ» արել են, որպեսզի օգնեն վերականգնողավթարային աշխատանքները հնարավորինս արագ իրականացնելու համար: «Հիմնական աշխատանքները կատարվում էին «ՀայՌուսգազարդի» բրիգադաների կողմից, մենք լուսավորություն ենք ապահովել, բայց դե, դա հիմնական աշխատանքներ չեն»,-ասաց նա: Իսկ անելիքներ չունե՞ր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, թե՞  խնդրի լուծումը կախված էր բացառապես Հայաստանում մինչեւ 2043 թվականը անձեռնմխելի իրավունքներ ստացած եւ «Գազպրոմ Արմենիա» դարձած «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչների բարի կամքից, որտեղից հավաստիացնում էին, թե վթարը մեծ է: Մեր այս հարցին ի պատասխան, էներգետիկայի նախարարի մամլո քարտուղարը նշեց, որ, համաձայն կառավարության 2007 թվականի «էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգում եւ դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու մասին» որոշման, Վանաձորի պատահարը հանդիսանում է տեղամասային վթար, որի քննությունն իրականացնում է շահագործող ընկերությունը, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ Արմենիան»: Այսինքն՝ տեղին են այն եզրահանգումները, որ այսուհետ նման պատահարների ելքը կկանխորոշվի միայն ռուսի բարի կամքից կախված: Միեւնույն ժամանակ, բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 2.8 կետի համաձայն, «Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը եւ ընդհատման տեւողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տեւողությունը` 36 ժամը բացառությամբ, եթե ընդհատումը ֆորսմաժորի հետեւանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով»: Ակնհայտ է, որ այս դեպքը ֆորսմաժորային չէ, ուրեմն սպառողների շահերի կոպիտ խախտում է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կանդրադառնա՞ այս խնդրին,  պատասխանատվություն կպահանջի՞ «Գազպրոմ Արմենիայից» ՓԲԸ-ից, թե՞ այս դեպքն էլ կպարտակի այնպես, ինչպես գազի գնի գոյացման հարցը, երեկ չկարողացանք ճշտել:



 



 



 



ՀԳ. Պատահական չէ, որ  ընդդեմ կուտակային կենսաթոշակի բողոքի ալիքն առաջինը վարակեց վանաձորցիներին. քաղաքացիական ակտիվիստները նախատեսում են փետրվարի 8-ին մարզկենտրոնում անցկացնել բողոքի ակցիա: 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]