В Сочи, на три ночи

В Сочи, на три ночи

Խապրիկ մը առինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու:



 



Անկեղծ ասած` շատ էլ չուրախացանք: Իսկ որ ավելի անկեղծ լինենք` ընկանք մտածմունքի մեջ: Մենք, ախր, այդ օլիմպիադայում ընդամենը մի զույգ երկու կենտ մարզիկ ունենք, իսկ Սերժ Սարգսյանը մի տեղ որ գնում է, հետն այնքան մարդ է տանում, որ մեր խեղճուկրակ բյուջեն ճողվածք է ստանում: Հաշվեք հապա` սպորտի փոխնախարարը մի քանի հոգու հետ արդեն այնտեղ է: Հյուրանոց է, սննդի հարց է, բան է, պիտի կարգավորի, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ մի ինքնաթիռ մարդ է լինելու:



 



Ի դեպ իմացանք, որ Սոչիի շինարարական եւ նախապատրաստական աշխատանքների մեջ ատկատը կարգին տեղ է ունեցել: ՌԴ իշխանությունները, որ հայտարարել են 54 միլիարդ դոլար ծախսելու մասին, այդ գումարի կեսը հաստատ տակով են արել: Այս մասին գրել են ամենահեղինակավոր լրատվամիջոցները` CNN-ը, BBC-ն, Chikago Tribune-ը… Հայաստանի պատվիրակությունը խորհրդային տիպի հյուրանոցներում հո չի՞ հանգրվանելու կամ հո կոյկա չի՞ վարձելու սոչիաբնակ տատիկների մոտ: Եվ հետո` Սոչիում է լինելու նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը: Մենք պիտի մեր ռազմախը ցո՞ւյց տանք, թե՞ ոչ:



 



Եվ, այնուամենայնիվ, մի քիչ մտահոգ ենք: Երեք-չորս մարզիկի հետեւից մի ինքնաթիռ մարդ է գնում` առանց որեւէ հույսի, որ նրանցից մեկը կհասնի Finish-ին: Finish-ը՝ դեռ ոչինչ, դու ասա դահուկային եւ լեռնադահուկային արահետներում չմոլորվեն: Այս մասին, հուսանք, մտածել են եւ հետները ԱԻՆ-ից ու հրշեջ ծառայություններից մարդիկ են տանում: Շամշյանին էլ տանեին` վատ չէր լինի: Հեռագիրը կգար. Հայաստանը ներկայացնող մարզիկը որոշել է զարտուղի կարճ ճանապարհով հասնել վերջնագծին եւ գլորվել է մոտակա ձորակը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարենապահակային գումարտակի առաջին վաշտի…



 



Հա, ասում են` պարենի հարցը, իսկ որոշ տեղեկությունների համաձայն, նաեւ մյուս հարցերը լուծելու է Գագիկ Ծառուկյանը` համանուն հիմնադրամի փողերով, որպեսզի բյուջեն ճեղքվածք չտա: Այս հանգամանքը, սակայն, մերոնք խնամքով թաքցնում են օլիմպիական շարժման առաջին դեմքերի աչքից, քանզի դա չի համընկնում օլիմպիական շարժման մաքուր գաղափարների հետ: Եթե այդպես լիներ` ամեն մեծահարուստ իր թիմը կհաներ օլիմպիադայի, էլ ինչո՞ւ պիտի այսքան պետությունների ղեկավարներ հավաքվեին, այսքան աղմուկ լիներ:



Բայց ինչ էլ լինի, միեւնույն է, երբ բարով-խերով հետ վերադառնան, Ծառուկյանի համար որոշակի պայմաններ կստեղծեն ծախսած գումարները վերականգնելու նպատակով: Չենք չարախոսում: Դա բիզնեսի օրենքն է` դու ինձ, ես` քեզ, առ եւ տուր…



 



Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ քաղաքական գետնի վրա: Եթե մի հրաշքով օլիմպիական մարզաձեւ հայտարարվեր նաեւ «բոբսլեյով դեպի ՄՄ»-ն, Սերժ Սարգսյանը, վստահաբար, իր հավասարը չէր ունենալու: ՄՄ-ի գաղափարի հեղինակ Պուտինն էլ գուցե հետեւից չհասներ: Բայց մարզաձեւի բացակայությունը, կարծում ենք, չի անդրադառնա Սերժ Ազատիչի տրամադրության վրա: Նա, ինչ էլ լինի, կգտնի ձեւը ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ անդամների հետ լուսանկարվելու՝ ապացուցելու համար, որ ՄՄ մտնելու ամենակարճ ճանապարհը ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների պահպանումն է:



Սպասվում է, որ Սոչիի օլիմպիադան շրջադարձային հանգրվան է լինելու ռուս-վրացական հարաբերությունների համար, եւ Սարգսյան-Ալիեւ զույգի վրա հատուկ կամերաներ չեն աշխատելու: Բայց դա չի նշանակում, որ մենք Սերժ Սարգսյանին տրիբունաներում չենք տեսնի: Պուտինը հոգացել է, ասում են, որ բացման արարողության շոուն համեմված լինի ազգային մշակույթների տարրերով: Հուսանք` Հայաստանը եւ հայկական մշակույթը չեն մոռացել եւ, որպես այդ մշակույթի մաս, կցուցադրեն ՀՀ նախագահին, ՀԱՕԿ նախագահին, սպորտի նախարարին ու այլոց եւս:



 



Իսկ ինչ վերաբերում է գազի, Որոտանի ՀԷԿ-ի, կուտակային կենսաթոշակի, տրանսպորտի գնի հետ կապված եւ այլ աղմուկներին, ապա կարծում ենք, որ մեր ընդդիմությունը կամք կունենա եւ օլիմպիադայի օրերին կդադարեցնի հակա-ՀՀԿ-ական մարտական գործողությունները:



 



Վերջում մեր օլիմպիականներին մաղթենք հաջողություն եւ բարի վերադարձ, իսկ եթե երջանիկ պատահականությամբ նաեւ կարողանան հիմնը հնչեցնել… 



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ