Եթե ՀՀԿ-ն ուզում է հարվածել ԲՀԿ-ին, ապա թող ստեղծեն այդ հանձնաժողովը

Եթե ՀՀԿ-ն ուզում է հարվածել ԲՀԿ-ին, ապա թող ստեղծեն այդ հանձնաժողովը

2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 6 տարի անց՝ 2014-ի մարտի 1-ին, ՀԱԿ-ն Ազատության հրապարակում 10 զոհերի հիշատակին նվիրված պահանջատիրական հանրահավաք կանի մի ուժի դաշնակցությամբ, որը մարտի մեկի ոճրագործությանն անմիջական մասնակցություն է ունեցել:



 



Խոսքը ԲՀԿ-ի մասին է, թեպետ երկուստեք երեկ վստահեցումներ էին տալիս, որ ոչ պաշտոնական հրավեր է եղել եւ ոչ էլ մասնակցության մասին որոշում, այդուհանդերձ, ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ խորհրդարանի ոչ իշխանական բոլոր ուժերի համար մարտի 1-ը դառնալու է որոշիչ: Խորհրդարանական քառյակի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համար կարծես թե բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են հասարակական ընդվզումը գագաթնակետին հասցնելու համար, ուկրաինական դեպքերից բխող ոգեւորությունն ու էներգետիկան նպաստում են դրան: Ավելին, ըստ լուրերի, ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքին ավտոբուսներով մարզերից մարդիկ բերել եւ հրապարակը բազմամարդ դարձնել: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ուկրաինական  զարգացումների հեռանկարը հաշվի առնելով, Մոսկվան որոշակի զիջումներ կպարտադրի հայաստանյան իշխանություններին, զորօրինակ՝ կառավարության արձակում եւ կոնսենսուսով նորի ձեւավորում:



 



ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ հետագա գործողությունները պայմանավորում է այն «էներգետիկայով, որը կտիրի Ազատության հրապարակում, եւ այն պահանջներով, որը կբարձրացնեն այդ հրապարակում հայտնված մարդիկ»: Նա վստահ է, որ մարդիկ գալու են հրապարակ ոչ միայն մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու, այլեւ իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու: «Որովհետեւ երկրում տիրում է մի վիճակ, որը կարելի է ամենաթողություն համարել: ՀՀ քաղաքացու որեւէ խնդիր լուծում չի գտնում, բայց նա նաեւ հասկանում է, որ արտագաղթով խնդիր չի լուծվում, գուցե անձնական խնդիր է լուծվում, բայց երկիրը դատարկելով՝ ազգային անվտանգության խնդիր է առաջացնում»: ՀԱԿ պատգամավորը նորմալ է վերաբերվում անգամ ԲՀԿ մասնակցության հանգամանքին. «Եթե մենք խորհրդարանում կարողանում ենք համագործակցել՝ ինչո՞ւ ոչ: Վերջին հաշվով մենք բոլորս մտահոգ ենք երկրում տիրող իրավիճակով: Եթե դա մեր բոլորիս խնդիրն է, ապա համախմբումն ուղղակի անխուսափելի է»: Մարտի 1-ի հրապարակը չի՞ վարկաբեկվի մի ուժի ներկայությամբ, որը, ըստ ՀԱԿ գնահատականների, անմիջական մասնակցություն է ունեցել այդ դեպքերին: «Դա ապացուցված չէ, եւ եթե ՀՀԿ-ն շահագրգիռ է ու նաեւ ուզում է, որ դա ապացուցվի, եթե ուզում է հարվածել ԲՀԿ-ին, ապա թող ստեղծեն այդ հարցով հանձնաժողով: Ես հավատում եմ անմեղության կանխավարկածին»,-  ասաց տիկին Սարգսյանը եւ, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների մասնակցության վերաբերյալ հայտնի հայտարարությանը, հավելեց. «Տեր-Պետրոսյանն ասում էր, որ կան էդ կարգի թղթեր, որը դեռ պարզ չի, թե որտեղից են: Այսինքն՝ Ձեզ համար խո՞րթ է, որ իշխանությունը, երբ իրեն անհրաժեշտ է, գցում է նման բաներ՝ վարկաբեկման գործընթացի համար: Նույնպիսի բան են արել: Ես դա չեմ ասում նաեւ նրա համար, որ կարծում եմ, թե ԲՀԿ-ի հետ կապված խնդիր չկա, ես ասում եմ՝ քանի դեռ մեղքն ապացուցված չէ, մենք իրավունք չունենք ԲՀԿ-ին այդպիսին դիտարկելու: Մինչդեռ ՀՀԿ-ի մեղքը նույնիսկ ապացուցման կարիք չունի»: Տիկին Սարգսյանը չի բացառում, որ 6 տարի անց կարող է պատմությունը կրկնվել այն իմաստով, որ պարբերական հանրահավաքների շարք սկսեն, համենայնդեպս ինքը մեծ ցանկություն ունի. «Մի բան փաստ է, որ եթե ժողովուրդը ծայրահեղությունների մեջ ընկնի եւ այլեւս ելք չտեսնելով պահանջի նման գործողություններ, քաղաքական ուժերը չեն կարող դա կանխել, ավելին՝ քաղաքական ուժերը նրա կողքին կկանգնեն, ես մի գրամ չեմ կասկածում: Անբարոյական կլինի այն մարդը, որը ժողովրդի՝ իր կողքին լինելու պահանջը կմերժի»: ՀԱԿ պատգամավորը նաեւ մանեւրի տեղ է թողնում, թե խոսքը չի վերաբերում սադրիչներին. «Մեր աչքը բավականին փորձառու է, եւ նույնիսկ ձայնի նրբերանգները հուշում են, թե ում հետ գործ ունենք»:



 



Դիսկոմֆորտ չե՞ն ունենա ԲՀԿ-ականները, մասնակցելով մարտի 1-ի հանրահավաքին՝ հարցրինք ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանին: «ԲՀԿ-ն նման որոշում չունի, ինքը մասնակից չէ, եւ ամեն մեկն ինքն է որոշում ինչպես մասնակցել, ինչի՞ մասին եք խոսում: Չի բացառվում՝ ես էլ գնամ-տեսնեմ ինչ են խոսում»,- ասաց նա: Այսինքն, ԲՀԿ-ն տեղ չունի՞ հարթակում: «Չեմ կարծում, թե տեղը նշանակություն ունի, բայց կոնկրետ ես ելույթ չունեմ»: Իրականում ԲՀԿ-ում դեռ զգուշավոր են եւ ակտիվություն չեն ցուցաբերում: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն նույնպիսի դիրքորոշում են դրսեւորում եւ տեղեկացնում, որ ոչ նման հրավեր են ստացել, ոչ էլ քննարկել, մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, կլինի անհատական: Մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները կասկած չունեն, որ Հայաստանում Մայդան կլինի:



 



«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ կրկնվի այն ամենը, ինչը եղավ, ունենանք այդքան զոհեր, մեր երկիրը վերածվի անհասկանալի դժվար կառավարման միավորման: Արդյոք մենք իրականում ունե՞նք այն ներքին քաղաքական հենքը, որ նման պայմաններ եւ նման իրավիճակներ ստեղծվեն: Անշուշտ՝ ոչ,- վստահեցնում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ բացատրում:- Ուկրաինական դեպքերի առիթն ու դրդապատճառը արտաքին քաղաքական որոշումներն են եղել նախկին իշխանությունների: Հայաստանում արտաքին քաղաքականության վերաբերյալ, բացի տակտիկական տարաձայնություններից, այլ տեսակի հույժ տարաձայնություններ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը գոնե չունեն»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]