Արևելյան գործընկերության երկրները տարածաշրջանային համագործակցություն են իրականացնում

Արևելյան գործընկերության երկրները տարածաշրջանային համագործակցություն են իրականացնում

Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները Թբիլիսիում կազմակերպված համաժողովում հաստատել են համընդհանուր պատրաստակամությունը՝ սերտացնել սահմանամերձ շրջանների միջեւ համագործակցությունը եւ մասնակցել տարածաշրջանային համագործակցության ծրագրերին։ Միջազգային համաժողովի քննարկման թեմաներ դարձան այն առաջնահերթությունները, խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, որ դրված են Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության (ԱլԳՏՀ) ծրագրերի (EaPTC) հիմքում։



 



Կենտրոնական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի քան 160 ներկայացուցիչներ եւ անկախ փորձագետներ առաջին անգամ հավաքվել էին՝ նշելու Տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը։ Սա միջսահմանային շրջաններին հնարավորություն կտա ԵՄ աջակցությամբ ժամանակակից միջոցներ գտնել տարածաշրջանային զարգացման ընդհանուր հիմնահարցերի լուծման համար։



 



ԱլԳՏՀ ծրագրի բյուջեն բաշխված է չորս ծրագրերի վրա.



Հայաստան-Վրաստան- 1,35 մլն եվրո



Ադրբեջան -Վրաստան - 1,35 մլն եվրո



Բելառուս – Ուկրաինա - 3,3 մլն եվրո



Մոլդովա-Ուկրաինա - 3,3 մլն եվրո



Համաժողովը վերահաստատեց մասնակից երկրների պատրաստակամությունը՝ դրամաշնորհային ծրագրերի մրցույթների անցկացման վերաբերյալ։ Հայաստան-Վրաստան ծրագիրն առաջինն է պատրաստվել մրցութային հայտերի ընդունմանը. Գործընկերներն արդեն նախանշել են համագործակցության առաջնահերթությունները եւ հաստատել են համատեղ գործողությունների ծրագիրը։



 



Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին հանդիպմանը նշել է. «Վրացական կողմը ողջունում է տարածաշրջանային համագործակցության մեկնարկը։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կնպաստի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարի դրացիական հարաբերություն ամրապնդմանը»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)