«Հայաստանում իշխող վերնախավը պատրաստ է ցանկացած քայլի». բաց նամակ Բակո Սահակյանին

«Հայաստանում իշխող վերնախավը պատրաստ է ցանկացած քայլի». բաց նամակ Բակո Սահակյանին

Քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը և ԼՂ քաղաքացի Վարուժան Գաբրիելյանը ոչ պաշտոնական բաց նամակով դիմել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին.



 



«Համայն հայությունը և Հայաստանը Արցախին տրամադրում են փող և զինվորներ՝ դիտարկելով Արցախը որպես Հայրենիքի անվտանգության երաշխավոր։ Միաժամանակ, դա Արցախի համար պատասխանատվություն է ստեղծում ողջ հայ ժողովրդի առջև։



 



Արցախի դիրքորոշումը, որ հետվերադարձը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից առաջ գոյություն ունեցող կարգավիճակին չի կարող լինել հակամարտության խաղաղ կարգավորման պայման, արտահայտում է համայն հայության կարծիքը։



 



Արցախի կամքը՝ ինքնուրույն հանդես գալ խաղաղ կարգավորման գործընթացում, հանդիսանում է կարևորագույն քաղաքական ձեռքբերում։ Այն նշանակում է, որ Արցախի պետական շահերին առնչվող քաղաքական հարցերի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները այսուհետ չեն կարող իրականացվել առանց Արցախի անմիջական մասնակցության։



 



Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի վերնախավը Կրեմլի հետ միասին ցանկանում է քողարկել սեփական սնանկությունը` Արցախում արհեստական ճգնաժամ ստեղծելու միջոցով։



 



Մեր կարծիքով, Սերժ Սարգսյանը որոշել է գերտերություններին ներկայացնել խնդիրն այնպես, իբր ԼՂՀ նախագահն իր դիրքորոշումներով խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին։



 



Այն, որ Հայաստանում իշխող վերնախավը պատրաստ է ցանկացած քայլի՝ հանրության մոտ այլևս կասկած չի հարուցում։



 



Եթե այս ամենը նպատակ է հետապնդում Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել, ապա միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը դրանով իսկ փորձ է անում «Մադրիդյան սկզբունքների» տապալման հարցում խուսափել անձնական քաղաքական պատասխանատվությունից։



 



Նման պայմաններում ԼՂՀ նախագահի հրաժարականը քաղաքական իմաստով կնշանակի նահանջ Արցախի կողմից ներկայումս ողջ աշխարհին ներկայացրած դիրքորոշումից և պետական գործչի համար կառաջացնի մեծագույն պատասխանատվություն հանրության առջև։



 



Քանի որ մենք պատասխանատու ենք համարում մեզ այս պատմական պահին թույլ չտալ ոչ մեկին ժողովրդի մեջքի հետևում դիմելու քաղաքական գործարքների, ուստի անհրաժեշտ համարեցինք գրավել ձեր ուշադրությունը, որ Երևանի կողմից նման փորձերի դեպքում դուք միայնակ չեք լինի ազգային շահերին հակասող քաղաքականության դեմ պատնեշ ստեղծելու հարցում»։