ՀՀԿ-ն գնաց «վաստակած» հանգստի

ՀՀԿ-ն գնաց «վաստակած» հանգստի

ՀՀԿ ԳՄ-ն երեկ փակեց իր «նստաշրջանը», ԳՄ հոգնած ծերակույտի անդամները կմեկնեն մեկամսյա վաստակած հանգստի, ու քանի որ այս տարի հրահանգ չկա Հայաստանից դուրս չգալու, կմեկնեն արտասահման, հիմնականում` Եվրոպա, իրենց ջղագրգիռ նյարդերն այնտեղ հանգստացնելու: Կվերադառնան օգոստոսին: «Իրականում ոչ մի դադար էլ չկա»,- ասացին ծերակույտում. ըստ ՀՀԿ կանոնակարգի` ԳՄ նիստերն ամիսը մեկ պետք է տեղի ունենան: Բա ինչո՞ւ եք ամեն շաբաթ «կրակ տված» հավաքվում, էդքան պաշտոնյա, էդքան լրագրող, էդքան ցուցարար «գործից կտրում», անցկացնում Մելիք Ադամյանով. ազգի վիճա՞կն է ծանրացել ՀՀԿ-ի սրտին: «Ֆորմալ առումով ամեն շաբաթ ոչ թե ԳՄ, այլ աշխատանքային նիստեր են, իսկ հավաքվել ամեն շաբաթ անհրաժեշտ է, որովհետեւ հավաքվել-քննարկելու հրատապ խնդիրներ միշտ կան»: Իսկ վերջին ԳՄ-ներում քննարկվե՞լ է Եվրասիական միությանն անդամակցության ժամկետների հարցը: «Ոչ»: Հիշեցնենք, որ նախորդ ԳՄ նիստը հրավիրվել է այն օրը, երբ Պուտինն ասել էր` մոտակա ժամկետներում Հայաստանը եւս կանդամակցի, իսկ Ղազախստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին նշել էր հոկտեմբերը,  ի պատասխան ԳՄ-ականների հարցի, Սերժ Սարգսյանն ասել էր. «Ինչ կա` կա, նոր բան չունեմ ավելացնելու»: Իսկ Հովիկ Աբրահամյանը ԳՄ-ին կներկայացնի՞, թե, ի վերջո, ինչ է խոսել Սոչիում Դմիտրի Մեդվեդեւի հետ. որեւէ ձայն-ձուն չլսվեց: «Բացի նախագահից, մնացածներն իրենց այցերի մասին հաղորդում չեն ներկայացնում ԳՄ-ում, առանձին են զեկուցում  նախագահին»: