Լևոնից հետո սպասվում են նո՞ր ձերբակալություններ…

Լևոնից հետո սպասվում են նո՞ր ձերբակալություններ…

Լրագրողներով ինտրիգների ենք ման գալիս,- վարչապետն է ասում. «Դուք ամեն օր ման եք գալիս ինտրիգներ, չգիտեմ ինչու»:  Առավոտյան քնից հելնում, լվացվում ու կժերը ուսներիս առած ինտրիգի ենք գնում: Ու երեկ երբ ինտրիգային աղբյուր գնացինք, ջրի քչքչոցից  լսեցինք, որ բարերար, հայրենասեր Լևոն Հայրապետյանին Ռուսաստանում ձերբակալել են: Եթե մի ուրիշ մեծահարուստի ձերբակալեին, կասեինք՝ օխա՜յ, սրտներովս է: Ջուրն էլ ուրախությունից մի լավ կքչքչար: Բայց Լևոնի դեպքում վրդովվեցինք՝ Արցախի, Հայաստանի համար սիրտն ու հոգին տվեց՝ ինչու՞ են ձերբակալել: Այս անհանգստությամբ էլ լրագրողները դիմեցին վարչապետին, դե նա էլ պատասխանում է. «… եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ինչ անենք գնանք…»: Նման դեպքում ուզում ես վարչապետ Հովիկի ճակատը պաչես ու ասես՝ հա՜, դուք էդպես էլ անարատ մնացեք, օրենքի տառը էդպես էլ պահպանեք… Ձեր օրինական ջանին մեռնենք: Բայց ասելուց առաջ ուշքի ես գալիս՝ բա վարչապետը որտեղի՞ց գիտի, որ օրենք է խախտել, գուցե հոդվածն էլ ասի՝ որ հոդվածով են դատելու: Վարչապետը  մի հարցում վրիպում է թույլ տալիս, երբ ասում է. « Կարող են Լեւոնին բռնեն, վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին, ինչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես»: Այո, ի՞նչ կապ ունի վարչապետը Բարխուդարի, Սիմոնի կամ… Լևոնի հետ: Զարմանալի է, որ ուշադրություն չի դարձվում, որ դրանով վարչապետը վերջակետ չի դնում: Լևոնից հետո սպասվում են նո՞ր ձերբակալություններ: Ու անձեռմխելի՞ է վարչապետը կամ չկա՞ դրա մեջ: Խոսքը վստահ է հնչում՝ ինչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես: Բայց զգուշանանք վարչապետի խոսքից՝ վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին… Այս պարզ թվացող ժողովրդական խոսքի մեջ, ինչպես վարչապետն է ասում, ես ինտրիգ գտա: Չուրախանաք, դրանում ձեր ուզած մարդիկ չկան, Հովիկն է ասում՝ ինչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես: Կամ մեզ հետ ընդհանրապես:




ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ