Հարգում են քեզ, երբ ընդդիմադիր ես

Հարգում են քեզ, երբ ընդդիմադիր ես

«Բոլորն ուզում են ինձ նկարել, ինչպես մի բալերինայի»,- այս խոսքերով լրագրողների հետ հանդիպումն սկսեց վրացական կինոյի լեգենդար ռեժիսոր Օթար Իոսելիանին, ում հետ հանդիպումը, չնայած կարճ ժամանակին, վերածվեց վարպետության դասի։ Իոսելիանին այն ռեժիսորներից է, ում ֆիլմերը Վենետիկի, Բեռլինի եւ մի շարք միջազգային կինոփառատոններում ստացել են ամենաբարձր մրցանակները։ Ռեժիսորը Հայաստանում է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հարգանքի տուրք՝ ի պատիվ հռչակավոր ռեժիսոր Օթար Իոսելիանիի 80-ամյա հոբելյանի» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում կցուցադրվեն նրա «Տերեւաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» եւ «Խաժամուժ» ֆիլմերը։



 



Կինոյի հարցում ռեժիսորն ավելի քան անկեղծ ու անսպասելի սահմանում է տալիս։ «Կինոն ինձ համար երկրորդական բան է, բայց անհրաժեշտություն՝ անհրաժեշտ բան, ուրիշ բան, ցավոք, չեմ կարող անել»,-ասում է ռեժիսորն ու պատմում, որ մինչեւ կինոյի ասպարեզ մտնելը ով ասես, չի եղել՝ մաթեմատիկոս, երաժիշտ, դաշնակահար, ճարտարապետ, հիշում է, որ որոշել էր մաթեմատիկայով զբաղվել, բայց զինվորական կոմիտեն եկել, ընտրել էր մի քանիսին ռումբեր, հրթիռներ պատրաստելու համար, ու քանի որ ռումբեր չի ցանկացել սարքել, թողել է մաթեմատիկան ու մտել կինո։ Ապա հիշեցնում է Սոլժենիցինի խոսքերը. գլխավորը՝ չմասնակցել չար գործի։



 



Պատմում է, որ երբ ընդունվել է ռեժիսուրայի ֆակուլտետ, Դովժենկոյի արվեստանոց, վերջինս նույն տարում էլ մահացել է, եւ իրենք առանց նրա ավարտել են կուրսը. «Բայց ոչ մի սրիկա դուրս չեկավ այդ կուրսից»։ Վրաց ռեժիսորը պատմում է, որ Մոսկվայում սովորելուց հետո վերադարձել է Վրաստան եւ սկզբում տարբեր «ապուշ» ֆիլմերի մոնտաժներ արել, որից հետո սկսել է իր ֆիլմերը նկարել։ Բայց Իոսելիանիի ֆիլմերը մեկը մյուսի հետեւից սկսել են արգելել, դրան հաջորդել է այն, որ ի վերջո արգելել են նաեւ աշխատել, ֆիլմեր նկարել, եւ այդպես՝  8 տարի։ Բայց եկել է Շեւարդնաձեն ու հնարավորություն ստեղծել, որ մեկնի Ֆրանսիա, որտեղ դարձյալ արգելել են իր ֆիլմերը։



 



Նա անդրադառնում է նաեւ սովետի ժամանակ գործող ռեժիմին, ապա ընդգծում, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա հարգում են քեզ, երբ ընդդիմադիր ես։ Վերակառուցման շրջանից հետո միայն այդ արգելքները վերացան, բայց, ինչպես Իոսելիանին է նշում, կինոն էլ վերացավ, այլեւս պետությունը չէր ֆինանսավորում կինոն։ Ռեժիսորը խոսում է նաեւ հանդիսատեսից, ընդգծելով, որ իր եւ իր սերնդի կոլեգաների հանդիսատեսը էլ կինո չի գնում. «Կինոն ժամանցի բան է դարձել, բայց նկատի ունեցեք, որ հանդիսատեսն էլ է այլասերվել, էլ չասեմ այդ փոփքորնի հոտի մասին»։



 



Վրաց ռեժիսորը խոսում է նաեւ Երեւանի մասին ու ցավով նշում, որ ճարտարապետները քաղաքն այլանդակել են, իսկ տարիներ առաջ իր տեսած Երեւանում տները տներ էին, քաղաքը՝ քաղաք, կարելի էր թեթեւ հիմարություններ անել, եւ հարուստներ էլ չկային. «Քաղաքը շնչում էր, նկատի ունեցեք, որ Թիֆլիսն էլ հայկական քաղաք էր, եւ ես հայերի շրջապատում եմ մեծացել։ Հետո, ցավոք, սերնդափոխություն եղավ, հայերը գնացին, Թիֆլիսն էլ դատարկվեց։ Պիտի հիշես, որ եթե մի տեղից երկար ժամանակով բացակայում ես, հետո վերադառնալու ես մի տեղ, որը քեզ արտասահման է հիշեցնելու»։    



Վրաց ռեժիսորին հարց են տալիս նաեւ Ուկրաինայի դեպքերից, ասում է՝ քաղաքական գործիչ չէ, բայց մի բան զգում է հաստատ, որ «էլեգանտ» բան տեղի չի ունենում, եւ 2 կողմից էլ դիվանագիտական սխալներ են թույլ տրվում։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]