Ես ուղղակի նախանձոմ եմ Դավիթ Շահնազարյանին (տեսանյութ)

Ես ուղղակի նախանձոմ եմ Դավիթ Շահնազարյանին (տեսանյութ)

Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ միշտ նախանձել եմ այն մարդկանց, ովքեր էս գլխից ամեն ինչ գիտեն ու հենց մի բան է պատահում, տուտ ժե տալիս են իրենց սպառիչ գնահատականը:



 



Դավիթ Շահնազարյանն, անխոս, այդ մարդկանցից մեկն է և ես նրան նախանձում եմ:



 



Ինչպե՞ս չնախանձես մի մարդու, ով, դեռ Ուկրաինայում Բոինգ-777-ը գետնին չհասած, Ինքը Երևանում արդեն գիտի, որ խփել են, գիտի ովքեր են խփել, ինչու են խփել... Չէ, այս մեկը՝ ինչու են խփել, չգիտի, բայց այդ հարցն այնպես է շրջանցում, որ տպավորություն է ստեղծվում, թե դա էլ գիտի:



 



Որպեսզի հիմնավոր դարձնի իր ասածները, Դավիթ Շահնազարյանը չի մոռանում մեզ տեղյակ պահել, որ ինքը հետևել է Բոինգի կործանման հետ կապված ողջ լրահոսին: Եվ, ահա թե ինչ է պարզել՝ Բոինգը խփել է կամ Ռուսաստանը, կամ նրա ցուցումով կռվող Դոնեցկի աշխարհազորը: Այդպես էլ ասում է՝ միանշանակ, միանշանակ է որ նրանք են խփել:



 



Եթե Դավիթ Շահնազարյանը ասեր նաև, թե ռուսները կամ Դոնեցկի աշխարհազորը ինչու են խփել այդ բազմաչարչար Malaysia Airlines-ի ինքնաթիռը, նախանձս կատարյալ էր լինելու:



 



Ու հիմա չկա մեկը, որ ինձ ասի, թե միջազգային այս հսկայական ճնշման տակ Ռուսաստանի կամ Դոնեցկի անջատականների ինչի՞ն էր պետք մերկ հետույքներին կատու շալակել: Մի՞թե Մոսկվան ու Դոնեցկը չէին հասկանում, որ բավական է նման մի առիթ տան ու արդեն ոչ թե սուտ պատժամիջոցներ կկիրառվեն, այլև գործնական քայլեր:



 



Բայց գանք Դավիթ Շահնազարյանի տեղեկացվածությանն ու անալիտիկ մտքին, որին ես այնքան նախանձում եմ: Նա, ընդամենը տեղյակ լինելով, որ Բոինգ է ընկել ու մեջը 283 ուղևոր է եղել, տուտ ժե եզրակացրել է, որ ռուսներն են խփել, կամ նրանց ցուցումով կռվող աշխարհազորը: Այդպես էլ ասում է՝ միանշանակ, միանշանակ է, որ նրանք են խփել: Ո՞նց չնախանձես...



 



Պարզվում է, որ Մեծ Բրիտանիայում էլ Դավիթ Շահնազարյանի նման մտածողներ կան: Բոինգը դեռ գետնին չհասած՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են հրավիրել բոինգի գծով: Դեռ ՄԱԿ հիշյալ նիստը չսկսված՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարում է, որ հակաահաբեկչական գործողությունների գոտում պետք է փոխել տակտիկան ու ավելի որակյալ պայքար ծավալելու նպատակով երկիր հրավիրել այլ պետությունների (բացառությամբ Ռուսաստանի) զինված ուժեր: Պորոշենկոյի այդ խոսքի վրա էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենն է իրար խառնվում, Օբաման է այնտեղից հրահանգում՝ ոչնչի ձեռք չտալ, մինչև մասնագետները հասնեն աղետի վայր:



 



Ես, իհարկե, ավելի մանրամասն տեղեկություններ էլ ունեմ: Օրինակ, որ ուկրաինացի դիսպետչերները Բոինգի անձնակազմին կարգադրել են իջեցնել օդանավը մինչև 10,06 կմ բարձրության, մինչդեռ նախնական պայմանավորվածության համաձայն, ինքնաթիռը Ուկրաինայի երկինքը պետք է անցներ 10,6 կմ բարձրության միջանցքով: Ի տարբերություն Դավիթ Շահնազարյանի, գիտեմ նաև, որ 2001 թվականին անկախ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռը որոշ խելացի գեներալների պատճառով հարվածեց Ty-154 ինքնաթիռին և սպանեց մոտ 70 մարդու: Արդեն նույնիսկ աշխարհը գիտի, որ Դոնեցկի շրջանում տեղի էր ունեցել ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի վերադիսլոկացիա և հենց այդ տարածքում էին տեղակայվել Ուկրաինայի զինուժի БУК М1 համակարգերը և այլն: Բայց ինչո՞ւ, Դավիթ Շահնազարյանի նման, ես չեմ կարողանում միանշանակ, միանշանակ պնդել, որ Ուկրաինայի բանակն է խփել Բոինգը:



 



Պուտինը որ Պուտին է, դարձյալ չի կարողանում միանշանակ ասել, որ Ուկրաինան է խփել: Նա ասում է. «Պատասխանատվությունն ընկնում է այն երկրի վրա, որի տարածքում նման խայտառակություն է տեղի ունենում»:



 



Եվս մի նկատառում: ՄԱԿ-ից, թռիչքների անվտանգության միջազգային կազմակերպությունից, Մալայզիայից, Ամերիկայից, մյուս շահագրգիռ երկրներից մասնագետներ պետք է գան և ուսումնասիրեն տեղի ունեցածը, իսկ Դավիթ Շահնազարյանին չեն կանչել: Ինչո՞ւ չեն կանչել: Բայց կանչեն՝ ի՞նչ անեն: Դավիթ Շահնազարյանն ամեն ինչ գիտի: Երևի նախանձում են:



 



Էդիկ Անդրեասյան