Իսկական թատրոն էր. ամբիոնում եղածներից մինչև ոստիկանները հրաշալի էին խաղում

Իսկական թատրոն էր. ամբիոնում եղածներից  մինչև ոստիկանները հրաշալի էին խաղում

Մի բան չեմ հասկանում՝ մարդու իրավունքի տեսանկյունից: Արթուր Բաղդասարյանն իրավունք ունի մեր նախագահին ու վարչապետին փնովի, նրանց չգիտեմ էլ ինչ կարգի հրեշներ դարձնի, պահանջի, որ էլեկտրաէներգիան չթանկացնեն, իսկ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) իրավունք չունի՞ Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնը մի հասարակ թղթի վրա կպցնել մեծն հռետորի ամբիոնի՞ն: Վիլենը մեղավո՞ր է, որ ԱԽՔ մեծատառերով գրությունը Արթուր Բաղդասարյանն ընդունել է որպես ածական՝ հաշվի չառնելով, որ այն հապավում է և ընդամենը նշանակում է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ մեծատառերը վկա: Մյուս կողմից էլ ոստիկաններին չեմ հասկանում. Դուրները գալի՞ս է, որ Արթուրը պես- պես բաներ է ասում վարչակարգի մասին, նման դեպքերում իրենք են կռիվ հրահրում, խանգարում, իսկ այս դեպքում նրանք ամեն ինչ անում են, որ ՕԵԿ նախագահը խոսի, հա՜ խոսի, քննադատի  իշխանություններին: Հեչ սրտները  չի ցավում մեր էս «համով- հոտով» իշխանությունների համար, երբ Արթուրն է խոսում: Կարո՞ղ է ուզում են Արթուրի սուր ճոճելուց հետո, ասեն՝ սիրուն չի և լույսի գինը նույնը թողնեն: Ինչևէ, այդպես էլ չհասկացա, թե ինչու էին ոստիկանները պաշտպանում իշխանությանը դեմ խոսող Արթուրին: Ինչու՞ Վիլենի թևերը ոլորեցին ու ոստիկանության մեքենան գցեցին: Կամ այն կնոջը, որ Արթուրին դավաճան էր ասում, ինչու՞ թույլ չտվին, որ ինքն էլ ամբիոն բարձրանա: Օեկականները ջուր լցրեցին նրա վրա ու մի լավ Վարդավառ արին: Մի խոսքով իսկական թատրոն էր ու ամբիոնում եղածներից սկսած մինչև ոստիկանները հրաշալի էին խաղում:  Մասսայական տեսարաններն էլ լավ էր նկարահանված:



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ