Սոչիում բեկում չի լինի

Սոչիում բեկում չի լինի

Սոչիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը նախորդներից առավել քան սպասված է՝ վերջին շաբաթների հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված նախապատերազմական իրավիճակի պատճառով: «Հույս ունենք, որ հանդիպման ժամանակ ձեռք կբերվեն շատ կարեւոր պայմանավորվածություններ»,- նախօրեին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը չի վախենում պատերազմից։ Իսկ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 8-ին կամ 9-ին է նախատեսված՝ Սոչիում:



Հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նույնպես երեկ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում: Առաջիկա հանդիպումը հետաքրքրական է նաեւ այն համատեքստում, որ ամիսներ շարունակ խոսվում էր Ֆրանսիայի նախագահ Օլանդի` Սարգսյան-Ալիեւ հանդիպման առաջարկի մասին, միջազգային հանրության կողմից նույնպես աննախադեպ ակտիվություն էր դրսեւորվում ղարաբաղյան խնդրի շուրջ, օրինակ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աղմկահարույց ելույթը, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Բայց միայն Մոսկվային հաջողվեց մի քանի օրում, այսպես ասած՝ «ոտի վրա» կազմակերպել Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Բոլորին հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ նոր փաստաթուղթ կստորագրվի առաջիկա հանդիպման ժամանակ կամ արդյոք կստորագրվի՞ որեւէ բան, կլինի՞ բեկում՝ հաշվի առնելով Արցախի խնդրի նկատմամբ վերջին շրջանում աննախադեպ ակտիվությունը:




ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով, բեկում չի լինի. «Երբ եղավ Ուորլիքի հայտարարությունը, տպավորություն կար, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվանալ, լուծում տալ կոնֆլիկտին, երբ նախագահ Օլանդը կողմերին առաջարկում էր հանդիպում կազմակերպել Փարիզում, այստեղ էլ երեւում էր, որ փորձ է արվելու լուծում գտնել բանակցային գործընթացի առաջընթացի մասին, իսկ Սոչիում նախատեսվող հանդիպումը ես անգամ դժվարանում եմ ուղղակի կապել Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, որովհետեւ այդ հանդիպումը ձեռնարկվեց ընդամենը ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով: Ռուսաստանն ընդամենը կփորձի հանդես գալ հաշտարարի կամ խաղաղություն հաստատող պետության կարգավիճակով»: Ռուսաստանն այս պահին, ըստ Իգիթյանի, լավագույն վիճակում չի գտնվում, նրա վարկանիշը՝ պայմանավորված Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրադարձություններով, ընկած է: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինչ-որ քայլեր է անում կոնֆլիկտի լուծման համար, եւ նա է տարածաշրջանում հարց լուծողը: «Նա կփորձի ներքին լծակներով ազդեցություն ունենալ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի վրա»: Եթե հիշում եք, ՌԴ-ն նման ակտիվություն ցուցաբերեց նաեւ ռուս-վրացական պատերազմից հետո: Եվ Մեդվեդեւի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում արձանագրված որոշակի ակտիվությունը, դրանից հետո ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի վարկանիշի բարձրացմանը, քան ԼՂ հիմնախնդրի լուծմանը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրեթե նույն կարծիքին է եւ հավանական է համարում, որ որեւէ փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Ենոքյանը կասկածում է, որ Ռուսաստանը խաղաղարար զորքերի տեղակայման առաջարկ կանի. «Այս ռաունդում դա կարող է չանել, դեռ շուտ է»:




Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]