Երբ Սեյրան Օհանյանի հպարտությունը կարող էր բազմիցս խոցվել

Երբ Սեյրան Օհանյանի հպարտությունը կարող էր բազմիցս խոցվել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ որոշել էր ասուլիս հրավիրել: Թվում էր, թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում առկա արտակարգ վիճակը պետք է ստիպեր նրան խոսել միայն կոնկրետ իրավիճակից, արտաքին ուժերի պահվածքից, իրենց անելիքներից, պատասխանել լրագրողներին եւ, ըստ այդմ՝ հանրությանը հուզող բոլոր հարցերին, փարատել բոլոր կասկածները, հուսադրել ու համոզել, բացատրել ու արդարանալ: Բայց Սեյրան Օհանյանը չդիմացավ գայթակղությանը եւ որոշեց օգտվել ստեղծված վիճակից: Հակառակորդի դիվերսիոն խմբերին հետ շպրտած մեր զինվորներին փառաբանելով ու նրանց հերոսական պահվածքն ու բարձր մարտական ոգին գովաբանելով՝ նա այնքան ոգեւորվեց, որ հայտարարեց. ինքը հպարտ է, որ ղեկավարում է զինված ուժերը: Այն, որ մեր զինվորների հերոսական պահվածքով մենք բոլորս հպարտ ենք, դրանում կասկած չկա, բայց Սեյրան Օհանյանի հպարտությունը, երբ իր՝ ՊՆ ղեկավար եղած ժամանակաշրջանում բազմաթիվ իրադարձություններ են եղել եւ երեւույթներ, որոնք խոսում են ՊՆ վատ աշխատանքի, բանակում առկա խնդիրների մասին, առնվազն տարակուսելի է:




Արդյո՞ք պաշտպանության նախարար եղած տարիներին ինքը նույնչափ «հպարտ» է եղել, երբ, օրինակ, տեղի էր ունենում Բուդաղյան եղբայրների եւ Լիսկայի՝ Սյունիքի նախկին մարզպետի միջադեպը, որն ավարտվեց զինվորականի սպանությամբ, ու ոչ ոք պատիժ չկրեց: Արդյո՞ք իր հպարտությունը չխոցվեց, երբ երեք տարի առաջ բացահայտվեց, թե ինչպես է ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալի ու մի շարք զինվորական պաշտոնյաների կողմից բանակը կերակրվել գոմեշի ժամկետանց մսով, եւ կրկին գլխավոր պատասխանատուները չպատժվեցին: Արդյո՞ք իր հպարտությունը չի խոցել իրենց իշխանության գործունեության հետեւանքով այն ահռելի արտագաղթը, որն իր հետ տարել է պոտենցիալ զինվորներին: Իր հպարտությունը պետք է խոցված լիներ նաեւ այն հանգամանքից, որ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց խուսափած բազմաթիվ երիտասարդներ իրենց իշխանության կողմից խրախուսվել ու բարձր պաշտոնների են արժանացել, իր հպարտությունը կարող էր խոցվել, երբ այդ նույն դասալիքները, զինվորական համազգեստ հագած, մեկնում են դիրքեր՝ PR շոուներ կազմակերպելու:




Մենք կարողացանք այս հարցերից միայն մի քանիսը հնչեցնել, Սեյրան Օհանյանը խոժոռվեց եւ հայտարարեց, որ ժամանակը չէ հին ու լուծված գործերին անդրադառնալու: Հիմա, փաստորեն, իրեն դիֆերամբներ ձոնելու ժամանակն է: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Մենք ոչ միայն պատերազմական գործողությունների, այլեւ խաղաղ ժամանակում ենք շարունակում զոհեր տալ: Բանակում տիրում է կոռուպցիան ու հովանավորչությունը:



Սահմանից հեռու զորամասերում հարուստ «պապաների» զավակներն են ծառայում, սահմանին՝ աղքատների: Պաշտպանության նախարարություն կոչվող գերատեսչությունն ահռելի ու ուռճացված կառույցի է վերածվել, որտեղ անվերահսկելի միջոցներ են ելումուտ անում: Եվ այս բոլորի պատասխանատուն ինքը՝ պաշտպանության նախարարն է:
Սակայն Սեյրան Օհանյանը կարծում է. «Ես ցավում եմ, որ գոնե այս իրավիճակում դուք նորից փորձում եք անդրադառնալ այն խնդիրներին, որոնք որ վաղուց արդեն իրենց լուծումն ստացել են ոչ միայն զինված ուժերի ղեկավարության, այլեւ ՀՀ այլ պատասխանատու կառույցների, իրավապահ մարմինների կողմից: Ես ցավում եմ յուրաքանչյուր հրամանատարի ու զինվորի համար եւ հպարտ եմ նրանցով: Վաղուց մեզ մոտ նման թերություններ չկան»: Ապա գոմեշի մսի գործով հիշեցրեց վաղեմության ժամկետը՝ 3 տարին ու համապատասխան պատիժները, մինչդեռ կոնկրետ պատասխանատու Արշալույս Փայտյանի միակ պատիժը եղավ պաշտոնից զրկվելը: Գլխավոր խնդրի՝ արտագաղթի մասին. «Զինված ուժերի ձեռնարկված միջոցառումներով ստեղծվում են համապատասխան պայմաններ արտագաղթի վերացման ուղղությամբ՝ պայմանագրային զինծառայողների ավելացման հարցերով եւ որոշակի առումով արդարության հիմքերի ստեղծմամբ, որն իրականացնում ենք զորակոչի շրջանում: Մենք յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ոչ քիչ քանակությամբ զորակոչ ենք անում, քան երկու տարի առաջ, մենք այն իրականացրել ենք հենց արդարության հիմքերի ստեղծմամբ, եւ զորակոչի ընթացքում ովքեր փորձել են խախտումներ անել, նրանք բոլորն էլ հեռացվել են աշխատանքից, եւ այդ միջոցառումները շարունակվում են»: Իսկ գեներալ Հայկազ Բաղմանյանի թանկարժեք՝ 150 հազար դոլարանոց մեքենայի եւ թիկնազորով շրջելու մասին հարցին պատասխանելով ասաց, որ «մարտական փառապանծ ուղի անցած» գեներալի հետ, հավանաբար, ընկերներն են շրջել, որը շփոթմունք է ստեղծել, թե իբր թիկնազորով է շրջում, իսկ մեքենան նվեր է ստացել Ռուսաստանի ընկերներից, բարերարներից: Եթե գեներալ Հայկազ Բաղմանյանը նման շքեղ նվեր կարող է ստանալ, ապա չի բացառվում, որ պաշտպանության նախարարին ավելի թանկարժեք նվերներ են բաժին հասնում:



 



ՀԳ. Սեյրան Օհանյանի «հպարտությունը», այնուամենայնիվ, խոցվեց մեր հարցերից, նրա տրամադրությունն ընկավ, եւ հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին: Ասուլիսի ավարտից հետո, երբ մոտեցանք հարցեր տալու, լսելով «Հրապարակի» անունը, նա հայտարարեց, որ չի պատասխանելու մեր թերթի հարցերին: Խոսնակը կողքից գոտեպնդեց «շեֆին», թե՝ մեր իրավունքն է չպատասխանելը, եւ միասին հեռացան: Այնինչ կառավարության անդամ, հարկատուների փողերից սնվող, պետական պաշտոնյա Սեյրան Օհանյանի պարտականությունն է լրագրողների հարցերին պատասխանելը՝ անկախ դրանց բովանդակությունից ու հաճելի-տհաճ լինելուց: Մանավանդ այլ «տհաճ» հարցեր տվողներ չկային՝ մեր գործընկերներն ամեն գնով բարձրացրին նախարարի տրամադրությունը՝ նրան ուղղված շռայլ հաճոյախոսություններով:




 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]