Սոչիի հանդիպումը չի՞ թուլացնի լարվածությունը

Սոչիի հանդիպումը չի՞ թուլացնի լարվածությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սոչիում սպասվելիք Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, հավանական համարեց, որ մինչ հանդիպումը Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը սահմանում պահպանել:



 



«Հանդիպումից հետո քիչ հավանական է ակնկալել խաղաղ իրավիճակ եւ լարվածության նվազում: Դրա համար ՀՀ զինված ուժերն այս ժամանակահատվածում եւ հանդիպումից հետո պետք է լինեն մեր դիրքերում»,-ասել է նախարարը: «Բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք համապատասխան ընթացք տալ խաղաղ լուծման ընթացքին»: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերների պասիվ պահվածքին, Օհանյանը նշեց. «ՀԱՊԿ երկրները մտահոգվում են, բարոյական աջակցություն են հայտնում եւ փորձում են ազդել եւ մեր, եւ հակառակ կողմի վրա, որպեսզի փորձեն այս լարվածությունը թոթափել»: Սակայն, պաշտպանության նախարարի կարծիքով, սա այն իրավիճակը չէ, որ դիմենք ՀԱՊԿ աջակցությանը: «ՀԱՊԿ աջակցությանը կարող ենք դիմել այն ժամանակ, երբ կլինեն լայնածավալ գործողություններ»: Անդրադառնալով գործընկերների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, նա նշեց, որ նախորդ տարի համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ-ի հետ համագործակցությունը «գտնվում է բարձր մակարդակի վրա»:



Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին շրջանառվող տեղեկությունների հետ կապված վստահեցրեց, որ նման խնդիր այսօր չկա, քանի որ հայկական բանակն ինքնուրույն կարողանում է լուծել իր առջեւ դրված խնդիրները. «Երկրագնդի վրա մեր տարածաշրջանում արցախյան հակամարտության գոտին միակ վայրն է, որտեղ առանց որեւիցե երրորդ ուժի, հայկական եւ ադրբեջանական ուժերի հավասարակշռության պահպանման, մարտական ոգու եւ որակական պատրաստության մեր առավելության շնորհիվ մենք պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Ճիշտ է, իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ, որովհետեւ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը»:



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]