Ադրբեջանցիներին «բռատ ջան» է ասում

Ադրբեջանցիներին «բռատ ջան» է ասում

Հայաստանից Վրաստան ավտոմեքենա գնելու մեկնողների մի հսկա խավ է գոյացել այս տարիներին: Անգամ բարձր մաքսատուրքերը չխանգարեցին, որ հայ վարորդները վրացական շուկաներից մեքենա գնեն եւ վարելով հասցնեն Հայաստան: Հայ ավտոներկրողների մեջ կան մարդիկ, որ գրեթե ամեն շաբաթ Վրաստան են մեկնում: Այստեղ ավտոմեքենաների մեծ ու ապազգային մի շուկա է գործում, որտեղ ոչ միայն վրացիներ, հայեր կան, այլեւ շատ ադրբեջանցիներ: Շուկայում բոլորը հավասար են, եւ առեւտուրն էլ ազգություն չի ճանաչում. ուստի, մերոնք սերտորեն շփվում են ադրբեջանցիների հետ, որոնք, ինչպես հայերը, Վրաստանից մեքենաներ են գնում եւ իրենց երկրում վերավաճառում։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ իրենք ադրբեջանցիների հետ շատ լավ հարաբերություններ ունեն, սեղան են նստում, հաց են կիսում միմյանց հետ, իրար տեսնելիս «բռատ ջան» են ասում ու ողջագուրվում։
«Մենք չենք ատում ադրբեջանցիներին, մենք ատում ենք նրանց իշխանություններին, վերնախավին, որն էդ մարդկանց սրտերը լցնում է ատելությամբ, նրանց դարձնելով մեզ թշնամի։ Բոլորս էլ Աստծո համար հավասար ենք, եւ իրենք մեղավոր չեն, որ զոհ են մի իշխանության, որտեղ բռնապետեր են, եւ մարդուն դարձնում են գազան»,-ասում է Հովհաննիսյանը։ Տիգրան Հովհաննիսյանը ժողովրդական դիվանագիտության դասական օրինակ է, նա մշակել է մի ծրագիր, որը կօգնի նմանատիպ շփումների միջոցով նաեւ քաղաքական եւ տնտեսական հարցեր լուծելուն։



 




«Ես հանձնարարել եմ, որ ադրբեջանցիները եւ վրացիներն իրենց իսկ երկրում ստեղծեն մեզ պես ավտովարորդների պաշտպանության լիգայի օրինակով կազմակերպություններ։ Ես նրանց տվել եմ թարգմանված իմ ծրագրերն ու կանոնադրությունները։ Մենք արդեն իսկ քննարկում ենք Հարավային Կովկասի ավտովարորդների պաշտպանության կոմիտե ստեղծելու ծրագիրը, որը կաշխատի թեկուզ որեւէ միջազգային կառույցի ֆինանսավորմամբ, բայց կնպաստի մեր ազատ տեղաշարժին Ադրբեջանում, Վրաստանում, իսկ նրանց համար՝ մեր երկրում»։




Հովհաննիսյանը հետաքրքիր պատմություններ է անում հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումներից։ «Ասում են՝ եթե Քոչարյանն ու Սերժը Ղարաբաղից չլինեին, դուք, հայերդ, շուտվանից էդ հողերը մեզ կտայիք, չեք տալիս, որովհետեւ ձեր նախագահների ծննդավայրն է»,-հիշում է Հովհաննիսյանն ու ավելացնում. նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր հայի համար Ղարաբաղն ավելի թանկ է, քան իրենց հիշատակած մարդկանց համար։
Եվ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ երկու կողմի ավտոներկրողները, այսօր մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները, պատրաստ են համագործակցել եւ պաշտպանել իրենց գործընկերների շահերն իրենց երկրներում։ Ըստ Հովհաննիսյանի՝ եթե իրենց ծրագիրն սկսի աշխատել, ադրբեջանցի վարորդները՝ մեր երկրում, իսկ հայերն Ադրբեջանում կկարողանան ազատ տեղաշարժվել։




Ելիզավետա ԱՍԱՏՐՅԱՆ