Սա լոկ հայտարարություն է, ոչ մի գործողություն այստեղ չկա

Սա լոկ հայտարարություն է, ոչ մի գործողություն այստեղ չկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերի իր պաշտոնական էջում գրառում է թողել՝ հայտարարելով, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը։ Երկրորդ փուլը կարող է սկսվել:




ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առանձնապես լուրջ չի վերաբերվում այս հայտարարությանը։
«Սա առաջին անգամ չէ, անընդհատ նման հայտարարություններ Ալիևի կողմից լինում են, ես կարծում եմ, որ պատերազմ սկսողը նախ լուրջ փորձառություն և պատրաստակամություն պետք է ունենա, ուստի սա լոկ հայտարարություն է, ես ոչ մի գործողություն չեմ տեսնում»,-ասաց Վ․ Բաղդասարյանը՝ նկատելով, որ սրանք ընդամենը հայտայարություններ են՝ տպավորություն ստեղծելու միջազգային արենայում։



Հարցին, թե երկու նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք, Բաղդասարյանն ասաց, որ այդ հանդիպման արդյունքում երկու նախագահները հավանաբար բանավոր համաձայնության կգան, որ դադարեցվեն սահմանային լարվածությունն ու կրակոցները, և որ իրենք պատրաստ են խաղաղության, սակայն չի կարծում, թե Ալիևն իր խոսքը կպահի։ Ըստ Վ․ Բաղդասարյանի՝ կարևորն այն է, որ այս հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահի ներկայությամբ։



Մեր հարցին, թե ինչու հենց ՌԴ նախագահի ներկայությամբ, ինչո՞ւ է հաշտեցնող կողմի դեր ստանձնել հենց Ռուսաստանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Հարցն այն է, որ առաջարկությունը եղել է Ռուսաստանի նախագահի կողմից, մերժում չի եղել, դրան կողմ են նաև միջազգային արենայում գտնվող մի շարք այլ երկրներ, բացի այդ, Ռուսաստանի նախագահի համար դա ևս կարևոր է, որովհետև տարածաշրջանում իր դերակատարումը բավականին բարձր է»։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այդուհանդերձ, երկու նախագահների հանդիպումից հետո լարվածության որոշակի մեղմացում ակնկալում է, եթե, իհարկե, այն, ինչ հայտարարի Ալիևը, հետո կարողանա նաև իր խոսքը պահել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ