Նախարարը չգիտի՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներն ինչպես կանդրադառնան ՀՀ-ի վրա

Նախարարը չգիտի՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներն ինչպես կանդրադառնան ՀՀ-ի վրա

Եւրամիությունն ու ԱՄՆ-ն Ուկրաինայում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել: Պատժվողների ցուցակում են հայտնվել Գազպրոմբանկ, ՎԷԲ, Նովատեկ, Ռոսնեֆտ, ՎՏԲ, Ռոսսելխոզբանկ, Մոսկվայի բանկ ընկերությունները, բազում անհատ անձինք: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրեց ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործակցության ռիսկերի մասին, ինչից հետո տնտեսագետները գուժում են Հայաստանի վրա այդ պատժամիջոցների բացասական հետեւանքների մասին, սակայն ՀՀ կառավարությունը նույնիսկ մասնագիտական վերլուծություններ դեռ չի արել:



Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ կառավարության նիստից հետո մի քանի լրագրողի հետ անվրդով խոսելով թեմայի մասին՝ նախ հայտնեց, որ իրենք դեսպանատան կայքում նման հայտարարություն չեն գտել: Իսկ մամուլի հրապարակումների հիման վրա էլ զլացավ կանխատեսումներ անել, թե ինչպես կանդրադառնան դրանք ՀՀ տնտեսության վրա, քանի որ դա մասնագիտական խորը վերլուծության կարիք ունի: Ճշմարիտյանն ընդգծեց. «Մեր տնտեսվարողներն ազատ են իրենց գործունեության մեջ, մենք մեր կողմից սահմանափակումներ չենք մտցնում, իրենք են ընտրում իրենց գործընկերներին՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային պարտավորությունները»: Իսկ ընդհանրապես ճշմարիտյանը «չի մեկնաբանում այլ երկրների սանկցիաները, քանի որ պետք է իմանալ նրանց բնույթը, խորությունը, տեսակները»: Այսինքն, ստացվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ոչ էլ փորձել է խորամուխ լինել պատժամիջոցների հետեւանքների մեջ, առավել եւս, որ ՀՀ-ում գործում են ռուսական բանկեր: Ճշմարիտյանը կարծում է. «Պատժամիջոցները տարբեր են, լինում են խորացված, ժամանակավոր, ինչ ժամկետով են կատարվում, որը որ բանկի նկատմամբ եւ այլն: Շատ մասնագիտական է եւ խորհուրդ կտայի, որ չլինելով մասնագետ՝ չշտապեինք մեկնաբանություններ անել ու խուճապի չմատնվել, քանի որ ցանկացած հարց ունի երկու կողմ»: Իսկ արեւմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն նաեւ ՀՀ-ի վրա, կարող են ազդել ՀՀ-ԵՄ բանակցույթունների վրա, ՀՀ-ն ն վերսկսկի արեւմտյան կողմի հետ բանակցությունները, ճշմարիտյանը հիշեցրեց օրերս Բրյուսելում իրենց հանդիպման մասին. «Եվրամիության հետ մեր վերջին այցելության ժամանակ Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, ընդ որում բոլոր գլխավոր տնօրինությունների հետ, որ մենք շարունակելու ենք խորացնել ու ընդլայնել մեր համագործակցությունը եվրոպական մեր գործընկերների հետ: Իրենք առկա իրավիճակը կքննարկեն ու կառաջարկեն որոշակի ձեւաչափեր, որոնց ընտրությունից հետո հոկտեմբերին նախատեսվում է համագործակցության կոմիտեի նիստ հրավիրել, որը բխում է ԵՄ-ի հետ մեր նախորդ համաձայնագրերից: Այս շրջանակներում մեր աշխատանքները շարունակելու ֆորմատը ընտրելուց հետո մենք կշարունակենք համագործակցությունը»:



Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ Եվրասիական միությունից հետդարձ չկա, տեխնիկական հարցերը լուծված են, հոկտեմբերին կստորագրվի անդամագրման համաձայնագիրը: հիշեցնենք, որ այդ տեխնիկական հարցերը կառավարությունը վաղուց ավարտած էր համարում եւ անականկալի եկավ, երբ հայտարարվեց հետաձգման մասին: Բոլոր օրակարգային բովանդակային հարցերն արդեն քննարկվել են: Գործընկեր-երկրների կողմից նոր առաջարկություններ չկան: Բանակցությունները սովորական հունով են ընթանում: Մենք ասել ենք հոկտեմբերին, նշանակում է կլինի հոկտեմբերին»: Նշենք, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը հավանության արժանացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր մայիսի 29-ին Աստանայում, և այն ներկայացնելու է երկրի նախագահին։



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ