Ռուսաստանը մարտավարական առումով հիշեցնելու է, որ ինքն է տնօրինում եղած լծակները

Ռուսաստանը մարտավարական առումով հիշեցնելու է, որ ինքն է տնօրինում եղած լծակները

Օգոստոսի 9-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունի ոչ քաղաքական էշելոնը, ոչ էլ քաղաքագետներն ու վերլուծաբանները:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության երեկվա նիստում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն օգոստոսի 9-ից հետո էլ չի հանգստանա. «Կարծում եմ՝ Ադրբեջանն օգոստոսի 9-ից հետո էլ չի հանգստանա: Բայց Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»: Քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը սպասվելիք հանդիպման վերաբերյալ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդամենը կլինի լղոզված հայտարարություն:




- Պարոն Զոլյան, օգոստոսի 9-ին Ռուսաստանում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ինչպե՞ս կանդրադառնա շփման գծում լարվածության վրա:




- Կարծում եմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներն ինչ-որ լղոզված բանավոր հայտարարություն են անելու՝ համաձայնության գալով զերծ մնալ հետագա ապակայունացնող քայլերից, ընդամենը: Ռուսաստանն էլ այսօր ի վիճակի չէ իրականացնել իր ռազմավարական նպատակները Հարավային Կովկասում, բայց մարտավարական առումով հիշեցնելու է, որ ինքն է տնօրինում եղած լծակները։ Սակայն բոլոր դեպքերում դա դրական է, քանի որ ինչ-որ ձեւով կանգնեցվելու է այս իրավիճակը, այլ բան չեմ տեսնում, քանի որ փաստաթղթի մասին ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ չեմ տիրապետում ինֆորմացիայի: Իրավիճակի սրումից հետո դեպքերի հետագա զարգացումը դառնում է անկանխատեսելի՝ Ադրբեջանը չկարողացավ հասնել ինչ-որ հաջողությունների, Հայաստանի դեպքում էլ ակնհայտ է դարձել, որ վերջին տարիների քաղաքանությունը բերում է ինքնաոչնչացման, ամրության պաշարը սպառվելու վրա է։ Վտանգներին դիմագրավելու համար անհրաժեշտ են լուրջ քաղաքական այլ մեխանիզմներ, ինչին այսօրվա ռեժիմը բնավ էլ չի պատրաստվում:




- Պարոն Զոլյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց այս շրջանում իրավիճակը սրեց Ադրբեջանը, ի՞նչը դրան նպաստեց:




- Բնականաբար, պաշտպանության նախարարությունն ավելի շատ է տիրապետում տեղեկատվությանը, իրավիճակին: Բայց ռազմական առումով վերջին տարիներին սահմաններում միշտ էլ եղել է լարվածություն՝ Ադրբեջանի կողմից հրահրված, եւ լարվածությունը չէր կարող նույն մակարդակի վրա մնալ. կամ պիտի ավելանար, կամ թուլանար, քանզի քաղաքական գործընթացները ձախողված են եղել, իսկ Հայաստանի վիճակն օր օրի վատանում էր: Տրամաբանական էր, որ լարվածությունն ավելանար: Բոլորը պետք է համախմբվեն, իհարկե… Հիշեք այն հայտարարությունները, որ քանի կա Ղարաբաղի հարցը, պիտի հավերժ մնա Հանրապետական կուսակցության իշխանությունը: Միակ նորույթն այն է, որ Ադրբեջանի պրոպագանդան շատ ավելի ագրեսիվ է դարձել։




- Այս օրերին իշխանությունը ներքաղաքական հակառակորդներին ուղղված համախմբման, միասնության կոչերով է հանդես գալիս, մինչդեռ ընդդիմությունը պատրաստվում էր թեժ հեղափոխական աշնան: Ներքաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա սա ինչպե՞ս կանդրադառնա: Հնարավո՞ր է սպասվող փոփոխություններն արագացվեն, կամ, հակառակը՝ հետաձգվի փոփոխությունների ծրագիրը:




- Նման հարց տալով՝ Դուք դեպքերից առաջ եք ընկնում։ Անձամբ ես չեմ լսել պաշտոնական որեւէ հայտարարություն համախմբման, միավորման մասին: Սեյրան Օհանյանի հայտարարությունները բանակին եւ բանակայիններին են վերաբերում։ Բայց նման քաղաքական հայտարարություն դեռ չի հնչել, այդ գաղափարն արտաբերվում է երրորդական գործակատարների ակնարկների միջոցով:



Որովհետեւ վերին ֆունկցիոներները համոզված չեն, որ նման կոչի դեպքում կստանան ցանկալի արձագանք: Ուստիեւ չեն համարձակվում՝ գիտակցելով, թե ինչ պատասխանի կարժանանան։ Մեր զինվորները հերոսաբար ընկան՝ պաշտպանելով Հայրենիքը, այլ ոչ թե պաշտոնյաների եւ օլիգարխների անդորրը։ Եվ որեւէ մեկը թող հույս չունենա՝ զինվորները կյանքի գնով պիտի շտկեն քաղաքական իրավիճակը եւ չեզոքացնեն եղած հիմնախնդիրները: Վերջին դեպքերն ավելի ցցուն են դարձնում, թե ինչքան է փխրուն Հայաստանի վիճակը, նախ՝ արտագաղթը, կոռուպցիան, ոչ նպատակային ծախսերը, անարդարությունը, որի պատճառով այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բանտում է, Բուդաղյանին գնդակահարած անձն ազատ շրջում է քաղաքում, կան միջոցներ չինովնիկների շքեղ մեքենաների համար, բայց ոչ թե սահմանում դիտարկման սարքերի համար։ Հազար ու մի խնդիր ունենք, դրանց լուծումից է մեծապես կախված ՀՀ անվտանգությունը: Պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կրակահերթերը պիտի ստիպեն մեզ մոռանալ այս հարցերի մասին: Իշխանությունը նախեւառաջ պետք է պատասխան տա վերը նշված մարտահրավերներին եւ ոչ բաժակաճառի ձեւով, այլ քաղաքական գործողությունների: Սակայն արդյոք ի վիճակի՞ են։ Ես կասկածում եմ. այլապես ինչպե՞ս բացատրել մեր արտաքին ու ներքին քաղաքական ձախողումները, որոնք ՀՀ-ն դարձրին այսքան խոցելի եւ մեկուսացված:



 




Գայանե  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
gayane.saribekyan
@hraparak.am