Աղվան Հովսեփյանին քաղցր աչքով են նայում

Աղվան Հովսեփյանին քաղցր աչքով են նայում

Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կրկին գումար տրամադրել ՀՀ քննչական կոմիտեին: «Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին 2014թ. երրորդ եռամսյակում հատկացնել 1 մլրդ դրամ, որից 880 մլն դրամը՝ վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար»: Քննչական կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքի նորոգման համար կառավարությունն այս տարվա մայիսի 22-ի նիստում 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից արդեն հատկացրել էր 27 միլիոն 500 հազար դրամ` այն էլ հրատապ կարգով, եւ այդ պատճառով որոշում եղավ, որ գնումներն իրականացվեն բանակցային եղանակով:



 



Բայց ոչ միայն հրատապ նորոգում տեղի չունեցավ, այլեւ, ինչպես երեւում է, գումարը քչություն է արել, շենքի բակը ներկա պահին շինարարական թափոնով է լցված. դատելով շենքի ներկա վիճակից՝ քննիչները դեռ երկար կսպասեն շենքի վերանորոգմանը: Տպավորություն կա, որ այս կառույցն ընդհանրապես երբեւէ միս ու արյուն չի ստանա, ինչպես եղավ կառավարությանն առընթեր ճարտարապետության կոմիտեի դեպքում: Այս մեկն էլ կարվել էր հատուկ Նարեկ Սարգսյանի հագով: Անցյալ տարվա օգոստոսին Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել էր կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, իսկ կոմիտեին բյուջեից հատկացվել էր մոտ 120 միլիոն դրամ: Ամիսներ շարունակ որեւէ բանով աչքի չընկնող այս կոմիտեի ճակատագիրը վճռվեց, երբ Նարեկ Սարգսյանը համալրեց Հովիկ Աբրահամյանի կաբինետը՝ քաղաքաշինության ղեկավարի կարգավիճակում:



 



Շատ չանցած, կոմիտեն միացվեց նախարարությանը, քանի որ այն Նարեկ Սարգսյանի սեփականությունն էր համարվում: Քննչական կոմիտեի ձեւավորման ոդիսականից գրեթե նույն պատմության հոտն է փչում: Միայն երկու շաբաթ առաջ, երկարուձիգ սպասումներից հետո, Աղվան Հովսեփյանը նշանակվեց կոմիտեի ղեկավար: Մինչդեռ դեռեւս 2013թ. սեպտեմբերի 25-ին էր Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, ի սկզբանե հայտնի էր, որ այս կառույցն ստեղծվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչի համար՝ նրան չնեղացնելու նպատակով, եւ դա է պատճառը, որ ոչինչ չեն խնայում նրա ղեկավարած կառույցի համար: Ճարտարապետության կոմիտեի նմանությամբ՝ նույն դանդաղկոտությամբ է ընթանում կառույցի ձեւավորումը, դեռ հաստատված չեն կոմիտեի կառուցվածքը, հաստիքները, եւ Աղվան Հովսեփյանը «սամ սեբե ռեժիսոր» է: Կոմիտեն այս ամենը ներկայացրել է եւ սպասում է կառավարության հաստատմանը, որը նույնպես կլինի ընթացակարգի սահմանված ժամկետներում. երեկ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, ով Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակն էր նրա՝ գլխավոր դատախազ աշխատելու շրջանում: Ենթադրվում է, որ կոմիտեն սեպտեմբերից բնականոն կաշխատի:



 



Մինչ շենքի վերանորոգումը կոմիտեն ժամանակավորապես կգործի ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում: Քննչական կոմիտեն, հիշեցնենք, ներառելու է ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները: Շրջանառվում են Աղվան Հովսեփյանի տեղակալների անուններ, որոնց թվում են Գագիկ Համբարձումյանի՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի, եւ Անդրանիկ Միրզոյանի՝ ՀՔԾ նախկին պետի անունները: Ի դեպ, ուշագրավ է, որ Աղվան Հովսեփյանին, նշանակվելուց օրեր անց, շտապել է անձամբ այցելել եւ շնորհավորել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:



 



Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Նրա անունը կապված է եղել աղմկահարույց գործերի հետ, Հովսեփյանի անձը գաղտնի նամակագրության մեջ չեն շրջանցել նաեւ ամերիկացի դիվանագետները:




Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]