Մանր ժուլիկություն կամ ՕԵԿ-ը՝ խուճապային վիճակում

Մանր ժուլիկություն կամ ՕԵԿ-ը՝ խուճապային վիճակում

Շաբաթ օրվա համարում մենք մի լուր էինք տպագրել, որտեղ պատմել էինք, թե ինչ է կատարվում ՕԵԿ-ին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունում, եւ գրել էինք, որ կուսակցությունն օրերս հաղթել է Ագրարային համալսարանի հետ ունեցած դատական վեճը: Բնականաբար՝ աղբյուրն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, կոնկրետ այս դեպքում՝ ՕԵԿ անդամ Էդգար Առաքելյանը, որը, ինչպես պարզվեց հետագայում, փորձել էր մեզ եւ ընթերցողին մոլորության մեջ գցել: Պարզվում է՝ օգոստոսի 7-ին դատարանը որոշում է կայացրել, որը խիստ դժվար է մեկնաբանել հօգուտ ՕԵԿ-ի: Թեեւ երեկ եւս այս կուսակցության ներկայացուցիչները հակառակն էին պնդում:




Դեռեւս հուլիսի 21-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել է վերականգնել Ագրարային համալսարանին պատկանող ավտոտեխսպասարկման կայանի՝ ՕԵԿ-ի կողմից ապօրինի կերպով ապամոնտաժված ծածկը՝ չթույլատրելով կատարել որեւէ այլ շինարարական աշխատանք: Չնայած դրան՝ ՕԵԿ-ը շարունակել է Ագրարային համալսարանին պատկանող տարածքում ապօրինի շինարարությունը, որպես կանոն, գիշերային ժամերին, չունենալով ո՛չ շինթույլտվություն եւ ո՛չ էլ քաղաքաշինական նորմատիվային որեւէ փաստաթուղթ: Փաստը երեք անգամ արձանագրվել է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից կազմված ակտերով եւ արձանագրությամբ:



 



ՕԵԿ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարության հետ կապված, համալսարանի ահազանգերին ի պատասխան ժամանած ոստիկաններին, քաղաքապետարանի աշխատակիցներին եւ մյուս պատկան մարմիններին ՕԵԿ-ը փորձել է համոզել, թե շինարարություն է իրականացնում Աբովյան 43/1 հասցեում, այլ ոչ թե Տերյան 74-ում (համալսարանի տարածքում): Այդ իսկ պատճառով համալսարանն ստիպված է եղել կրկին դիմելու դատարան, եւ օգոստոսի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում՝ բավարարելով համալսարանի հայցադիմումը, ու ՕԵԿ-ին պարտավորեցրել է անհապաղ վերականգնել Տերյան 74 եւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող՝ համալսարանին պատկանող շինության տանիքը (որը քանդվել էր ՕԵԿ-ի կողմից), եւ արգելել է կատարել որեւէ այլ շինարարական աշխատանքներ: Անկախ փաստից, ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը երեկ եւս հպարտ-հպարտ փորձում էր մեզ համոզել, որ իրենք հաղթել են, քանի որ համալսարանը չէր ցանկանում, որ իրենք աշխատանքներ իրականացնեն, բայց դատարանը դա թույլատրել է: Իրականում թույլատրել է նախկին տեսքին բերել:



 



Երեկ Ագրարայինից նոր հայտարարություն տարածվեց, որտեղ ասված է. «Հաշվի առնելով ՕԵԿ-ի վերջին 2 ամիսների վարվելակերպը, մենք դիմում ենք պատկան մարմիններին՝ դատարանի որոշումն իրականացնելու եւ ապօրինի շինությունն ապամոնտաժելու, ինչպես նաեւ համալսարանի ղեկավարությանը՝ սեպտեմբեր ամսից սկսած, նոր լաբորատորիայում ուսումնական դասընթաց կազմակերպելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով: Հակառակ պարագայում դա կիրականացնենք մենք՝ աշխատակիցների եւ ուսանողության միջոցով»:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]