Քառյակի հանրահավաքն ուժի մեջ է

Քառյակի հանրահավաքն ուժի մեջ է

Իշխանություններին ոչ իշխանական ուժերի տված վերջնաժամկետը սեպտեմբերի վերջն է: Այդ ընթացքում իշխանությունը պետք է հասցնի կատարել ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջը: Պահանջները ներկայացնելուց երկու ամսից ավելի է անցել: Առայսօր, սակայն, դրանք, ըստ էության, կատարված չեն: Ի՞նչ է անելու քառյակը, եթե իր պահանջները չկատարվեն: Քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը: Արդյո՞ք արդեն ուրվագծվում է գործողությունների այդ ծրագիրը, եւ ուժի մեջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը: «Նոր պայմանավորվածություն չկա, որեւէ մեկը որեւէ բան չի փոխել, ինչ որ մենք ասել ենք մեր նախկին հայտարարությամբ՝ ոչ կետերի, պահանջների եւ ոչ էլ անելիքների առումով»,- հանրահավաքի՝ ուժի մեջ մնալու հարցին պատասխանեց քառյակի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը:



Մինչ օրս պահանջներից քանի՞սն են կատարվել, կամ ի՞նչ ակնկալիքներ կան իշխանություններից։ «Ոչ շատ, քիչ մաս է կատարվել»,- կոնկրետ օրինակներ Մարգարյանը դժվարացավ բերել, փորձեցինք օգնել. «Կուտակայինի հարցում լուծում ստացա՞վ ձեր պահանջը»։ «Ոչ»: «Արագաչափերի, կարմիր գծերի՞», նորից` «ոչ», ապա մեր օգնությամբ հիշեց. «Հա, գիտեք, այդ շահութահարկի վերաբերյալ ինչ-որ բաներ եղան, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ ինչ-որ բաներ ընդունեց կառավարությունը, բայց հիմա ոտքի վրա չեմ կարող ամփոփել»:



 




Պահանջների կատարման ակնկալիքների մասին Մարգարյանն այսպես պատասխանեց. «Եթե չեն կատարի, ապա կտապալվի տվյալ բնագավառում շատ լուրջ բան, ինչ կանենք հետո, կորոշենք»: Մինչ այդ, Մարգարյանը վստահեցրեց՝ նախկին պայմանավորվածությունն ուժի մեջ է, եւ հանրահավաքը լինելու է իշխանության հրաժարականի պահանջով: Ի՞նչը կարող է խափանել քառյակի պայմանավորվածությունը եւ թեժ աշնան ծրագիրը։ «Ես դժվարանում եմ «եթե»-ներով խոսել, որովհետեւ այն, ինչ մենք առաջարկել ենք, ինչի մասին խոսել ենք, որեւէ մեկի քմահաճությունը չէ, դրանք շատ կարեւոր պահանջներ են երկրի, առանձին բնագավառների համար, ընդհուպ երկրի համար ազգային անվտանգության խնդիրները: Հիմա ի՞նչը պիտի հետ պահի, որ ասենք, ազգային անվտանգության խնդիրը կոմպենսացնող մի բան է, ասենք՝ եղավ, ոչինչ, թող վտանգվի»: Մի խոսքով, թեժ աշնան խոստումները կան, եւ դա տալիս է նաեւ քառյակի ամենափխրուն ուժը, մնում է գործողությունների պլանը: Իսկ նման խոստումները ենթադրում են, որ 12 պահանջը չկատարելու դեպքում քառյակը կներկայացնի կառավարության, Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ Ազգային ժողովը ցրելու պահանջ: Ճտերն աշնանը կհաշվենք:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]