Վարչապետի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, ինչի՞ մասին է խոսքը

Վարչապետի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, ինչի՞ մասին է խոսքը

Թեեւ պաշտոնապես դեռ չի հայտարարվել, բայց տեւական ժամանակ է՝ հավաստի խոսակցություններ կան ՔԿՀ վարչության ղեկավարի պաշտոնից Հայկ Հարությունյանի հրաժարականի մասին: Ավելին՝ խոսվում է, որ թեժ մրցակցություն է սկսվել ՔԿՀ վարչության պետի պաշտոնի համար, իսկ թեկնածուների պակաս չի զգացվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյան, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյան, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան: Վերջինը տրտնջաց, թե անհարմար տեղում է, խոսել չի կարող, այնուհետեւ կցկտուր պատասխաններ տվեց այս եւ սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:




- Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ուղղակի որեւէ առաջարկ չի եղել:




- Եթե լինի, կհամաձայնե՞ք, ցանկություն կա՞ պասիվ աշխատանքից վերադառնալ ավելի ակտիվի:




- Ես մի քանի անգամ ասել եմ՝ ղեկավարն ինձ որտեղ նշանակի, այնտեղ էլ կաշխատեմ, այդտեղ համաձայնելու հարց չկա:




- Իսկ հավանակա՞ն եք համարում Ձեր նկատմամբ նման վստահության ցուցաբերումը, այսինքն՝ Ձեր նշանակումը այս կամ այլ պաշտոնի:




- Գիտեք, չկա նման առաջարկ, առայժմ որեւիցե թեմա չկա, դեռ չկա, ես չգիտեմ ոչ մի բան, ես էլ արձակուրդում եմ:




- Իսկ այդ պաշտոնանկությունն ի՞նչ կերպ կբացատրեք, վա՞տ էր աշխատում Հայկ Հարությունյանը, թե՞ քաղաքական այլ դրդապատճառներ կան:




- Ես չեմ կարող պատասխանել, կադրային հարցերով ես չեմ զբաղվում, պատասխանատուներին հարցրեք, եւ, ընդհանրապես, այդ թեմայի մասին չեմ ուզում խոսել:




- Քիչ հավանական եք համարում Ձեր թեկնածությունը, դրա՞ համար, բայց վերջերս շատ է խոսվում, որ Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր հարաբերությունները լավացել են…




- Գիտեք՝ ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, մանավանդ վարչապետի հետ, մենք վաղեմի ընկերներ ենք, ինչի՞ մասին է խոսքը:




- Պարոն Սարգսյան, տեսնելով երկրի անհանգիստ վիճակը, հատկապես անցած շաբաթներին, շատ պաշտոնյաների պես Ձեզ մոտ ցանկություն չառաջացա՞վ կամուֆլյաժ հագնել, գնալ սահմաններ, լինել զինվորների կողքին:




- Ով ուզում է հագնի գնա, ես առաջին անգամ չեմ գնում սահման, պետք եղած ժամանակ… ինչի՞ մասին է խոսքը, պետք է գնամ-մասնակցեմ, որ կարիքս զգան, որ կա, անպայման ես կլինեմ այնտեղ՝ համազգեստը հագած, ամեն ինչով կկանգնեմ զինվորի կողքին, չկասկածեք:




- Սոչիում վերջերս կայացած հանդիպումից հետո լարումը սահմանի վրա կարծես թե թուլացավ, Դուք նախագահի խորհրդականն եք եւ մի քիչ ավելի շատ կիմանաք՝ հնարավո՞ր է, որ լարումը հենց այդ հանդիպումով էր պայմանավորված:




- Ինչու չէ՝ նաեւ դրանով, շատ հնարավոր է, չի բացառվում, կյանքը ցույց է տվել, որ այդպիսի հանդիպումներից առաջ հակառակ կողմը միշտ սրում է իրադրությունը, դա նրանց շահից է բխում, դրանով ինչ-որ քող են ուզում գցեն ամեն ինչի վրա, ծածկեն, թե նպաստավոր պայմաններ ստեղծեն, բայց կարծում եմ, որ մեր կողմից որեւիցե մեկին նման պահվածքը չի ահաբեկում, նորմալ է՝ սառն ենք վերաբերվում դրան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի:




Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]