Ծառուկյանն ուզում է նախագա՞հ դառնալ

Ծառուկյանն ուզում է նախագա՞հ դառնալ

Հրաշալի քառյակում նոր խմորումներ են, արդեն իսկ հետին պլան են մղվել 12 կետանոց պահանջագրին հետամուտ լինելու քայլերը, եւ քառյակի որոշ ուժեր օրախնդիր են համարում իշխանությունների նախագծած սահմանադրական բարեփոխումների տապալման հարցը: Այս մոտեցումը պաշտպանում են ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:



Նրանք հայտարարում են, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ դա արվում է իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը դեռ չի հրապարակվել, ամենայն հավանականությամբ՝ կլինի հոկտեմբերին, այնուամենայնիվ, նախնական հայեցակարգում առաջարկվող կառավարման մոդելների թվում խորհրդարանական համակարգն է, որի դեմ է եռյակը: Առաջարկվում է նաեւ կիսանախագահական տարբերակը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» դեռ անցած տարի՝ 2013 թ., ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էին առաջարկում մտցնել մի նախագիծ՝ պահանջելով 2 տարվա ընթացքում փոխել երկրում կառավարման համակարգը եւ հանրաքվեի դնել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը: Այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցնում էր, որ դա իրենց կուսակցության «ծրագրային հիմնադրույթներից» է: Ավելին՝ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի եղել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի պահանջներից մեկը, որը հստակեցվել է կուսակցության խորհրդի նիստում: Որոշ ժամանակ առաջ ԲՀԿ-ն էլ իր հերթին շահագրգիռ ուժերի հետ խորհրդակցություններ անցկացրեց: Մինչդեռ այժմ ԲՀԿ-ականներն իրենց բոլոր հարցազրույցներում, անկախ թեմատիկայից, խոսքը բերում-հասցնում են այս թեմային եւ իշխանություններին սպառնում բողոքի ակցիաներով:




Երեկ ԲՀԿ-ն հանդիպում էր նախաձեռնել ՀՅԴ-ի հետ, այսպես ասած՝ հաշիվ պահանջելու համար: Վերջինը չի հրաժարվում իր նախկին դիրքորոշումից եւ այսօր էլ կողմ է խորհրդարանական մոդելին եւ, ըստ լրատվության արտահոսքի, ԲՀԿ-ամերձ շրջանակների համար ընկալվում է իբրեւ իշխանությանը «պադդերժկա» անող ուժ: Հանդիպումը կեսօրին էր, ԲՀԿ-ից մասնակցում էին Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Նրանց իրենց խմբակցությունում ընդունել էին Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունից պարզ դարձավ, որ նրանց «կոտրել» չի հաջողվել, ավելին՝ Ռուստամյանի խոսքում անթաքույց վրդովմունք էր նկատվում իրենց երբեմնի դաշնակիցների նկատմամբ, ում նաեւ անլրջության մեջ մեղադրեց. «Ես զարմանում եմ՝ իրե՞նք չէին նախկինում պաշտպանում խորհրդարանական մոդելը, նաեւ անհասկանալի է՝ ինչի՞ն են դեմ նրանք, եթե հայեցակարգ չկա, պետք է դեմ լինել մի բանի, որը քո մոտեցումներին դեմ է, բայց հայեցակարգը դեռ չկա: Շատ անտրամաբանական է, եթե դու առաջարկում ես, որ մի բան փոխվի, առաջարկն ընդունվում է, հանկարծ վերջին պահին ասում ես՝ չէ, վայ, ոնց որ ես դեմ եմ իմ առաջարկին: Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չի կարող լինել»: Իսկ ի՞նչ երաշխիք, որ փոփոխված սահմանադրությամբ ՀՀԿ-ն չի օգտագործի իր ադմինիստրատիվ ռեսուրսները եւ կրկին չի նվաճի իշխանությունը։ «Տեսեք, մի մասը համարում է, որ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, որովհետեւ սահմանադրությունը ոչինչ չի որոշում, որը, ես կարծում եմ, քաղաքագիտական առումով անգրագիտություն է, որովհետեւ այդ պարագայում շատ երկրներ սահմանադրություններ չպետք է ունենային: Այսինքն՝ թերագնահատել սահմանադրության եւ օրենսդրական դաշտի նշանակությունը՝ քաղաքական գործընթացներում եւ իրավիճակային խնդիրները լուծելու առումով, չեմ կարծում, որ խոսում է քաղաքական ուժի լրջության մասին: Այլ բան է, որ մյուսներն ասում են՝ հա, անհրաժեշտությունը կա, բայց եկեք հիմա չանենք, ինչո՞ւ, որովհետեւ դու էդ աթոռն էս ուզում (նկատի ունի նախագահի` Լ. Շ.), այսինքն՝ աթոռակռիվ է դառնում»,- փակագծերը բացեց ՀՅԴ-ականը: Երեկ այլ ուժերի լսել չհաջողվեց, չպատասխանեցին, ԱԺ-ում էլ չէին, իսկ ԲՀԿ-ակաները, հանդիպումից հետո «բերանները ջուր առած», հեռացան:




ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ




Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերլուծեց քաղաքական ուժերի նախկին տեսակետների մուտացիայի պատճառները։ «2013թ. Ծառուկյանը չառաջադրվեց, չնայած նման մտադրություն ուներ եւ սկզբում չէր թաքցնում, բայց ժամերի ընթացքում փոխեց առաջադրվելու մտադրությունը՝ հասկանալիորեն ոչ թե հոժարակամ, այլ ենթարկվելով վերեւների՝ «նախագահ ջանի» ընկերական պահանջին, այսօր, հավանաբար, նրանք համարում են, որ հենց Ծառուկյանը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը, դրա համար էլ կտրուկ արտահայտվում են սահմանադրական փոփոխությունների դեմ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաեւ ՀՀԿ-ի շահագրգռվածությունը խորհրդարանական մոդելին անցում կատարելու հարցում. «ՀՀԿ-ն այժմ չունի իրական իրավահաջորդներ, Սերժ Սարգսյանին փոխարինող լիդեր չկա, դրա համար էլ փորձում են հավերժացնել նրա իշխանությունն ԱԺ նախագահի պաշտոնում»:
«Ժառանգության» կերպարանափոխումը նույնպես հասկանալի է, կուսակցության ղեկավարը նախագահական վերջին ընտրություններին, որոշ գնահատականներով, հաղթել էր, բայց երկրորդ տեղը բաժին տվեցին, ու հիմա նա էլ, Հովհաննիսյանի խոսքով, ցանկություն ունի կրկին փորձելու, բայց արդեն առաջին տեղի համար: ՀԱԿ-ի պարագայում էլ իրենք համարում են, որ այս պետության եւ Սահմանադրության հիմնադիրներն են, ու պնդում են, որ Սահմանադրությունը ենթակա չէ փոփոխությունների: Հովհաննիսյանի գնահատմամբ, ՀՅԴ-ն «իներցիոն» քաղաքական ուժ է եւ դժվար է հրաժարվում կամ չի հրաժարվում իր նախկին մոտեցումներից. «Դա նաեւ խորը արմատներ ունի՝ առաջին հանրապետությունում խորհրդարանական համակարգն էր գործում»:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]