ԲՀԿ-ն ասում է՝ թող այդ բարեփոխումները լինեն, բայց կիրառվեն 2018 թվականից հետո

ԲՀԿ-ն ասում է՝ թող այդ բարեփոխումները լինեն, բայց կիրառվեն 2018 թվականից հետո

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումների վերաբերյալ զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ, ով Գագիկ Ծառուկյանին կից խորհրդի անդամ է եւ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ մասնակցել է այդ հիմնավորումների մասին քննարկմանը:




- Պարոն Մելքումյան, կհիմնավորե՞ք, թե ԲՀԿ-ն ինչու է դեմ սահմանադրական բարեփոխումներին, ձեր կուսակիցների կողմից կոնկրետ պատճառներից միայն այն է ներկայացվում, որ իբր այդ բարեփոխումները իշխանության վերարտադրության խնդիր են լուծում:




- Ոչ, ոչ, մենք շատ հիմնավոր ներկայացրել ենք: Նախեւառաջ, կա երկու խնդիր, առաջինը կոնցեպտուալ խնդիր է, թե երբ պետք է լինեն այդ բարեփոխումները, երբ կիրառվեն։ Այո, Դուք իրավացի եք, մենք դեմ ենք նրան, որ ցանկացած բարեփոխում տանի իշխանության վերարտադրմանը, բայց խնդիրը նաեւ վերարտադրման մեջ չէ, այլ նրա, որ մենք այս փուլում համարում ենք, որ կան ավելի լուրջ մարտահրավերներ, եւ եթե մենք շեշտադրումն անում ենք սահմանադրական բարեփոխումների վրա, բայց մոռանում եւ շեշտադրում չենք անում տնտեսական, սոցիալական բարեփոխումների վրա, որը կլավացնի երկրի վիճակը:




- Բայց դրանք մեկը մյուսին չեն խանգարում, թող տնտեսական բարեփոխումներին զուգահեռ նաեւ սահմանադրական լինի:




- Սահմանադրական բարեփոխությունների էֆեկտը շատ ցածր կլինի, մենք պետք է լուրջ մտածենք այս երկրի տնտեսության զարգացման, արտագաղթի եւ մյուս խնդիրների մասին, շատ կարեւոր աշխատավարձի, այլ ոչ թե միայն կարեւորենք այդ բարեփոխումները: Թեպետ մենք ասում ենք՝ այո, թող այդ բարեփոխումները լինեն, բայց կիրառվեն 2018 թվականից հետո:




- Փաստորեն, ընդհանուր առմամբ դեմ չեք, պարզապես ժամկետներին եք դեմ, հաջորդ ընտրություններից հետո եք ուզում, որ կիրառվի, այսինքն՝ խորհրդարանական համակարգին անցում կատարելո՞ւն եք հիմնականում դեմ:




- Խնդիրներ կան, որոնք այդպես պարզ պետք չի մեկնաբանել: Նախեւառաջ, մենք շատ վաղուց ասել ենք, որ դեմ չենք խորհրդարանական կառավարման մոդելին: Ինչ վերաբերում է 100 տոկոս համամասնականին, էլի մենք կողմ ենք, բայց դա հարց չի լուծում: Այսինքն՝ մենք ասում էինք, որ այդ ընտրակարգը կուժեղացնի կուսակցությունների դերը, մեծամասնականների արատավոր պրակտիկան կվերանա, այսինքն՝ մի քանի բաներ պետք է տարանջատել: Բայց երբ այդ բարեփոխումներն իրատեսական պատկերացում չեն տալիս, թե պետության կառավարման մոդելը, կառուցվածքային մոդելը լուծվո՞ւմ է այս փուլին համահունչ: Այսինքն՝ մենք ասում ենք, որ այս փուլում ունենք տնտեսության, պաշտպանության խնդիր, բայց չէ՞ որ մենք ասում ենք, որ ազգային անվտանգության երաշխավորը նախագահն է, հիմա մենք հրաժարվում ենք էդ ինստիտուտից, ո՞վ է անելու դա, այնպիսի խնդիրներ կան, որ մենք ասում ենք՝ պահը չի, հաջորդ պահին պետք է լինի: Դու խաղի կանոններ ես փոխում, որին ոչ կուսակցությունները, ոչ կառույցները պատրաստ չեն գնալու:




- Բայց, ախր, մեկ տարի առաջ էիք դուք հրատապ համարում խորհրդարանական մոդելին անցում կատարելու հարցը, հայտարարում, թե օր առաջ պետք է անցնել դրան:




- Չէ, մենք նման բան չենք ասել, ասել ենք, որ փուլեր կան, եւ այդ փուլերով պետք է հասնել դրան:




- Կարծիք կա, որ ձեր կուսակցության ղեկավարը պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, դրա համար եք դեմ:




- Չէ, դրա համար չէ, եկեք ժամանակից առաջ չընկնենք, բայց չկա մի կուսակցություն, որ իր ռեսուրսն ապահով է, վարկանիշը համապատասխանում է՝ չուզենա մասնակցի, բայց, էլի եմ ասում՝ եկեք առաջ չընկնենք:




- Ի՞նչ գիտեք՝ ի՞նչ են առաջարկում, ի վերջո, Սահմանադրության հայեցակարգի վերջնական տարբերակը հրապարակվելո՞ւ է հոկտեմբերին:




- Մենք ասում ենք՝ երկրի վիճակն էնքան ծայրահեղ ծանր է, որ հիմնական քննարկման առարկան սոցիալական-տնտեսական լուրջ հարցերը պետք է լինեն, այսինքն՝ տնտեսությունն ուժեղացնելու գործիքը ոչ թե կառավարման մոդելի փոփոխությունն է, այլ՝ տնտեսական:




- Մինչդեռ ԲՀԿ-ՀՅԴ երեկվա հանդիպումից հետո հասկանալի դարձավ, որ խնդիրը գլխավորապես կառավարման մոդելն է, այն, ըստ ձեր կուսակիցների, ապահովելու է իշխանության վերարտադրությունը: Ներեցեք, իսկ ձեր կուսակիցներն ընդհանրապես դե՞մ են, որ իշխանությունը վերարտադրվի: Չէ որ դուք ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականն եք պահանջում, ոչ նախորդ ընտրություններին փորձեցիք խոչընդոտել այդ վերարտադրութունը:




- ԲՀԿ-ն ընդհանրապես կողմ է ազատ, արդար մրցակցային պայքարին, եւ որպեսզի պայքարը լինի, պետք է միջավայր լինի, այսինքն՝ մենք ոչ թե գանք-հասնենք ընտրությանը, ասեին՝ վայ, ինչի՞ դուք ուրիշ բան էիք սպասում, հիմա մենք պետք է դնենք հիմքերն այն միջավայրը ստեղծելու, որն ազատ, արդար պայքարի միջավայր կձեւավորի: Իսկ դրա համար երկիրը պետք է վերակենդանանա, մարդիկ ավելի ազատություններ ստանան, մարդը կախված չլինի ընտրակաշառքից, այսինքն՝ դրական, պոզիտիվ միջավայր ստեղծենք, նոր այդ ընտրությունները լինեն:




- Այդ դեպքում մասնակցեիք սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, առաջարկներ ներկայացնեիք, մայր օրենքով ամրագրեիք ինչ-որ բաներ:




- Մենք ունենք սկզբունքային որոշումներ, եթե դրանք չեն ընդունվում, մասնակցությունն անիմաստ է դառնում:




- Լավ, դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ միջավայրը, ինչպե՞ս պիտի ձեւավորեք:




- Որպեսզի կուսակցություններն ուժեղանան, հասարակությունն ավելի ազատ լինի, բիզնեսը կախված չլինի ինչ-որ բաներից:




- Բայց ինչպե՞ս, ոչ ճնշումներ եք գործադրում, ոչ դիմադրություն ցույց տալիս, նորից պիտի ասեմ՝ չմասնակցեցիք նախագահական ընտրություններին, այսինքն, ո՞նց պիտի պարտադրեք:




- Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել, այդ թվում՝ ուժերը, դրա համար ենք ասում, որ պետք է լինի հանրային լայն կոնսոլիդացիա, որը ոչ թե տանի առճակատումների ճանապարհով, իշխանափոխության, բարիկադներ կառուցելով, այլ բնական, բարի կամքով լինի իշխանության ազատ մրցակցային փոփոխություն: Որպեսզի մեծ կոնսոլիդացիա լինի, ԲՀԿ-ն աշխատում է, աշխատում ենք, որ քառյակը, օրինակ, ուժեղանա, որ տարբեր հանրային հասարակական ուժերի հետ համագործակցենք, եւ ինքը՝ կյանքը, հասունանա ու գա, ճիշտ տեղում լուծումներ տրվի, այսինքն՝ ազատ, արդար ընտրություններով ժողովուրդը ձեւավորի իշխանություն:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]