Սերժ Սարգսյանի զգացած վտանգի ու ՀՀԿ-ի «դասալիքների» մասին

Սերժ Սարգսյանի զգացած վտանգի ու ՀՀԿ-ի «դասալիքների» մասին

Սպասվածի պես ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն էլ ՀՀԿ-ում «դասալիքների» պակաս չզգացվեց: Դեռ երկու օր առաջ ՀՀԿ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում բաց տեքստով հրամայել էր, որ բոլորը մեկ մարդու պես ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ-ն խրամատ է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողներն «ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»:



Բայց սեւին սապոնն ի՞նչ կանի՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից կես ժամ էլ չէր անցել, երբ դահլիճի ՀՀԿ հատվածն այլեւս տեղում չէր: «Խրամատն» առաջինը լքեցին իսկական մարտիկները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը՝ հետեւներից քարշ տալով իրենց զորքը՝ Շմայս, Նավո, Թոխմախի Մհեր, Բուռնաշ եւ այլք, իսկ Սերժ Սարգսյանի հավատարիմ զինվոր Լֆիկ Սամոն ընդհանրապես չէր էլ մտել «խրամատ»:
«Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորն ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի». Սերժ Սարգսյանի այս խոսքերը ոչ մեկն իր վրա չէր վերցրել, ավելին՝ երբ լրագրողները նրանց հիշեցնում էին, վերջիններն իրենց լկտի էին պահում։ «Դավայ, յան տվեք սաղդ ստուց»,- գոռում էր Շմայսն ու արդարանում, թե սենյակում է աշխատանքը շարունակելու: Նովոն նույնպես ամոթանք տվեց լրագրողներին։ «Ամոթ ձեզ, բա ես փախչո՞ղ եմ»,- ասաց ու լքեց խորհրդարանը, իսկ գեներալ Մանվելն ընդհանրապես դարակազմիկ արտահայտություն արեց. «Այ տղա, լքող ըլնի, հետեւին ձեռք կտամ»։




Իսկ ի՞նչ է սպասվում հրամանատարի հրամանը չկատարող դասալիքների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չաղավաղել Սերժ Սարգսյանի խոսքը. «Նա ասել է, որ խորհրդարան գալուց իրենց աշխատանքները պատշաճ կատարեն: Ի՞նչ է նշանակում դասալիք, ազատ ռեժիմ է, եւ նրանք բոլորն իրենց աշխատասենյակում կամ ֆրակցիայում են»: Սերժ Սարգսյանի հորդորը, Բաղդասարյանի կարծիքով, ընդհանրապես բոլորին է վերաբերում, ոչ միայն ՀՀԿ-ականներին:



 



Նախկինում բացակայություններ էին լինում, որոնց հարգելիության համար տարբեր կեղծ պատճառաբանություններ էին ներկայացնում, հիմա, Բաղդասարյանի մեկնաբանությամբ, Սերժ Սարգսյանն ասում է, որ չի հանդուրժելու այդ մեկ-երկու բացակայությունն էլ. «Եթե մարդը վերցրել է մանդատը, ժողովուրդը վստահել է այդ մարդուն, ուրեմն դա նրա հիմնական աշխատանքն է, եւ պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվի այդ աշխատանքին»: Իսկ ի՞նչ է սպասվում սիստեմատիկաբար բացակայող պատգամավորներին, մասնավորապես, օրինակ, Գագիկ Ծառուկյանին՝ հարցրինք մենք:



«Դե, ԲՀԿ ղեկավարը, մյուսները, ովքեր գտնում են, որ իրենք այստեղ անելիքներ չունեն, պետք է այլ պատգամավորներ գործուղեն իրենց փոխարեն: ՀՀԿ-ում, ես վստահեցնում եմ, այժմ այն հոգեբանությունն ունեն՝ եթե զգան, որ անելիք չունեն, կարելի է իրենց նախասիրություններին ավելի մոտ աշխատանք առաջարկվի, եւ այն մարդը գա ԱԺ, որը ճիշտ է հասկանում եւ տալիս է օրենսդիր մարմնի գնահատականը: Ինձ թվում է՝ իրենք պետք է գիտակցեն, եթե ոչ, գուցե պետք է խոսել նրանց հետ»: Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ, թե Սերժ Սարգսյանի հորդորը թեժ աշնան եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի վախով է պայմանավորված, որով նա «երկու խաղ խաղացող» ՀՀԿ-ականներին զգուշացնում է, որ չփորձեն տապալել իշխանության նախագծերը. «Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է նորմալ կատարել իրենց աշխատանքը, վատ բա՞ն ենք ասում»: Իսկ Սերժ Սարգսյանի հորդորը բուռն աշխուժություն էր առաջացրել ոչ իշխանական հատվածում, նրանք հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը զգացել է թեժ աշնան հոտը եւ ընդդիմության ուժը:




ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը, հավանաբար զգալով, որ երկրում վիճակն անհույս է, կոչ է անում «դիմադրել» ընդդիմադիրներին. «Չեմ կարծում, որ այդքան հնարավորություններ կունենան, այնպես որ, խրամատն իրենք են փորել, բայց խրամատներում չկան»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատում է, որ բոլորը, այդ թվում ՀՀԿ ղեկավարը, լավ են հասկանում, որ կա «փխրուն մեծամասնություն». «Տեսնում եք, որ նրանք ինչպես են կարողանում քվեարկությունները տապալել, իսկ ընդդիմությունը լավագույնս օգտագործել է սա, եւ պետք է այնպես անել, որ այդ հնարավորությունը չտալ: Եթե հիշում եք՝ մարդկանց ինքնաթիռներից հետ բերեցին, որ քվեարկությունը չտապալվի: Եվ, այո, մենք ստիպում ենք, որ մեծամասնությունն աշխատի»: Արամ Մանուկյանի խոսքով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորներին կոչ է անում ակտիվ մասնակցել ԱԺ աշխատանքներին, քանի որ վտանգ է զգում քվորումի առումով: Նա արձանագրեց, որ այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ իշխող բլոկ գոյություն չունի, իշխող խմբակցությունը մեկն է: Նրա խոսքով՝ 24 տարվա ընթացքում նման նախադեպ դեռ չէր եղել: «Այսինքն՝ ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր ունի: Այսինքն՝ պարտավոր է մտահոգվել եւ զգալ այն վտանգը, որը ոչ իշխանական ուժերը ներկայացնում են»:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]