Իմպլիկատիվ իշխանափոխություն

Իմպլիկատիվ իշխանափոխություն

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ինքն էլ է զարմացած, թե ինչով են պայմանավորված իր հրաժարականի մասին լուրերը: «Երեւի դուք մեկնաբանեք, թե ինչով են պայմանավորված այն լուրերը, որ իմ շուրջ անընդհատ շրջանառվում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ իրեն առանձնապես այդ լուրերը չեն անհանգստացնում, ուղղակի իրեն հետաքրքիր է դրանց ծագումը: Իր հրաժարականի մասին հարցերից հետո նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական վերջին իրադարձություններին եւ եռյակի հանրահավաքներին: Ըստ Հարությունյանի՝ իշխանափոխությունը տրամաբանության վրա է հիմնված, բայց ոչ քաղաքական: Թեպետ նրա պատասխաններից զգացվում էր, որ կարծես թե առաջնորդվում է թվային հաշվարկներով ու մաթեմատիկական տրամաբանությամբ, մասնավորապես՝ իմպլիկատիվ մեթոդով: Նա վստահեցրեց, որ կառավարությունը միշտ պատրաստ է քաղաքական ուժերի հետ աշխատել, եւ ԱԺ-ում էլ աշխատում են, բայց կոնկրետ եռյակի դեպքում համագործակցության ցանկությունը պետք է լինի երկկողմանի, ինչն այս պահին չկա: Մեր հարցին՝ եթե ճնշումը մեծ լինի, ինքը պատրա՞ստ է իշխանափոխության, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ոչ, ես պատրաստ չեմ իշխանափոխության, որովհետեւ ես համարում եմ, որ... ի՞նչ ճնշման մասին է խոսքը»:



- Իշխանափոխության պահանջից բխող ճնշումը՝ ժողովրդի կողմից, որին միացել է նաեւ Գագիկ Ծառուկյանը:



- Ես դեռեւս չեմ տեսել որեւէ մի քաղաքական գործիչ, որ մեկ այլ քաղաքական գործչի պահանջի կամ, ենթադրենք, հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ:



- Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այն, որ կառավարության ղեկավարի խնամին կարող է իշխանափոխություն անել՝ ըստ էության գահընկեց անելով նաեւ իր իսկ խնամուն: Դրա տրամաբանությունը տեսնո՞ւմ եք:



- Տրամաբանությունը նախեւառաջ Դուք պետք է տեսնեք, որովհետեւ էդպիսի բան...



- Իմ տրամաբանության մեջ այնքան էլ չի տեղավորվում դա, դրա համար Ձեզ եմ հարցնում:



- Եթե Ձեզ մոտ չի տեղավորվում, ինձ մի՛ հարցրեք:



- Իսկ հնարավո՞ր է, որ Գ. Ծառուկյանն ու ժողովուրդն արտահերթ ընտրություններ պարտադրեն:



- Հայաստանում իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ որեւէ մեկը որեւէ մեկին չի կարող պարտադրել… ժողովուրդ ասելով՝ քանի՞ հոգու նկատի ունենք: Թիվ ասեք, խնդրում եմ, թիվ, քանի՞ հոգի են:



- Բազմամարդ հանրահավաք է եղել, պաշտոնական տվյալներով՝ մոտ 16 հազար մարդ է մասնակցել:



-Ես խնդրում եմ՝ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք, թե քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունը այդ ընտրություններում։




-Եթե այդ թվին էլ գումարենք ԲՀԿ-ի՝ այն մոտ 500 հազարանոց էլեկտորատը․․․




-Կդառնա 516 հազար․․․ Հերթով գումարեք և նայեք թվերը։ Այ երբ բոլոր անձանց կապահովեք, որ նրանք լինեն հրապարակում և բոլորը միասին պահանջեն իշխանափոխություն, և հետո Դուք ինձ համոզեք, որ այդ թիվը ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որ ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին։




-Այսինքն՝ ուղղակի չոր մաթեմատիկական հաշվարկների վրա՞ է հիմնված իշխանափոխության հարցը։




-Ոչ, տրամաբանության վրա է հիմնված։




-Մաթեմատիկակա՞ն տրամաբանության։




-Ոչ, քաղաքական։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ